Տպել
22.05.2018
Ազգային ժողովն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 7

ՀՀ Ազգային ժողովը մայիսի 22-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը:

Խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրել է լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորների` ՀՀ ԿԸՀ-ի մանդատները համապատասխան թեկնածուներին տրամադրելու մասին 6-11-րդ արձանագրությունները: Ըստ այդմ «Ելք» կուսակցությունների դաշինքից պատգամավորական գործունեություն կսկսեն Ալեն Ռոբերտի Սիմոնյանը, Հրաչյա Վաչիկի Հակոբյանը, Հովիկ Հովսեփի Աղազարյանը, Հայկ Արսենի Կոնջորյանը, ՀՀԿ-ից` Հակոբ Գառնիկի Հակոբյանը, ՀՅԴ-ից` Ռուզաննա Հակոբի Առաքելյանը: Համաձայն «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի` նորընտիր պատգամավորները երդվել են:

Խորհրդարանի նախագահը ներկայացրել է ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, որոնք քվեարկություններով հաստատվել են:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է նախորդ նիստում քննարկված «Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:

Պատգամավորները ողջունել են Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությանը:

Դեմետրիս Սիլուրիսի ողջույնի խոսքն այստեղ:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, դիմելով պատվիրակության ղեկավարին, մասնավորապես ասել է. «Շնորհակալ եմ Ձեր ջերմ խոսքերի եւ բարի ցանկությունների համար: Պարոն նախագահ, ինչպես Ձեր խոսքում իրավացիորեն նշեցիք, մեր եղբայրական ժողովուրդների պայքարն ընդհանուր է: Պատմական անարդարությունն է մեզ ստիպել ընդվզել նույն չարիքի դեմ, քանի որ քաղաքակրթական նույն արժեքներն ենք կրում: Մեր երկու եղբայր ժողովուրդները պետք է ուս-ուսի տված հաղթահարեն դժվարությունները, եւ մենք պարտավոր ենք միջպետական, միջխորհրդարանական, քաղաքական եւ տնտեսական բոլոր ձեւաչափերն օգտագործել համամարդկային արժեքները պաշտպանելու համար: Ես հավատում եմ մեր երկրների վաղվա օրվան»:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու ինստիտուտի կիրառման արդյունավետության բարձրացման նպատակով 2017 թվականի մարտի 1-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական փաթեթի հիման վրա կատարվել են առանցքային որոշ փոփոխություններ, հստակեցվել են անկախ հանձնաժողովի եւ դատարանի գործառույթները, անկախ հանձնաժողովի կազմում ընդգրկվող ներկայացուցիչների ցանկը: Առաջարկվել է նաեւ կատարել մոդելային եւ ընթացակարգային փոփոխություններ:

Սուրեն Քրմոյանը պատասխանել է պատգամավորների` համակարգում առկա խնդիրներին վերաբերող հարցերին:

Էդմոն Մարուքյանն իր ելույթում առաջարկել է վերսկսել համաներման հարցի քննարկումը:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Ըստ հիմնական զեկուցողի` նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը կարգավորող իրավական լուծումների լիարժեքությունը եւ տերմինաբանական հստակությունը:

Նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն: Հարակից զեկուցող Ռուստամ Մախմուդյանը նշել է, որ լրամշակվել են պաշտպանին ներկայացված բողոքը չքննարկելու եւ բողոքը դադարեցնելու հիմքերը, ապահովվել է եզրութաբանական միասնականությունը: Պատգամավորը կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Փոխնախարարը նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության համար միջազգային հարաբերություններում փոխադարձության սկզբունքի կիրառման հնարավարությունն ապահովող իրավական գործիքակազմ նախատեսելու անհրաժեշտությամբ:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելիքյանը, առաջարկելով կողմ քվեարկել նախաձեռնությանը, նշել է, որ նախագիծն ստացել է դրական եզրակացություն:

Շավարշ Քոչարյանը ներկայացրել է նաեւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ մի պետության պաշտոնական առաքելությունների աշխատակիցների ընտանիքի անդամների` մյուս պետությունում զբաղվածության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Վերջինիս ընդունման արդյունքում կապահովվեն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Հարակից զեկուցող Շիրակ Թորոսյանը, պարզաբանելով համաձայնագրում տեղ գտած որոշ դրույթներ, առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

«ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը: Նախագծերը մշակվել են ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի, բնապահպանական եւ այլ միջազգային պայմանագրերի հիման վրա` ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու նպատակով: Դրանք պարունակում են շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների առանձին բաղադրիչների, այդ թվում հողային ծածկույթի մասին տեղեկատվության հավաքման, ներկայացման, փոխանակման ու իրազեկման, վիճակի գնահատման ու հաշվետվությունների կամ զեկույցների պատրաստման պահանջներ: Առաջադրվում է «հողային ծածկույթ» հասկացությունը, տրվում դրա դասակարգումը:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է Արամ Հարությունյանը:

Տեսակետներ են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորները

Սերգեյ Բագրատյանն անդրադարձել է Ամուլսարի հանքավայրի շահագործմանը՝ անհրաժեշտ համարելով դադարեցնել ոսկու կորզման կիրառվող տարբերակը եւ նշել, որ շահագործումն աղետալի հետեւանքներ կարող է ունենալ բնապահպանական տեսանկյունից:

Միքայել Մելքումյանի գնահատմամբ՝ երկրում անցած տարիներին իրականացվել է տնտեսական սխալ քաղաքականություն, որն աղետաբեր հետեւանքներ է ունեցել բնակչության համար եւ խթանել արտագաղթը: Փոխնախագահի խոսքով՝ պատճառներից մեկը խորհրդարանական վերահսկողության բացակայությունն է եղել:

Առաջին ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը: Առաջարկվում է համապատասխան հոդվածից հանել աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում՝ աշխատած լինելու մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը: Նշվել է, որ 2013 թվականից առկա է եկամտային հարկի անձնավորված հաշվառում, եւ այդ տվյալը կարելի է ստանալ տեղեկատվական բազայից: Ըստ փոխնախարարի՝ այս հարցով տարեկան դիմում է մոտ 60 հազար կենսաթոշակառու:

Նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Խորհրդարանն այնուհետեւ քննարկել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իսրայելի Պետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը:

30 հոդվածից բաղկացած կոնվենցիան տիպային է, ուղղված է երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ամրապնդմանն ու համագործակցության խորացմանը: Այն նպատակ ունի բացառել կրկնակի հարկման բեռը, ինչպես նաեւ փոխադարձաբար կայուն դարձնել հարկային դաշտը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Գագիկ Մելիքյանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը կարեւորել է կոնվենցիայի ընդունումը՝ նշելով, որ այն համահունչ է երկու երկրների միջեւ զարգացող հարաբերություններին: Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր կարող է օգտակար լինել Իսրայելին՝ համագործակցելով բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության ոլորտներում:

Միքայել Մելքումյանն անդրադարձել է Իսրայելի տնտեսության վիճակագրությանը, որոշակի զուգահեռներ անցկացրել Հայաստանի տնտեսության հետ եւ նշել, որ տարբեր երկրների հետ սերտ հարաբերությունները թույլ են տալիս ունենալու առեւտրատնտեսական լուրջ կապեր:

«Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրի առանձին դրույթների կիրառման վերաբերյալ» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նույնպես ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը: Նրա խոսքով՝ արձանագրությունը վերաբերում է ներմուծման մաքսատուրքերի գումարները հաշվեգրելու եւ բաշխելու, դրանք որպես եկամուտներ ԵԱՏՄ անդամ երկրների պետական բյուջեներ փոխանցելու կարգերին ու չափերին:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն արձանագրության վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

Այնուհետեւ «2017 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը քննարկման է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա նշել է, որ 2017 թվականի ընթացքում ստացվել է 6417 դիմում-բողոք, որը նախորդ տարվա համեմատությամբ ավել է 1300-ով: 2015-2016 թթ. համեմատ գրեթե երեք անգամ աճել է դրական լուծում ստացած գործերի թիվը: Արման Թաթոյանի խոսքով՝ հաշվետու տարին արժեւորվել է 15 արտահերթ զեկույցներով, որոնցից 13-ն արդեն հրապարակվել են. դրանք ունեն բարձր որակ եւ երաշխավորված հավաստիություն: Նախորդ տարվա ընթացքում ՄԻՊ աշխատակազմի կողմից պարբերաբար իրականացվել են այցեր մարզեր, հատկապես սահմանամերձ գյուղեր, ակտիվացել է կառույցի ներգրավվածությունը միջազգային ասպարեզում. ՀՀ ՄԻՊ աշխատանքային փորձը ճանաչվել է աշխարհում լավագույններից մեկը: 2017 թվականին կատարված աշխատանքների շնորհիվ ՄԻՊ հաստատությունը դարձել է երեխաների օմբուդսմենների եվրոպական ցանցի լիիրավ անդամ եւ իրավունք ստացել մասնակցելու այդ կառույցի կառավարմանը:

Նշելով, որ ընտրական իրավունքի պաշտպանությունն իր գործունեության հիմնական ուղղություններից է՝ ՄԻ պաշտպանն ընդգծել է, որ ընտրական յուրաքանչյուր գործընթացի նկատմամբ ՄԻՊ աշխատակազմի կողմից իրավասության սահմաններում ցուցաբերվում է առանձնակի կարեւորություն: Այդ հարցում առկա բոլոր խնդիրները ներկայացվել են իրավասու մարմիններին: Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է լրագրողների մասնագիտական աշխատանքին խոչընդոտելու դեպքեր: Նրա խոսքով՝ լրագրողների աշխատանքը պետք է լինի լիարժեք պաշտպանված՝ հանրությանը ընտրական գործընթացի, այդ թվում խախտումների կամ ապօրինի այլ գործողությունների վերաբերյալ լիարժեք տեղեկությունների փոխանցումը երաշխավորելու նպատակով:

Արման Թաթոյանը մանրամասն ներկայացրել է սոցիալական ապահովության, աշխատանքային, կրթության, առողջության պահպանման, արդար դատաքննության եւ անձնական ազատության իրավունքների պաշտպանության հարցում ՄԻՊ աշխատակազմի գործունեությունը: Նա կարեւորել է վերջինիս համագործակցությունը Ազգային ժողովի հետ, ինչպես նաեւ լրագրողների հետ աշխատանքը, բարձր գնահատել մարդու իրավունքների պաշտպանության հարցում քաղաքացիական հասարակության դերը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը խոսել է քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրների մասին՝ կարեւորելով այս հարցում ՄԻՊ գործուն միջամտությունը:

Խոսելով մարդու իրավունքների պաշտպանության, միջին ու փոքր բիզնեսի զարգացման խնդիրների մասին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը կարեւորել է դրանց նկատմամբ համակարգային մոտեցումը: Նրա գնահատմամբ՝ ՄԻ պաշտպանի ինստիտուտն ունի համակարգային խնդիրներ դնելու եւ պետական կառավարման ոլորտում անարդյունավետ աշխատանքի մասին նաեւ ահազանգելու առաքելություն:

Եզրափակիչ ելույթում Արման Թաթոյանն անդրադարձել է հնչած տեսակետներին:

Նշվել է, որ տարեկան հաղորդումն ավարտվում է առանց որեւէ փաստաթուղթ ընդունվելու:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Առաջարկվում է կոնյակի ակցիզային հարկի հարկման բազան եւ ակցիզային հարկի դրույքաչափերը փոփոխել եւ բարձրացնել շշալցված հայկական կոնյակների համար սահմանված իրացման նվազագույն գինը եւ դրանք սահմանել ըստ տարիքային խմբերի: Փաթեթի ընդունմամբ կոնյակի սպիրտներ եւ շշալցված կոնյակ արտադրող, իրացնող եւ ներմուծող մեծ ու փոքր ընկերությունների համար կստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ եւ կոնյակի արտադրությամբ կսկսեն զբաղվել նաեւ փոքր ու միջին ընկերություններ:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հարակից զեկույցում նշել է, որ փաթեթի ընդունումը կապահովվի հավասար մրցակցային միջավայր տեղական արտադրողների եւ ներմուծողների համար, նպաստավոր պայմաններ կստեղծի որակյալ արտադրության ապահովման եւ փոքր արտադրողների համար: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հարցը մանրամասն քննարկվել է, լրամշակվել. արդյունքում հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:


22.05.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նիստերի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի մայիսի 22-24-ը Բրեստ (Բելառուսի Հանրապետություն) են գործուղվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժ...

22.05.2018
ՀՀ ԱԺ պատգամավոր Արաիկ Հովհաննիսյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի նիստին
Մայիսի 16-18-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ պետական շինարարության, փորձի ուսումնասիրման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով...

22.05.2018
Հերթական բաց դասն անցկացրել է ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 22-ին խորհրդարան են այցելել Երեւանի Նիկոլայ Գոգոլի անվան համար 35 եւ Վաղարշ Վաղարշյանի անվան համար 80 հիմնական դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները: Հյուրերը շրջել են Ազգային ժողովի շենքում, հետեւել հերթական նիստի աշխատանքին: Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ պատգամա...

22.05.2018
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Երեւանում գտնվող Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի եւ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի ուղեկցությամբ մայիսի 22-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ են դրել 1915թ. Հա...

22.05.2018
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի ելույթն Ազգային ժողովի նիստում
Ի պատասխան ձեր ջերմ հրավերի՝ ուրախությամբ եւ մեծ հարգանքով Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն իմ գլխավորությամբ գտնվում է Հայաստանում եւ բարեկամ երկրի խորհրդարանում ես այսօր ելույթ եմ ունենում: Կրկնակի ուրախություն եմ ապրում, որ մեր հայրենակիցը՝ պարոն Վարդգես Մահտեսյանը...

22.05.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Շառլ Ազնավուրին
«Հարգելի պարոն Ազնավուր, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 94-րդ տարեդարձի առթիվ եւ ջերմությամբ հիշում Ձեզ հետ ունեցած հանդիպումներս Հայաստանում, Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում: Կատարողական բացառիկ արվեստի եւ հեղինակած շուրջ ութ հարյուր երգերի շնորհիվ Դուք վաղուց Ձեր ուրույն տեղն եք զբաղեցրել համաշխա...

22.05.2018
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` * Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության անձնական գործերի վարման բաժնի պետ (ծածկագիր` 1-2.1-19) ...