Տպել
09.07.2018
Մարգարիտ Եսայանի ելույթը Ֆրանկոֆոնիայի ԽՎ 44-րդ լիագումար նիստի քաղաքական հարցերի հանձնաժողովում
1 / 4

Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը ելույթ է ունեցել  Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ի 44-րդ լիագումար նիստի քաղաքական հարցերի հանձնաժողովում:

«Հարգելի գործընկերներ,

ողջունում եմ ձեզ Ֆրանկոֆանիայի ԽՎ-ի լիագումար 44-րդ  նիստի անցկացման կապակցությամբ: Ֆրանկոֆոն աշխարհն այս տարի բավական հագեցած օրակարգով է աշխատում, ինչը խիստ կարեւոր է միասին ապրելու եւ միասին աշխատելու   կարգախոսն իրականություն դարձնելու համար: Արդեն հոկտեմբերին  Հայաստանի մայրաքաղաքում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության  17-րդ  նիստը  եւ,  կարծում եմ, ձեր երկրները հավուր պատշաճի ներկայացված կլինեն այս  կարեւոր  համաժողովին: Սա իմ երկրի համար անչափ կարեւոր է եւ կարեւոր է հատկապես հիմա: Վստահ եմ՝ բոլորդ   այս տարվա մարտ-ապրիլ-մայիս ամիսներին ուշի-ուշով հետեւել եք հայաստանյան իրադարձություններին, փափուկ իշխանափոխությանը, որը տեղի ունեցավ մեր երկրում:

Գիտեք, որ այս տարվա ապրիլից Հայաստանն ընկղմվեց աննախադեպ քաղաքական գործընթացների հորձանուտը. տասնյակ հազարավոր ընդիմադիրների ցույցերը հանգեցրին ապրիլի 23-ին երկրի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին, ով ընդամենը 6 օր առաջ էր ընտրվել վարչապետ խորհրդարանի կողմից` մինչ այդ տասը տարի լինելով երկրի ղեկավարը:

Հայաստանի ներկա իրավիճակը բացառիկ է մի քանի առումով: Նախեւառաջ, Հայաստանն աշխարհի այն եզակի երկրներից է, որտեղ  ժողովրդին, ընդդիմությանը հաջողվեց վերցնել իշխանությունը ոչ բռնի ցույցերի արդյունքում: Երեքշաբաթյա հանրահավաքների ընթացքում չգրանցվեց անկարգության ոչ մի դեպք, վանդալիզմի եւ անբարեկիրթ ոչ մի գործողություն չխարանեց համաժողովրդական ընդվզման հավաքները: Հարկ է նշել նաեւ, որ պաշտոնից հեռացող երկրի ղեկավարը զերծ մնաց ուժի կիառումից` կառչած չմնալով իշխանության: Թերեւս սա   ժողովրդավարության շատ հաջողված  բաց դաս կարող է  դառնալ   շատ   երկրների համար:

Համաժողովրդական այս համախմբումը յուրօրինակ էր նաեւ այն առումով, որ չուներ «աշխարհաքաղաքական օրակարգ»: Այս «թավշյա իշխանափոխության» ոչ մի դրվագում աշխարհաքաղաքականությունը դերակատարում չունեցավ: Ինչպես ընդդիմության ոչ մի ղեկավար, այնպես էլ իշխանության ոչ մի ներկայացուցիչ փորձ անգամ  չարեցին ներգրավելու միջազգային քաղաքականությունը:

Երեքշաբաթյա ընդվզման արդյունքում Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո` մայիսի 8-ին, ընդդիմության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվեց վարչապետ: Երկրի կայունությունը պահպանելու նպատակով Սերժ Սարգսյանն անձամբ էր պնդել, որ մեծամասնություն կազմող հանրապետականներն ապահովեն անհրաժեշտ 53 քվեները` Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելու համար:

Արդեն նախկին իշխող ուժը` ՀՀԿ-ն, պարզ հայտարարեց, որ չի խանգարելու, հակառակը` աջակցելու է, որպեսզի  ժողովրդի թեկնածուն ընտրվի վարչապետ, ինչպես նաեւ աջակցելու է, որ նոր կառավարության ծրագիրն ընդունվի առանց դժվարությունների: Նաեւ հետագա աշխատանքներում որպես կառուցողական ընդդիմություն՝ ՀՀԿ-ն աջակցում եւ աջակցելու է նոր կառավարությանը:

Այս օրերին մեր երկրում ընթանում է «Ընտրական օրենսգիրքը» փոփոխելու գործընթաց, եւ քաղաքական բոլոր ուժերը խորհրդարանում եւ դրանից դուրս, ինչպես նաեւ կառավարությունը աշխատում են  միասնական, կողմերի համար ընդունելի օրենսգրքի մշակման  ուղղությամբ: Կարծում եմ` խորհրդարանական արտահերթ ընտրությունները, որին սպասում  է հասարակությունը, չի կարող լինել  հապշտապ, քանի դեռ մեր երկրում  տեղի չի ունեցել կարեւոր եւ պատասխանատու միջոցառումը` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ վեհաժողովը, որից հետո Հայաստանը պիտի դառնա այս կառույցում նախագահող երկիր:

Կառավարության նոր ղեկավարը եւս իր ընտրվելուց հետո հայտարարեց, որ Հայաստանը հավատարիմ կմնա միջազգային իր բոլոր պարտավորություններին, չի շեղվի իր տնտեսական եւ անվտանգության պարտավորություններից եւ կասկածի տակ չի դնի ոչ Եվրասիական տնտեսական միությանը, ոչ ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը, ոչ էլ ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիրը:

Նորընտիր վարչապետը եւ նոր կառավարությունը վերահաստատեցին Հայաստանի հանձնառությունը` պատշաճ ձեւով հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն այս տարվա  հոկտեմբերի 11-13-ը  եւ ապահովել նրա լիակատար հաջողությունը:  Մեր պետությունը պատրաստ է ընդունել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի մասնակիցներին` կազմակերպելու աշխատանքները միջազգային բոլոր նորմերին համապատասխան:

ՀՀ-ն սպասում է այս կարեւոր միջոցառմանը  եւ սպասում է  բոլորիդ:

Բարի գալուստ Հայաստան: «Ապրել միասին» կարգախոսը պիտի բոլորիս համար դառնա սիրելի եւ հոգեհարազատ»,- նշել է Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:
 


09.07.2018
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ ԴԺ ԴԽ միջազգային հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 9-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները եւ պատրաստակամություն հ...