Տպել
15.05.2018
Շվեդիայի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպել են ՀՀ ԱԺ խմբակցությունները
1 / 4

ՀՀ ԱԺ խմբակցությունները մայիսի 15-ին հանդիպել են Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակության հետ:

ՀՀ ԱԺ «Ելք» դաշինքի կազմն ու գաղափարախոսությունը հյուրերին է ներկայացրել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ այն ձեւավորվել է տարբեր հարցերի վերաբերյալ ունեցած համախոհության արդյունքում:

Անդրադառնալով դաշինքի ծրագրերին՝ Էդմոն Մարուքյանը կարեւորել է ընթացիկ տարում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումն ու սոցիալ-տնտեսական իրավիճակի բարեփոխմանն ուղղված քայլերը, ներդրումների խթանումը: Առանձնապես կարեւորվել է կոռուպցիայի դեմ պայքարը: Այս համատեքստում նա տեղեկացրել է, որ այժմ կազմավորվում է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով:

Շվեդ գործընկերները կոռուպցիայի դեմ պայքարում առանձնահատուկ դերակատարություն են վերապահել ՀՀ քաղաքացիներին եւ նշել, որ նրանք չպետք է սպասեն կառավարության քայլերին:

Պատվիրակության անդամների հետ հանդիպել են ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը եւ խմբակցության անդամ Ռոմիկ Մանուկյանը:

Ողջունելով շվեդ գործընկերների այցը Հայաստան՝ Արմենուհի Կյուրեղյանը կարեւորել է տարբեր մակարդակներում միջխորհրդարանական շփումներն ու փոխայցերը: Նա երախտագիտություն է հայտնել Շվեդիայի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար՝ այդ քայլը կարեւորելով ցեղասպանությունների կանխարգելման տեսանկյունից ու ընդգծել, որ այսօր էլ, Ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց, Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը:

Հյուրերի խնդրանքով պատգամավորն անդրադարձել է ներքաղաքական վերջին գործընթացներին, ներկայացրել համաժողովրդական շարժմանը ՀՅԴ կուսակցության միանալու դրդապատճառներն ու կուսակցության ծրագրերը:

Արմենուհի Կյուրեղյանը հույս է հայտնել, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող ընդդիմության՝ ՀՀԿ խմբակցության հետ համագործակցությունն արդյունավետ կլինի, իսկ իրականացված քաղաքական գործընթացները կնպաստեն ներգաղթին ու ներդրումների հոսքին: ՀՅԴ խմբակցության քարտուղարն առաջնահերթ է համարել կոռուպցիայի դեմ պայքարը, սոցիալական արդարության վերականգնումն ու տնտեսության հետագա զարգացումը:

Ռոմիկ Մանուկյանը նշել է, որ տարաձայնություններ չկան թե արտաքին քաղաքականության, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ըստ նրա՝ արտաքին քաղաքականությանը վերաբերյալ հարցերում համընկնում են ՀՅԴ, ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունների տեսակետները:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունից պատվիրակության անդամների հետ հանդիպել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, պատգամավորներ Մարինա Մարգարյանը, Կարինե Պողոսյանը, Շաքե Իսայանը եւ Հակոբ Նազարյանը:

Շվեդիայի պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել խորհրդարանում արգասաբեր քննարկումներ ծավալելու համար: Նրանք դրական են գնահատել Հայաստանի ներքաղաքական կյանքում արձանագրված ժողովրդավարության դրսեւորումները:

Միքայել Մելքումյանը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: «Ցավոք, աշխարհում ցեղասպանությունների իրականացման տեխնոլոգիաները կատարելագործվում են եւ ռազմական գործողությունների անվան տակ եւս իրականացվում են նման ոճիրներ: Պետք է բացառել դրանք»,- ասել է նա:

ԱԺ փոխնախագահը անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, կարեւորել ստեղծված իրադրության կարգավորումը Սահմանադրության եւ օրենքների շրջանակում` ի շահ պետության կայունության ու անվտանգության, ժողովրդի բարօրության:

Ըստ Միքայել Մելքումյանի՝ պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ նոր Ընտրական օրենսգրքով: Նա հույս է հայտնել, որ տնտեսությունը կապակենտրոնացվի, կբարելավվի արդարադատության համակարգը, կբարձրանա երկրի ներդրումային գրավչությունը:

Խմբակցության անդամները կարեւորել են երկու երկրների միջեւ փոխհարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությունից Շվեդիայի պատվիրակության անդամների հետ հանդիպել են Գագիկ Մելիքյանը, Տաճատ Վարդապետյանը, Կարինե Աճեմյանը եւ Արսեն Միխայլովը:

Գագիկ Մելիքյանը, ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացը, նշել է, որ նաեւ իրենց ջանքերի շնորհիվ իշխանությունը փոխանցվեց խաղաղ ճանապարհով: Նա հավաստիացրել է, որ առաջիկայում խորհրդարանական խմբակցությունը չի խոչընդոտի կառավարության աշխատանքին: Պատգամավորն ընդգծել է, որ ռուսական, ասորական, քրդական եւ եզդիական համայնքներն ունեն իրենց ներկայացուցիչները խորհրդարանում` գնահատելով այն որպես ժողովրդավարության եւս մեկ խոսուն օրինակ:

Ըստ Գագիկ Մելիքյանի` կոռուպցիայի դեմ պայքարն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լուրջ խնդիրների հետ է կապված: «Կոռուպցիան միշտ չէ, որ ցանկանում է հետ նահանջել: Այդ հարցում համագործակցելու ենք նոր ձեւավորված կառավարության հետ»,- ասել է նա:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին` պատգամավորն առաջնային է համարել խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Կարինե Աճեմյանն անդրադարձել է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությանը եւ միջխորհրդարանական հարթակներում պատվիրակությունների արդյունավետ փոխգործակցությանը:

Քննարկվել են հայ-շվեդական հարաբերությունների զարգացմանը, երկկողմ առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր: