Տպել
25.05.2018
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սլովակիայի խորհրդարանի նախագահի հետ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մայիսի 25-ին Բրատիսլավայում հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ:
 
ՀՀ խորհրդարանի փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Անդրեյ Դանկոյին Սլովակիայի խորհրդարանում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու համար: Նա բարձր է գնահատել Անդրեյ Դանկոյի եւ Սլովակիայի խորհրդարանի ներդրումը ցեղասպանությունների միջազգային դատապարտման գործընթացում՝ այս համատեքստում կարեւորելով Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը:
 
Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը՝ կողմերը կարեւորել են փոխայցերի ակտիվացումը, համագործակցությունը բարեկամական խմբերի մակարդակում, միջազգային խորհրդարանական հարթակներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում արդյունավետ փոխգործակցությունը:

Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է տարածաշրջանային ու ՀՀ ներքաղաքական իրավիճակը՝ նշելով. «Իմ համոզմամբ՝ Հայաստանում ժողովրդավարական արժեքները չպետք է այլընտրանք ունենան, Հայաստանն անշեղորեն պետք է ընթանա ժողովրդավարության զարգացման ճանապարհով՝ հարգելով բազմակարծությունն ու այլակարծությունը»:
 
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին` ԱԺ փոխխոսնակը վերահաստատել է հայկական կողմի` հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում լուծելու դիրքորոշումը: Նա դրական է գնահատել Սլովակիայի հավասարակշիռ դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում:

«Ադրբեջանը, խեղաթյուրելով հակամարտության էությունը, ԼՂ հիմնախնդիրը փորձում է ներկայացնել տարածքային վեճ, մինչդեռ այն ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, ազատության ու անկախության պայքար է: Արցախի անկախության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի»,-ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Սլովակիայի խորհրդարանը սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...