National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.6.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
01.06.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
1 / 15

Հունիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու մարդու իրավունքների պաշտպանության եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Ռուստամ Մախմուդյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր ՀՀ իշխանության պետական եւ դատական մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եկամուտների ու ծախսերի կատարողականներին:

Նշված ոլորտների ֆինանսական ցուցանիշները ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ Ազգային ժողովն իրականացրել է 4 ծրագիր, պահուստային ֆոնդից շուրջ 75 մլն դրամ է օգտագործվել: Հիմնական մասը պահպանման ծախսերի ֆինանսավորմանն ուղղված միջոցներն են ու սոցիալական փաթեթի շրջանակում վճարումները:

Նախագահի աշխատակազմի համար նախատեսվել էր ճշտված ծրագրով հատկացնել 4.6 մլրդ դրամ, օգտագործվել է շուրջ 4 մլրդ դրամ, արձանագրվել է մոտ 86 տոկոս կատարողական:

ՀՀ կառավարության աշխատակազմի համար հաշվետու տարում ճշտված ծրագիրը կազմել է 18.8 մլրդ դրամ, արձանագրվել է 93 տոկոս կատարողական: Կառավարության աշխատակազմը պատասխանատու է եղել 34 ծրագրի կատարման համար:

ՀՀ սահմանադրական դատարանի համար հաշվետու տարում նախատեսվել էր հատկացնել 596.8 մլն դրամ, կատարողականը կազմել է 98.2 տոկոս:

ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացված շուրջ 4.5 մլրդ դրամի կատարողականը կազմել է 97.74 տոկոս: Իրականացվել է 23 ծրագիր, պահուստային ֆոնդից լրացուցիչ միջոցներ են օգտագործվել: Նշվել է, որ այս համակարգում գերակշռում են քրեակատարողական համակարգի եւ աշխատակազմի պահպանման ծախսերը:

Գլխավոր դատախազությանը 2017 թվականին հատկացվել է 4.3 մլրդ դրամ, որն օգտագործվել է 99.7 տոկոսով. իրականացվել է բյուջետային 8 ծրագիր, ինչպես նաեւ պահուստային ֆոնդից հատկացվել է շուրջ 150 մլն դրամ:

Հատուկ քննչական ծառայության ծախսերի համար նախատեսվել էր շուրջ 645 մլն դրամ, փաստացի ծախսը կազմել է 640 մլն դրամ՝ 99.2 տոկոս կատարողականով:

Վերահսկիչ պալատի համար հաշվետու տարում նախատեսվել էր 983 մլն դրամի օգտագործում, կատարողականը կազմել է 98.8 տոկոս:

Դատական դեպարտամենտի պահպանության համար 2017 թվականի բյուջեով նախատեսված 8.9 մլրդ դրամի դիմաց արձանագրվել է 98.2 տոկոս կատարողական: Իրականացվել է 4 ծրագիր: 50 մլն դրամի չափով պահուստային ֆոնդից հատկացումներ են արվել:

Քաղաքացիական ծառայության խորհրդի բյուջեն կազմել է 747 մլն դրամ, փաստացի օգտագործվել է 92.7 մլն դրամ: Պահուստային ֆոնդից լրացուցիչ շուրջ 243 մլն դրամի չափով հատկացում է եղել, որի հաշվին լուծվել է կարճաժամկետ ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների վարձատրության հարցը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար ճշտված ծրագրով նախատեսվել էր օգտագործել շուրջ 4.1 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 96.51 տոկոս: 9 ծրագիր է իրականացվել, պահուստային ֆոնդից շուրջ 324 մլն դրամ է հատկացվել:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար նախատեսված շուրջ 385.8 մլն դրամն օգտագործվել է 93.57 տոկոսով: Իրականացվել են 7 բյուջետային ծրագրեր:

Ընդգծվել է, որ հաշվետու տարում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնված որեւէ պարտավորություն չի եղել, որի դիմաց վճարումները կատարված չլինեն:

Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշել է, որ իրականացվել է 11 ծրագիր: «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական եւ տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծրագրով հատկացված է եղել 3 մլրդ 856 մլն դրամ, 40 տոկոսն այդ ծախսերի կազմել է աշխատավարձի ֆոնդը: 619 մլն դրամի տնտեսում է եղել, որը հիմնականում 81 հաստիքային միավորի կրճատման արդյունք է: 97 մլն դրամ տնտեսվել է գործուղումների ծախսերից, էներգետիկ ծառայությունների մասով՝ 35 մլն դրամ: Քաղաքացիների կողմից ստացվել են 5654 դիմում-բողոք ու առաջարկ, ընդունվել է 5500 քաղաքացի: Քաղաքացիություն է ստացել 8099 անձ, հատուկ կացության կարգավիճակ է շնորհվել 495 անձի: Վարչական օբյեկտների շինարարություն ու հիմնանորոգում ծրագրերով նախատեսված 300 մլն դրամը վերադարձվել է պետական բյուջե: «Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություն» ծրագրով հատկացվել է 11 մլն 739 հազար դրամ: Հանրային իրազեկման ապահովման ծրագրով հատկացվել է 298 մլն դրամ. կատարողականը կազմել է 100 տոկոս: Էմիլ Տարասյանը նշել է, որ սոցիալական փաթեթի ապահովման ծրագրով հատկացվել է 36 մլն դրամ:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովին 4 ծախսային ծրագրերի գծով հատկացվել է 4մլրդ 399 մլն 493 հազ. դրամ: Ճշտված բյուջեն 8 ծրագրերի գծով կազմել է 4մլրդ 452 մլն 493 հազ. դրամ. արձանագրվել է 99.0 % կատարողական:

Ներկայացնելով ծախսային ծրագրերը՝ Արա Սաղաթելյանը նշել է, որ «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի եւ պատգամավորների պահպանում» ծրագրով ծախսը կազմել է 4մլրդ 139 մլն 712 հազ. դրամ, «Միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ» ծրագրով ծախսվել է 156 մլն դրամ, «Պետական հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով՝ 36 մլն 586.0 հազ. դրամ: «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում» ծրագրով ծախսվել է 225.0 հազ. դրամ. վերապատրաստվել է ԱԺ աշխատակազմի 30 պետական ծառայող: «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրերի գծով (4 ծրագիր) փաստացի ծախսվել է 75 մլն. դրամ, որից 23 մլն 125.9 հազ. դրամը՝ վարչական սարքավորումների ձեռքբերման համար:

Հաշվետու տարում ՀՀ ԱԺ-ին հատկացված բյուջեից տնտեսված 44 մլն դրամը վերադարձվել է պետական բյուջե:

ԱԺ աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել է, որ 2017թ. ընթացքում ՀՀ ԱԺ 5-րդ գումարման 11-րդ եւ 6-րդ գումարման 1-ին եւ 2-րդ նստաշրջաններում գումարվել է երեք հերթական, երկու արտահերթ նստաշրջան եւ չորս արտահերթ նիստ, շրջանառության մեջ է դրվել 653 հարց, հրավիրվել է ՀՀ ԱԺ խորհրդի 9 հերթական եւ 4 արտահերթ նիստ, ընդունվել է 330 օրենք, 212 որոշում, վավերացվել է 69 միջազգային պայմանագիր, կազմակերպվել են 7 խորհրդարանական լսումներ եւ 11 ճեպազրույց, տրվել է օրենքների եւ ԱԺ որոշումների նախագծերի տնտեսագիտական փորձաքննության 150, օրենքների եւ ԱԺ որոշումների նախագծերի իրավական փորձաքննության 262 եզրակացություն, ԱԺ աշխատակազմն ապահովել է քաղաքացիների 77 ընդունելություն, քաղաքացիներից ստացվել եւ ընթացք է տրվել 944 առաջարկության ու դիմում-բողոքի, Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքից օգտվողների թիվը կազմել է շուրջ 850 հազար:

Խորհրդարանի գործունեության թափանցիկության ապահովման նպատակով ԱԺ աշխատակազմը պատրաստել եւ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվել է «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի 39 թողարկում: Լուսաբանվել է ՀՀ Ազգային ժողովի հերթական եւ արտահերթ նստաշրջանների աշխատանքը: Իրականացվել են ՀՀ Ազգային ժողովի հերթական եւ արտահերթ շուրջ 195 նիստի, մշտական հանձնաժողովների 11 նիստի եւ 7 խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումներ: Հրապարակվել է 651 տեղեկատվական նյութ, 75 ուղերձ, 30 հայտարարություն, շուրջ 3000 լուսանկար, 200 տեսանյութ: ՀՀ ԱԺ նախագահի, փոխնախագահների պաշտոնական եւ աշխատանքային հանդիպումների ու այցելությունների մասին պատրաստվել եւ թողարկվել է 201 տեղեկատվական նյութ: Միջազգային կառույցներում ՀՀ ԱԺ պաշտոնական պատվիրակությունների գործունեության եւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովների աշխատանքների լուսաբանումն ապահովելու նպատակով պատրաստվել եւ թողարկվել է 61 տեղեկատվական նյութ:

ՀՀ Ազգային ժողովի բնականոն գործունեության անխափան եւ արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով ՀՀ ԱԺ աշխատակազմում 2017թ. տարեսկզբին իրականացված նախնական ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են որոշակի թերություններ, որոնք շտկելու նպատակով կազմվել է առաջնահերթ միջոցառումների ծրագիր: Արդյունքում՝ ՀՀ Ազգային ժողովի գործավարությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով 2017 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ Ազգային ժողովը փաստաթղթաշրջանառությունն իրականացրել է Mulberry էլեկտրոնային համակարգի միջոցով, հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման հետ կապված իրականացվել են ՀՀ ԱԺ հիմնական միջոցների վերագնահատում, գույքագրման արդյունքների տեղադրում Հայկական ծրագրում (ՀԾ), ՀՀ ԱԺ ողջ տարածքը համալրվել է հսկիչ տեսախցիկներով:

Արա Սաղաթելյանը նշել է, որ հաշվետու տարվա ընթացքում խորհրդարանը ծավալել է արդյունավետ միջազգային գործունեություն, օտարերկրյա գործընկերների հետ իրականացվել են ՀՀ ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացման ծրագրեր:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրել է, որ կառավարության աշխատակազմի կողմից սպասարկվող ծրագրերով հաստատված պլանը կազմել է 12 մլրդ 317 մլն 368 հազար դրամ, ճշտված պլանը՝ 18 մլրդ 828 մլն 312 հազար դրամ, փաստացի պլանը՝ 17 մլրդ 469 մլն 51 հազար դրամ: «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական եւ տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծրագրով ճշտված պլանը կազմել է 2 մլրդ 367 մլն դրամ: «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական եւ տարածքային կառավարման մարմինների կարողությունների զարգացում» ծրագրով ճշտված պլանը կազմել է 67 մլն 70 հազար դրամ: Նշվել է, որ «Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններ» ծրագրով վարչապետի որոշումներով հատկացվել եւ ծախսվել է 4 մլն 521 հազար դրամ, «Պաշտոնական գործուղումներ» ծրագրով՝ 268 մլն 95 հազար դրամ:

Ծախսային մասի ցուցանիշներին ու իրականացված ծրագրերին անդրադարձել են ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ հաշվեքննիչ պալատի, ՀՀ դատական դեպարտամենտի, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարներն ու ներկայացուցիչները, ինչպես նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

«ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը քննարկվել է նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում՝ Արմեն Աշոտյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ ԱԳՆ-ի համար 2017 թվականի բյուջեի ճշտված ծրագրով նախատեսվել էր 14.5 մլրդ դրամ, փաստացի օգտագործումը կազմել է 99.15%: Արտաքին հարաբերությունների ծախսերը 2016 թվականի համեմատ աճել են 1.7%-ով: Ավելի քան 9.6 մլրդ դրամ պետական բյուջեից եւ 710.9 մլն դրամ` արտաբյուջետային միջոցներից ուղղվել են ՀՀ դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանմանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ 2017 թվականի բյուջեում արտաքին հարաբերությունների գործունեությունը ներկայացված է 16 ծրագրով, որոնց իրականացման համար հատկացվել է 14 մլրդ 503 մլն 208 հազար դրամ, կատարողականը կազմել է 97.14 %: ՀՀ-ն անդամակցում է 96 միջազգային կազմակերպությունների: 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ պարտքը միջազգային կազմակերպություններին կազմել է 1.4 մլն ամերիկյան դոլար:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով դիվանագիտական ներկայացուցչությունների հնարավոր ընդլայնմանը, նշել է, որ վերարժեւորման են ենթակա հատկապես ՀՀ հարաբերությունները իսլամական պետությունների հետ, որտեղ դիվանագիտական լրացուցիչ ջանքերի եւ աշխատանքի անհրաժեշտություն կա:

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, անդրադառնալով նախարարության աշխատանքներին, իրականացրած ծրագրերին, նշել է, որ 2017 թվականին նախատեսվել էր շուրջ 1.1 մլրդ դրամի միջոցների օգտագործում, արձանագրվել է 97.4 % կատարողական: Միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության ծախսերը կազմել են շուրջ 2.3 մլրդ դրամ կամ նախատեսվածի 96.2%-ը: 2016 թվականի համեմատ՝ նշված ծախսերը նվազել են 3% ով:

Արմեն Աշոտյանը կարեւորել է, որ Սփյուռքի ներուժը նոր իրողություններում ավելի նպատակային ներառվի նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման եւ Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացներում:

Ոլորտի ներկայացուցիչները պատասխանել են նաեւ խորհրդարանականների բարձրացրած հարցերին, որոնք վերաբերել են ՀՀ վարած արտաքին քաղաքականության որոշ ուղղություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքներին, ԵՄ-ՀՀ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը:


01.06.2018
«Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է բխի բացառապես երկրի ազգային շահերից». Արմեն Աշոտյան
Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հաձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ հանձնաժողովի անդամների եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ: Մասնակցել են նաեւ ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի խորհրդականները: Հանդիպման ընթացքու...

01.06.2018
Արա Բաբլոյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Պառլամենտարիզմի զարգացմանը նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու համար հունիսի 4-5-ը Մոսկվայում կգտնվի ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը: Այցի շրջանակում նախատեսվում են նաեւ մի շարք հանդիպումներ: ...

01.06.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի եւ իրավահավասարության եւ խտրականության դեմ պայքարի հարցերի հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար 2018 թվականի հունիսի 3-6-ը ներառյալ Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽ...

01.06.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ: Սիրելի՛ փոքրիկներ, մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, առողջություն, ընտանեկան ու պետական հոգատարությամբ շրջապատված անհոգ, երջանիկ մանկություն, լիարժեք կրթություն: Միշտ սիրե՛ք ազնիվն ու բարին, իսկ այն պաշտպանելու համար կարդացե՛...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am