Տպել
21.06.2018
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 3

Հունիսի 21-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու» եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 19-ից գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկելու համար:

Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործարար միջավայրի բարելավման, հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման քաղաքականության իրականացմամբ, ինչպես նաեւ ստվերային տնտեսության դեմ պայքարի գործիքակազմի կատարելագործմամբ: Մասնավորապես առաջարկվել է կարգավորել հանրային սննդի գործունեությունը արտոնագրային հարկի համակարգից շրջանառության հարկի համակարգ տեղափոխելու հետ կապված խնդիրները: Արդյունքում, ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները կարողանան սահուն կերպով անցում կատարել հարկման նոր համակարգին: