Տպել
02.07.2018
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն ամփոփել են Եվրանեսթ ԽՎ լիագումար նիստի աշխատանքները
1 / 3

ՀՀ ԱԺ պատվիրակությունը հունիսի 25-27-ը մասնակցել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 7-րդ լիագումար նիստին:

Ինչպես հուլիսի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը, լիագումար նիստում ընդունվել է հայ պատվիրակների կողմից ներկայացված ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը վերաբերող հրատապ բանաձեւ: Դրան որպես համահեղինակ՝ միացել է խոշորագույն Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունն ու կոչ արել ԵՄ անդամ երկրներին արագացնել վավերացման գործընթացը:

Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ այս պահին չկա ոչ մի խոչընդոտ որեւէ եվրոպական երկրի կողմից համաձայնագիրը վավերացնելու համար: Հայկական պատվիրակության անդամները լիահույս են, որ համաձայնագիրը մինչեւ Եվրոպական խորհրդարանի հաջորդ ընտրությունները՝ 2019 թվականի մայիս, կվավերացվի:

Վեհաժողովում կարեւորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին հավատարիմ մնալը:

Արմեն Աշոտյանը հանդես է եկել քաղաքական կոռուպցիայի հետեւանքների ու դրանց դեմ պայքարին առնչվող ելույթով՝ կարեւորելով կոռուպցիոն ռիսկերի թափանցիկ ու համապարփակ հետաքննությունը թե՛ միջազգային եւ թե՛ ազգային մակարդակներում:

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը նշել է, որ հանդիպել է Հայ դատի Բրյուսելի գրասենյակի, Եվրապառլամենտի սոցիալ-դեմոկրատական ներկայացուցչական աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում մեծ հետաքրքրություն է ցուցաբերվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի զարգացումների, ինչպես նաեւ առաջիկա ընտրական գործընթացների նկատմամբ:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն ընդգծել է, որ վեհաժողովում հայ պատգամավորներն ադրբեջանական պատվիրակության հետ լարվածություն չեն ունեցել եւ հանդես են եկել կառուցողական ելույթներով:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը տեղեկացրել է, որ իշխանափոխությունից հետո վերաբերմունքը փոխվել է մեր երկրի նկատմամբ: Մասնավոր զրույցներում եվրոպացիները կարծիք են հայտնել, որ Հայաստանը բացառիկ հնարավորություն է ստացել եւ նոր հաջողություններ կգրանցի:


02.07.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: ԱԺ նախագահը, շնորհավորելով դեսպանին առաքելության ստանձնման կապակցությամբ, հույս է հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի հայ-ռուսական բարեկամական կապերի հետագա զարգաց...