National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
11.04.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
11.04.2018
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 6

ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 11-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ 95 կողմ ձայնով ընդունել նախորդ օրը քննարկված «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Խորհրդարանը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Ֆելիքս Ցոլակյանի, Հակոբ Բեգլարյանի, Կարինե Աճեմյանի, Ալիկ Սարգսյանի, Մուրադ Մուրադյանի եւ Ռուզաննա Մուրադյանի հեղինակած «ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2016 թվականի ԱԺՈ-267 –ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանի տեղեկացմամբ՝ խորհրդարանական լսումներ հրավիրելու իրավունք կունենա ՀՀ ԱԺ նախագահը, առաջարկելու՝ ՀՀ ԱԺ խմբակցությունը: Նախատեսվում է լսումներ հրավիրելու մասին որոշումը տեղադրել ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում, իսկ լսումների վերաբերյալ տեղեկատվությունը դրանց անցկացման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ տրամադրել զանգվածային լրատվության միջոցներին:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի դրական եզրակացությունը ներկայացրել է Շուշան Սարդարյանը:

Ելույթներ են ունեցել եւ առաջարկներ ներկայացրել ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Հակոբ Հակոբյանը, Արտակ Զեյնալյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Ներկայացնելով ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը դրական է գնահատել օրենսդրական նախաձեռնությունը, կարեւորել առաջարկվող փոփոխությունը:

Եզրափակիչ ելույթում Կարինե Աճեմյանն առաջարկել է նախագիծը քվեարկության դնել ներկայացված տարբերակով. դրա նպատակն է վերացնել ԱԺ կանոնակարգ օրենքի եւ ԱԺ աշխատակարգի միջեւ եղած հակասությունները:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Օրենսդրորեն սահմանվում են սահմանափակման ենթակա օբյեկտները՝ կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ, բաղնիք, շոգեբաղնիք, սաունա: Նախաձեռնության ընդունման դեպքում այս հաստատությունների տեղակայումը չի թույլատրվի բազմաբնակարան շենքերի բնակելի կամ ոչ բնակելի տարածքներում, կրթական, պատմամշակութային հաստատությունների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում: Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվությունը տրամադրելու է համայնքի ղեկավարը, իսկ Երեւանում՝ Երեւանի քաղաքապետը: Այս օբյեկտների տեղակայման հեռավորության թույլտվությունը տրամադրելու է համայնքի ավագանին: Նշված գործունեությամբ զբաղվելու համար կսահմանվեն պետական տուրքեր:

Տուգանքներ են սահմանվում հանրության անդորրը խախտելու համար: Առաջարկվում է բարձրացնել լռության ժամերի խախտման համար սահմանված տուգանքը: Լռության ժամերը կարող են լինել ժամը 22:00-ից մինչեւ 07: 00-ն, 23:00-ից մինչեւ 07:00-ն, 24:00-ից մինչեւ 07:00-ն: Տուգանքն այժմ 40.000 դրամ է, այն առաջարկվում է դարձնել սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ից 300-ապատիկ, կրկնվելու դեպքում՝ 1 մլն դրամ:

Օբյեկտը տեղափոխելու համար տնտեսվարող սուբյեկտներին կտրվի մեկ տարի:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը՝ հանրության համար դրական գնահատելով առաջարկվող փոփոխությունները: Նա տեղեկացրել է, որ ներկայացրել է 9 առաջարկ, որից առայժմ չի ընդունվել մեկը:

Ելույթներ են ունեցել պատգամավորները

Հայկ Բաբուխանյանի կարծիքով՝ նախաձեռնությունը բխում է հանրության շահերից, սակայն, ըստ նրա, հեստապարային ակումբները պետք է լինեն բնակավայրերից հեռու: Նա առաջարկել է սահմանափակման ենթակա օբյեկտների ցանկում ավելացնել շուրջօրյա առեւտրի կետերը, որոնք գործում են բազմաբնակարան շենքերի տարածքներում:

Արտակ Զեյնալյանն անդրադարձել է սահմանափակումների հակասահմանադրականությանը, անձանց իրավունքների պաշտպանության խնդրին: Ելույթ է ունեցել նաեւ Արարատ Միրզոյանը:

Արաիկ Հովհաննիսյանի գնահատմամբ՝ պետք է խուսափել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունն այս կամ այն օրենքով սահմանափակելուց, քանի որ նրանց գործառույթները սահմանված են օրենքով եւ Սահմանադրությամբ:

Արմենուհի Կյուրեղյանն առաջարկել է տուգանքների նշանակման շարքը սահմանափակել. մի քանի անգամ տուգանվելուց հետո այդ հաստատության գործունեությունը դադարեցնելու պահանջ դնել:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողն անդրադարձել է պատգամավորների առաջարկներին:

«Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Նշվել է, որ համաձայնագիրը դեռեւս 2013 թվականի հունիսին վավերացված վարկային փոխառության տրամաբանական լրացումն է: Այդ վարկային ծրագրով նախատեսված էր 30 մլն ԱՄՆ դոլարի վարկ, եւս 7.5 մլն դոլարի համաֆինանսավորում, որով Գեղարդալիճ, Մեղրի, Բաղրամյան-Նորակերտ եւ Քաղցրաշեն տարածքներում նախատեսված էր մեխանիկական ոռոգման փոխարինում ինքնահոս համակարգով: Զեկուցողը տեղեկացրել է, որ պլանավորված աշխատանքներն իրականացվում են, տնտեսվել է գումար, 575 մլն դոլարն ուղղվել է Մեղրիի տարածաշրջանում մեկ այլ ոռոգման համակարգի վերականգնման, որի արդյունքում կտնտեսվի տարեկան 68 մլն դրամ: Արսեն Հարությունյանը նշել է, որ առաջարկվող ծրագիրն առաջիկա 4 տարիների ընթացքում հնարավորություն է տալիս ոռոգելի 573 հեկտարն ապահովել ջրով, կաթիլային համակարգերի տեղադրման արդյունքում 11-14 տոկոսով բարձրացնել բերքատվությունը, տարեկան տնտեսել շուրջ 5 մլն խորանարդ մետր ջուր: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը 2 մլն ԱՄՆ դոլար լրացուցիչ ֆինանսվարման առաջարկով դիմել է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկին:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է, որ համաձայնագրի վավերացումը հնարավորություն կընձեռի խնայել ջուրը եւ ունենալ ինտենսիվ գյուղատնտեսություն՝ ներքին եւ արտաքին շուկաներում ապահովելով բարձր մրցունակություն:

Հիմնական եւ հարակից զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են գյուղացիական տնտեսությունների համար ոռոգման ջրի վարձերի սուբսիդավորմանը, Ելփին գյուղի ջրամատակարարման խնդրին, հատկացվող գումարների նպատակային օգտագործմանը եւ այլ խնդիրների:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ընդգծել է, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը դեմ չէ փոխառություններին, դեմ է այդ գումարները ոչ արդյունավետ օգտագործելուն: ԱԺ փոխնախագահին հետաքրքրել է, թե այս տարիների ընթացքում ոռոգման համակարգերի արդիականացման վրա որքան վարկային միջոցներ են ծախսվել: Նա առաջարկել է գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրի վարձի հարցում զիջումների գնալ:

Նաիրա Զոհրաբյանը եւ Վահե Էնֆիաջյանն անդրադարձել են վարկային միջոցների արդյունավետ օգտագործմանը՝ նշելով, որ դրանք հաճախ ծախսվել են ոչ արդյունավետ:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Հակոբ Հակոբյանը: Չվիճարկելով վարկային ռեսուրսների արդյունավետ օգտագործման կարեւորությունը՝ խմբակցության ներկայացուցիչն անդրադարձել է ոռոգման համակարգերի արդիականացման ու ներդրման ոլորտում առկա խնդիրներին՝ հավելելով, որ ոռոգվող ջրանցքների մոտավորապես 25 տոկոսը դեռեւս հողային վիճակում են: Խոսելով վարկային միջոցներն անհիմն ծախսելու վերաբերյալ գործընկերների տեսակետների մասին՝ նա հորդորել է նման միտք արտահայտելուց առաջ հստակ իմանալ ոռոգման համակարգի առանձնահատկությունները:

Եզրափակիչ ելույթում Գագիկ Մինասյանը համոզմունք է հայտնել, որ ծրագիրն արդյունավետ է, արդյունքները երկար սպասեցնել չեն տա:

Ամփոփիչ խոսքում Արսեն Հարությունյանը, անդրադառնալով պատգամավորների մտահոգություններին, ընդգծել է, որ համակարգը քայքայված է, եւ ընթացիկ նորոգումների ու վերականգնման համար եւս բավական միջոցներ են պահանջվում:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Աղվան Վարդանյանի, Արսեն Միխայլովի, Մարինա Մարգարյանի, Մարգարիտ Եսայանի եւ Ջեմմա Բաղդասարյանի հեղինակած «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել Հակոբ Հակոբյանը: Առաջարկվում է դեղագործական դեղատուն ունեցող հիվանդանոցներին առանց մեծածախ լիցենզիա ունեցող գնորդին դիմելու ՀՀ դեղ ներմուծելու հնարավորություն տալ, ինչը, ըստ Հակոբ Հակոբյանի, կհանգեցնի դեղերի գների իջեցմանը եւ հիվանդանոցային ծառայությունների մատուցման ծախսերի իջեցմանը: Առաջարկվում է քաղաքացուն իր հարազատների համար եւս արտերկրից դեղ ներկրելու հնարավորություն ընձեռել:

Ներկայացնելով իր եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն անդրադարձել է օրենքի նախագծով առաջարկվող հիմնական նպատակին :

«Հստակ է, որ Հայաստանի Հանրապետությունը, լինելով սոցիալական պետություն, ուշադրություն է դարձնում, որ մի կողմից դեղերը լինեն մատչելի, մյուս կողմից՝ հասանելի ու միեւնույն ժամանակ որակյալ»,-ասել է Արա Բաբլոյանը:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ հստակ սահմանվել են մեծածախ եւ մանրածախ առեւտուր իրականացնողների պարտականությունները, բաժանումներ են արվել՝ որակի կամ այլ ստանդարտների կորուստ թույլ չտալու համար:

Արա Բաբլոյանը դեմ է, որ հիվանդանոցներին մեծածախ առեւտրի իրավունք ունենալու, լիցենզիա ձեռք բերելու եւ ներմուծելու հնարավորություն տրվի: Ըստ ԱԺ նախագահի` հիվանդի ընտանիքի անդամին իր հարազատի կյանքը փրկելու համար պետք է տալ իրավունք երկրում տվյալ դեղամիջոցը չլինելու դեպքում դիմել հիվանդանոցին՝ այդ դեղը բերելու համար:

«Երբ այդ դեղի կարիքը ոչ թե 10 հազար, այլ ընդամենը 500 մարդ ունի, պարզ է, որ այն որեւէ կոմերցիոն հետաքրքրություն չի ներկայացնում, բայց ո՞վ է պատասխան տալիս քաղաքացու կյանքի եւ առողջության համար, եթե այդ դեղամիջոցը չլինի, եթե ոչ բժիշկը կամ բժշկական հաստատությունը: Սա է օրենքի տրամաբանությունը»,- նշել է Արա Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը եւս ներկայացրել է իր եւ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության տեսակետը: Նշելով, որ որեւէ մեկը դեմ չէ շուկայի ազատականացմանը՝ ԱԺ նախագահի տեղակալը կարծիք է հայտնել, որ դեղերի ներմուծման ոլորտում մենաշնորհ չպետք է լինի:

Իրենց տեսակետներն են արտահայտել ՀՀ ԱԺ պատգամավորները

Վահե Էնֆիաջյանը նշել է, որ «Ծառուկյան» խմբակցությունը դեմ չէ մենաշնորհների վերացման եւ դաշտի ազատականացման գաղափարին, սակայն, ըստ նրա, փաթեթը պետք է հանգամանալի ուսումնասիրվի: Նա անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտման միտում է տեսնում նախագծում:

Սերգեյ Բագրատյանն իր մտահոգությունն է հայտնել մասնավորապես հիվանդանոցների կողմից ներկրման դեպքում դեղերի ավելցուկի խնդրի առնչությամբ:

Արտակ Զեյնալյանի համոզմամբ՝ դեղորայքին առնչվող հարցերը չպետք է լինեն սովորական շուկայական հարաբերությունների առարկա. առաջնահերթ պետք է լինի քաղաքացիների առողջության ապահովումը: Պատգամավորը կողմ է օրինագծի ընդունմանը:

Նաիրա Զոհրաբյանը, կարեւորելով շուկայի ազատականացումը, կարծիք է հայտնել, որ դեղերի ոլորտում համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ:

Վարդան Բոստանջյանը համոզված է, որ նախագծի ընդունմամբ դեղերի գները կիջնեն, եւ հիվանդանոցն իր ներկրած դեղի հարցում կկրի պատասխանատվություն:

Եզրափակիչ ելույթում Հակոբ Հակոբյանն անդրադարձել է հնչած մտահոգություններին:

Խորհրդարանն օրվա վերջում քննարկել է «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդումը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է հաշվետու տարիների՝ 2016-2017 թվականների գործունեությունը՝ նշելով, որ հաղորդումը բաղկացած է 89 էջից, որտեղ մանրամասն ներկայացված են հանձնաժողովի կատարած աշխատանքը, ինչպես նաեւ անցկացված ընտրությունների վերաբերյալ վերլուծություններ՝ այդ թվում նաեւ գրաֆիկական եւ աղյուսակային: ԿԸՀ նախագահն անդրադարձել է բարեփոխված ՀՀ ընտրական օրենսգրքին, ՀՀ Ազգային ժողովի, Երեւանի ավագանու, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման գործընթացներին, ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ մասնագիտական դասընթացներին, ընտրությունների ընթացքում օգտագործված 4000 տեխնիկական սարքավորումներին, ուղեցույցներին, ընտրողների խախտված իրավունքներին, դրանց պաշտպանությանը եւ այլն:

Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ ընտրություններն անցել են խաղաղ, հրապարակային, համահունչ բարեփոխված Ընտրական օրենսգրքին:

Հաղորդման վերաբերյալ տեսակետներն են հայտնել պատգամավորները: Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է խորհրդարանական վերջին ընտրություններին եւ անարդյունավետ համարել տարածքային ռեյտինգային ընտրակարգը: Պատգամավորն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ եւ քննարկել «Ծառուկյան» դաշինքի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկները՝ բարեփոխելու համար Ընտրական օրենսգիրքը:

Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ հաղորդումը չի պարունակում այն խնդիրներն ու բողոքները, որոնք եղել են վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նա խոսել է ընտրակեղծիքների, ինչպես նաեւ պատասխանատվության անհրաժեշտության մասին: «Եթե վերոնշյալ խնդիրները չլուծվեն, հանրությունը վստահություն չի ունենա ընտրական գործընթացների վերաբերյալ»,- նշել է պատգամավորը:

Արտակ Զեյնալյանը նույնպես անդրադարձել է ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության պակասին, խոսել ընտրական իրավունքի պաշտպանության բացակայությունից:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:


11.04.2018
Հանդիպում ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակում
Հանուն ժողովրդավարության Ուեսթմինսթեր հիմնադրամի ներկայացուցիչներ Քրիստոֆեր Լեւիկը, Անդրյու Ուոքերը, Մարկո Սոշիչը եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Ենս Պետերսեն-Թումզերը եւ ծրագրի խորհրդական Հովհաննես Մարգ...

11.04.2018
Վահե էնֆիաջյանն ընտրվել է ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Վահե Էնֆիաջյանի եւ Գեւորգ Գորգիսյանի ապրիլի 11-ին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասներ են ներկայացվել կառույցի տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի ...

11.04.2018
Բաց դաս Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ապրիլի 11-ին խորհրդարան են այցելել Լոռու մարզի Տաշիր համայնքի Արտակ Խաչատրյանի անվան ավագ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները: Հյուրերը խորհրդարանի շենքում շրջելուց, ԱԺ հերթական նիստի աշխատանքին հետեւելուց հետո մասնակցել են ավանդական դարձած բաց դասին, որը վարել է Հ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS