Տպել
11.07.2018
«Արցախի ժողովրդի անկախության եւ ազատության պայքարը դատապարտված է հաղթական ավարտի». Էդուարդ Շարմազանովը՝ Լեհաստանի Սենատի փոխնախագահին
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 11-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Սենատի փոխնախագահ Միխալ Սեւերինսկու հետ:

Կողմերը կարեւորել են հայ-լեհական հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ խորհրդարանական ձեւաչափով համագործակցությունն իր ուրույն դերն ունի երկկողմ օրակարգը հարստացնելու եւ բարեկամական կապերն առավել խորացնելու գործում:

Էդուարդ Շարմազանովը երախտագիտություն է հայտնել Լեհաստանի Սենատին ու Սեյմին՝ 2017 թվականին Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակի կապակցությամբ հատուկ բանաձեւեր ընդունելու համար: ԱԺ փոխնախագահը նշել է, որ հայերը դարեր շարունակ ապրել եւ արարել են Լեհաստանում, ներգրավված են եղել հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում՝ կարեւոր ներդրում ունենալով երկրի զարգացման գործում:

Խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին՝ ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է Լեհաստանի Սենատի ու Սեյմի կողմից փաստաթղթի վավերացումը: Նա փաստել է, որ Հայաստանի ապագան ժողովրդավարական աժեքների զարգացումն է:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային մարտահրավերներին: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը մտահոգիչ է համարել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունն ու ռազմատենչ հռետորաբանությունը: ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ Հայաստանը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում, հայտնի երեք սկզբունքների հիման վրա:

«Արցախի ժողովրդի անկախության եւ ազատության պայքարը դատապարտված է հաղթական ավարտի»,-նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին՝ Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ ի տարբերություն Լեհաստանի, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան շարունակում է ժխտողականության քաղաքականությունը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության համար:

Հանդիպմանը ներկա է եղել Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...