Տպել
30.07.2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ընդունել է Ինդոնեզիայի Խորհրդատվական ժողովի պատվիրակությանը
1 / 4

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հուլիսի 30-ին ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության Խորհրդատվական ժողովի փոխնախագահ Մահյուդինի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակության անդամներին` Հայաստան-Ինդոնեզիա միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Միքայել Մելքումյանն ընդգծել է պատգամավորական բարեկամական խմբերի աշխատանքի կարեւորությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Խորհրդատվական ժողովի փոխնախագահը հույս է հայտնել, որ խմբերն ակտիվորեն կհամագործակցեն` իրականացնելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող փոխշահավետ ծրագրեր:

Պատվիրակության ղեկավարը հայաստանյան կողմին հրավիրել է մասնակցելու 2018 թվականի սեպտեմբերի 12-13-ը Բալիում կայանալիք խորհրդարանական համաժողովին:

Միքայել Մելքումյանը ներկայացրել է ՀՀ խորհրդարանի կառուցվածքն ու գործունեությունը, անդրադարձել երկրում իրականացվող բարեփոխումներին:

Քննարկվել են նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական կապերին, ապրանքաշրջանառության ծավալների մեծացման հնարավորություններին եւ ուղիներին, զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` երկուստեք ընդգծելով միայն խաղաղ ճանապարհով  լուծում գտնելու կարեւորությունը:

Երեւանում գտնվող Ինդոնեզիայի Հանրապետության Խորհրդատվական ժողովի փոխնախագահ Մահյուդինի գլխավորած պատվիրակության անդամները հուլիսի 28-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: