Տպել
02.07.2018
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն ամփոփել են Եվրանեսթ ԽՎ լիագումար նիստի աշխատանքները
1 / 3

ՀՀ ԱԺ պատվիրակությունը հունիսի 25-27-ը մասնակցել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 7-րդ լիագումար նիստին:

Ինչպես հուլիսի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը, լիագումար նիստում ընդունվել է հայ պատվիրակների կողմից ներկայացված ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը վերաբերող հրատապ բանաձեւ: Դրան որպես համահեղինակ՝ միացել է խոշորագույն Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունն ու կոչ արել ԵՄ անդամ երկրներին արագացնել վավերացման գործընթացը:

Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ այս պահին չկա ոչ մի խոչընդոտ որեւէ եվրոպական երկրի կողմից համաձայնագիրը վավերացնելու համար: Հայկական պատվիրակության անդամները լիահույս են, որ համաձայնագիրը մինչեւ Եվրոպական խորհրդարանի հաջորդ ընտրությունները՝ 2019 թվականի մայիս, կվավերացվի:

Վեհաժողովում կարեւորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին հավատարիմ մնալը:

Արմեն Աշոտյանը հանդես է եկել քաղաքական կոռուպցիայի հետեւանքների ու դրանց դեմ պայքարին առնչվող ելույթով՝ կարեւորելով կոռուպցիոն ռիսկերի թափանցիկ ու համապարփակ հետաքննությունը թե՛ միջազգային եւ թե՛ ազգային մակարդակներում:

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը նշել է, որ հանդիպել է Հայ դատի Բրյուսելի գրասենյակի, Եվրապառլամենտի սոցիալ-դեմոկրատական ներկայացուցչական աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում մեծ հետաքրքրություն է ցուցաբերվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի զարգացումների, ինչպես նաեւ առաջիկա ընտրական գործընթացների նկատմամբ:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն ընդգծել է, որ վեհաժողովում հայ պատգամավորներն ադրբեջանական պատվիրակության հետ լարվածություն չեն ունեցել եւ հանդես են եկել կառուցողական ելույթներով:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը տեղեկացրել է, որ իշխանափոխությունից հետո վերաբերմունքը փոխվել է մեր երկրի նկատմամբ: Մասնավոր զրույցներում եվրոպացիները կարծիք են հայտնել, որ Հայաստանը բացառիկ հնարավորություն է ստացել եւ նոր հաջողություններ կգրանցի:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...