Տպել
30.07.2018
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Սպառողների ազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ
1 / 3

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հուլիսի 30-ին հանդիպել է Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանի եւ ասոցիացիայի ներկայացուցիչների հետ:

Ասոցիացիայի անդամները ներկայացրել են «Առանց ծխախոտի Հայաստան» ծրագիրը, որտեղ թիրախային խումբ որպես պասիվ ծխողներ՝ ընտրված են երեխաները եւ կանայք: Քննարկվել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որն առաջիկայում կներկայացվի խորհրդարանին:

Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով ծխախոտի օգտագործման առողջապահական հետեւանքներին, նշել է, որ որեւէ մեկը չի ոտնահարում ծխողների իրավունքը, դա իրենց ընտրությունն է, բայց պետք է պաշտպանել նաեւ չծխողների, կանանց եւ երեխաների իրավունքը: Վիճակագրության համաձայն՝ երեխաների եւ կանանց մոտ չարորակ նորագոյացությունների տոկոսը մեծացել է: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ որպես հանրապետության պատվավոր դոնոր՝ ինքը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում այդ խնդիրը: Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝ առողջապահական այս հարցն ազգային անվտանգությանն է առնչվում եւ իշխանության օղակների համալիր ու թիրախավորված աշխատանքի անհրաժեշտություն կա:

Հանդիպման ընթացքում առաջիկայում կանանց մասնակցությամբ հակածխախոտային թեմայի շրջանակում միջոցառում կազմակերպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, որին կմասնակցեն նաեւ ԱԺ խորհրդարանական խմբակցությունների կին պատգամավորներ: