Տպել
20.06.2018
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 3

Հունիսի 20-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություններ է տվել մի շարք նախագծերի վերաբերյալ` դրանք ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 19-ից գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկելու համար:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանականներին է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, նշելով, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատգամավորների կողմից որեւէ առաջարկություն չի ներկայացվել:

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը: Նրա խոսքով` օրենքի դրույթները նոր իրողություններին համապատասխանեցնելու անհրաժեշտություն է առաջացել` հաշվի առնելով սահմանադրական փոփոխությունները: Պատգամավորների կողմից որեւէ առաջարկություն չի ներկայացվել, կատարվել են միայն տեխնիկական, խմբագրական փոփոխություններ:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, նշել է, որ այն նպատակ ունի բարեգործության բնագավառում ներկայում գործող կարգավորումները համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության պահանջներին: