Տպել
02.09.2018
Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության օրվա առթիվ
1 / 1

«Սիրելի՛ հայրենակիցներ,

շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ եւ խոնարհվում բոլոր նրանց պայծառ հիշատակի առջեւ, ովքեր ընկան հայոց երկրորդ պետության անկախությունը պաշտպանելու ճանապարհին:

Արցախի ժողովուրդն իր անբեկանելի որոշումը կայացրեց ռազմական ու քաղաքական դժվարին եւ անորոշ մի ժամանակաշրջանում, երբ թերեւս միակ որոշակի ու հստակ իրողությունը հայրենի հողին սպառնացող վտանգի ահագնացումն էր: Պատմությունն ապացուցեց, որ անկախության հռչակումն էր արցախահայության` իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքի պաշտպանության միակ ուղին: Իսկ արցախահայությունն ապացուցեց, որ կարող է հաղթել, բուժել պատերազմի վերքերը, արարել ու շենացնել իր լեռնաշխարհը: Եվ ավելին, հաստատակամորեն հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ կառուցել ժողովրդավարական հասարակարգ, որը պետության ու հասարակության զարգացման կարեւորագույն գրավականն է:

Սեպտեմբերի 2-ը համայն հայության տոնն է, որը մենք նվաճել ենք համազգային պայքարի արդյունքում, եւ Հայաստանը շարունակելու է ըստ ամենայնի աջակցել Արցախի Հանրապետության անկախության հետագա ամրապնդմանը:

Հայաստանի Հանրապետության խորհրդարանի եւ իմ անունից կրկին շնորհավորում եմ Արցախի ողջ ժողովրդին այս նվիրական տոնի առթիվ: Շնորհավորանքի ու գնահատանքի խոսք եմ ուղղում նաեւ բոլոր նրանց, ովքեր իրենց ավանդն են ունեցել Արցախի Հանրապետության պաշտպանության ու զարգացման գործում:

Սիրելի արցախցիներ, ցանկանում եմ ձեզ նորանոր հաջողություններ պետականաշինության, օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործման, ժողովրդավարության ամրապնդման եւ տնտեսության զարգացման ասպարեզներում:

Մաղթում եմ խաղաղություն, առաջընթաց եւ բարօրություն»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:


02.09.2018
«Արցախի շահերի պաշտպանությունը մեր սուրբ պարտականությունն է». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի եւ պատգամավորների հետ: Կողմերը քննարկել են հայկական երկու պետությունների խորհրդարանների համագործակցությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահ...