Տպել
04.07.2018
«Խորհրդարանական բյուջետային գրասենյակների միջազգային փորձը» թեմայով սեմինար՝ խորհրդարանում
1 / 3

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ու Բյուջետային գրասենյակի նախաձեռնությամբ հուլիսի 4-ին տեղի է ունեցել «Խորհրդարանական բյուջետային գրասենյակների միջազգային փորձը» թեմայով սեմինար, որին մասնակցել է նաեւ «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային կովկասում» ծրագրի ղեկավար Յենց Պիտերսեն Թոմզերը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, կարեւորելով համագործակցությունը ԳՄՀԸ(GIZ)-ի հետ, նշել է, որ վերջին տարիներին կազմակերպությունն արդյունավետ ծրագրեր է իրականացրել խորհրդարանի հետ եւ հույս հայտնել, որ գործակցությունը կլինի շարունակական:

Յենց Պիտերսեն Թոմզերը եւս արժեւորել է համագործակցությունը ՀՀ ԱԺ-ի հետ եւ վստահեցրել, որ աջակցությունը նախատեսված ծրագրերի իրականացմանը շարունակական կլինի: Նա տեղեկացրել է, որ հաջողությամբ համագործակցում են ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ հաշվեքննիչ պալատի եւ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հետ: Յենց Պիտերսեն Թոմզերը լիահույս է, որ կազմակերպված սեմինարը կնպաստի կառույցի կատարելագործմանը:

ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի ղեկավար Գագիկ Բարսեղյանն իր զեկույցում նշել է, որ կառույցի ստեղծման հիմնական նպատակը ՀՀ Սահմանադրությամբ եւ այլ իրավական ակտերով Ազգային ժողովին հանրային ֆինանսների ոլորտում վերապահված վերահսկողական լիազորությունների արդյունավետ իրականացմանը նպաստելն է՝ պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին եւ խմբակցություններին մասնագիտական աջակցություն ու տեղեկատվություն տրամադրելու միջոցով: Նրա խոսքով՝ կառույցն օժտված է գործառութային անկախությամբ:

Ըստ բանախոսի՝ Բյուջետային գրասենյակը 2016 թվականի հունվարից պատրաստել եւ շահառուներին է տրամադրել համեմատական վերլուծություններով տեղեկանքներ, որոնք վերաբերել են պետական բյուջեների նախագծերին ու կատարման հաշվետվություններին, եկամուտներին ու ծախսերին, ՀՀ հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշներին ու պետական պարտքին:

Փորձագետ Աշոտ Ավետիսյանն անդրադարձել է բյուջետային գրասենյակների գործառույթների ֆիսկալ կարգապահությանը, ռեսուրսների ռազմավարական տեղաբաշխմանը, տնտեսական կանխատեսմանը, եկամուտների եւ ծախսերի վերլուծությանը:

Փորձագետ Աշոտ Եղիազարյանը ներկայացրել է զեկույց, որը վերաբերել է կառույցի գործառույթներին, մասնավորապես հանրային ծառայությունների տրամադրման եւ դրանց արդյունավետության գնահատման խնդիրներին: