Տպել
05.07.2018
ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խումբը քննարկել է ԱԺ «Ելք» խմբակցության առաջարկները
1 / 4

ՀՀ Ազգային ժողովում ներկայացված ՀՀԿ, ՀՅԴ, «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների երեքական ներկայացուցիչներից կազմված ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը հուլիսի 5-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ քննարկմանը տեխնիկական խնդիրների պատճառով չեն մասնակցում ՀՀ կառավարությունում ձեւավորված Ընտրական օրենսդրության բարեփոխման հանձնաժողովի լիազոր ներկայացուցիչները: Նա առաջարկել է քննարկել կառավարությունում եւ խորհրդարանում նույն նպատակով ձեւավորված խմբերի աշխատանքը որեւէ ձեւաչափով համատեղելու հարցը: Նիստի մասնակիցները կարեւորել են մեկ միասնական նախագծի քննարկումը եւ ներգրավված բոլոր կողմերի փոխհամաձայնությունը:

Անդրադարձ է կատարվել նաեւ գործընթացին արտախորհրդարանական քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների մասնակցության ձեւաչափին: Որոշվել է վերջիններիս առաջարկների ներկայացման համար տրամադրել 15-օրյա ժամկետ. առաջարկները կքննարկվեն աշխատանքային խմբում:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության 10 առաջարկները ներկայացրել է Լենա Նազարյանը: Առաջարկվում է զորամասերում առանց անցագրային ու գաղտնիության ռեժիմի փոփոխման ապահովել հավասար քարոզչական պայմաններ: Կուսակցությունները տպագրած քարոզչական նյութերը պետք է հանձնեն ՊՆ, որտեղից այդ նյութերը բաշխվեն զորամասերով:

«Ելք»-ն առաջարկում է ԱԺ ընտրությունների ժամանակ հանրային ռադիոյով եւ հեռուստատեսությամբ բանավեճերի կազմակերպում:

Մեկ այլ առաջարկով փորձ է արվում թույլ չտալ անձը հաստատող անվավեր փաստաթղթով քվեարկություն:

Քաղաքացիներին փոստային առաքմամբ ուղարկվող ծանուցումներն առաջարկվում է փոխարինել առավել քիչ բյուջետային միջոցներ պահանջող մեթոդով:

Հաջորդ առաջարկները վերաբերվում են տարածքային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովները տեսախցիկներով կահավորելուն, ընտրակաշառքի եւ ընտրությունների արդյունքների կեղծման համար պատիժը խստացնելուն, կուսակցությունների եւ դաշինքների անցողիկ շեմը նվազեցնելուն:

Ելքի մեկ այլ առաջարկով նախատեսվում է քվեարկած անձանց ցանկերի հրապարակում ոչ միայն ստորագրված ցուցակների, այլեւ էլեկտրոնային գրանցման սարքերի տվյալների հրապարակմամբ, որը կունենա որոնման հնարավորություն:

Առաջարկվում է նաեւ արգելել ընտրական հանցագործություններ կատարած անձանց եւ շահերի բախում ունեցողներին ՏԻՄ ընտրություններում լինել հանձնաժողովի անդամ, սահմանել պարզ համամասնական ընտրակարգ՝ փակ ցուցակներով:

Աշխատանքային խմբի հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 6-ին՝ ժամը 12:00-ին:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...