National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.9.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
05.09.2018
Տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
1 / 12

Սեպտեմբերի 5-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ հրավիրած նիստում առաջին ընթերցումով քննարկել է ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Գեւորգ Կոստանյանը նշել է, որ նախագիծը լրամշակվել է:

Հեղինակի խոսքով՝ նախագծի ընդունումն անհրաժեշտ է վարչական տուգանքի ենթարկված անձանց տուգանքների վճարման համար ողջամիտ ժամկետ տրամադրելու համար: Վարչական պատասխանատվության ենթարկված անձի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան դրա օրենքով սահմանված կարգով անբողոքարկելի դառնալը, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ քան, օրենքով սահմանված կարգով անբողոքարկելի դառնալը:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը նշել է, որ փոփոխությունը բխում է բարեխիղճ քաղաքացիների շահերից:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի եւ Անդրանիկ Հարությունյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը քննարկվել է առաջին ընթերցման ընթացակարգով: Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ առաջարկվում է ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում Կառավարության ներկայացուցչի՝ հարակից զեկուցմամբ հանդես գալը սահմանել ոչ թե հայեցողական, այլ պարտադիր լիազորություն:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Գեւորգ Պետրոսյանը կարեւորել են առաջարկի ընդունումը:

«Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս քննարկվել է առաջին ընթերցումով. այն ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Օտարվող սեփականության նկարագրության արձանագրության մեկ օրինակը, այն կազմելուց հետո ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, պատշաճ ձեւով ուղարկվում է սեփականատիրոջը եւ սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցող անձանց, որոնք իրավունք ունեն արձանագրությունն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում, այն բողոքարկել լիազոր մարմնին կամ դատարան:

Առաջին ընթերցումով քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հեղինակը նշել է, որ քաղաքացիական գործի քննության ընթացքում պատասխանողի կողմից հայցապահանջները կամավոր կատարելու հետեւանքով գործի վարույթը կարճվելու դեպքում դատարանը դատական ծախսերի հատուցման պարտականությունը դնում է պատասխանողի վրա: Օրենսգրքով դրամական պահանջներով հայց ներկայացնելու համար դատական ծախսերի մաս կազմող պետական տուրքի չափը որոշվում է հայցագնի հիման վրա, որի մեջ մտնում են նաեւ պահանջվող տուժանքի (տուգանքի, տույժի) եւ տոկոսների գումարները: Սակայն օրենքով չի հստակեցվում տուժանքի եւ տոկոսների հաշվարկման ժամկետները, դրանք սահմանվում են ստորադաս իրավական ակտով` ՀՀ դատարանների նախագահների խորհրդի թիվ 129 որոշմամբ, որով դատարանը հաշվարկում է վերը նշած տուժանքներն ու տոկոսները դատարանի վերջնական դատական ակտ կայացնելու օրվա դրությամբ: Դատական գործերը դատարաններում կարող են քննվել ամիսներով ու տարիներով, եւ վերջնական դատական ակտը կարող է կայացվել քաղաքացու հայցապահանջն ամբողջությամբ կատարելու օրվանից հետո մի քանի ամիս անց միայն:

Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է վերադաս իրավական ակտով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրել տուգանքի եւ տոկոսների հաշվարկման ժամկետները, ինչպես նաեւ ազատել քաղաքացուն անիմաստ եւ ոչ օբյեկտիվ գործոններով պայմանավորված լրացուցիչ գումարների վճարումից: Նա նշել է, որ գործող օրենքով խնդիրը կարգավորվում է, բայց ոչ հստակ ձեւակերպումներով:

Գեւորգ Կոստանյանի խոսքով՝ ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշումը հակասում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին, սակայն գործող կարգավորում է, քանի որ դատավորների համար ունի խորհրդատվական բնույթ: Նրա գնահատմամբ՝ կարեւոր նախաձեռնություն է՝ միտված քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը:

Հարակից զեկույցում Արփինե Հովհաննիսյանն առաջարկել է գործընկերներին դրական եզրակացություն տալ նախագծին:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ ըստ գործադրի՝ օրենքի նախագծով առաջարկվող կարգավորման անհրաժեշտությունը բացակայում է:

«Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցումով քննարկվել է Արթուր Հովհաննիսյանի ներկայացմամբ: Նախագծերով առաջարկվում է արգելանքի վերցված անձանց պարզաբանման ենթակա իրավունքների շարքում ներառել ծանուցման պահից 15 օրացուցային օրվա ընթացքում փախստականի կարգավիճակ ձեռք բերելու կամ ապաստանի համար դիմելու իրավունքը, սահմանել լիազոր պետական մարմնի կողմից հիշյալ խումբ անձանց ներկայացրած դիմումներն արագացված ընթացակարգով քննարկելու, որոշում կայացնելու եւ այդ մասին անհապաղ դիմումատուին տեղեկացնելու կարգ, օրենսդրորեն արգելել նույն հիմքով երկրորդ անգամ դիմումի ներկայացումը, սահմանել կայացված բացասական որոշումը վարչական դատարան բողոքարկելու 10-օրյա ժամկետ: Գործադիրն առաջարկում է սահմանել վարչական դատարանի կողմից հայցադիմումը քննության առնելու եւ համապատասխան դատական ակտ կայացնելու ու հրապարակելու մեկամսյա ժամկետ, նախատեսել վարչական դատարանի կայացրած գործն ըստ էության լուծող դատական ակտը վերաքննիչ դատարան բողոքարկելու 10-օրյա ժամկետ, Վերաքննիչ դատարանում գործի քննության, դատական ակտի կայացման ու հրապարակման 15-օրյա ժամկետ, Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտի դեմ վճռաբեկ ներկայացնելու 5-օրյա ժամկետ, Վճռաբեկ դատարանի կողմից բողոքի քննության եւ համապատասխան դատական ակտի կայացման ու հրապարակման 5-օրյա ժամկետ:

Քննարկմանը հրավիրված են եղել նաեւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները, ովքեր մի շարք առաջարկներ էին ներկայացրել հանձնաժողովին: Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ՄԱԿ-ի, Կառավարության ներկայացուցիչների եւ հանձնաժողովի անդամների մասնակցությամբ հարցը մանրամասն քննարկել:

Քննարկվել է «ՀՀ կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը նշել է, որ համաձայնագրի նպատակն է խորացնել եւ ամրապնդել համագործակցությունը հանցագործությունների կանխարգելման, բացահայտման եւ հանցագործություն կատարած անձանց պարզելու ուղղությամբ, մասնավորապես ինչպես ռազմավարական եւ գործառնական տեղեկատվության փոխանակման, այնպես էլ բոլոր համապատասխան մակարդակների իրավասու մարմինների միջեւ անմիջական շփումների միջոցով:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը եւս առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել Արթուր Հովհաննիսյանը: Նախագծերով առաջարկվել է բացառել իրավաբանական անձի կողմից կնիքի կիրառման անհրաժեշտությունը:

Քննարկված հարցերն ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ ընդգրկվելու ԱԺ վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցումով:

Առաջարկվում է քրեականացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.10-րդ հոդվածով նախատեսված արարքները՝ դրանց համար որպես պատիժ սահմանելով ոչ միայն տուգանք, այլեւ ազատազրկում: Ըստ զեկուցողի՝ դա թույլ կտա ոչ միայն ապահովել պատժի համարժեքությունն արարքի հանրային վտանգավորությանը, այլեւ առավել արդյունավետորեն կանխարգելել նման արարքները: Ակնկալվում է, որ անբարեխիղճ թեկնածուները եւ կուսակցությունները կզրկվեն ընտրակաշառքի բաժանումը բարեգործության անվան տակ քողարկելու դեպքում առավել մեղմ, վարչական պատասխանատվության ենթարկվելու հնարավորությունից:

Առաջարկվող կարգավորմամբ ակնկալվում է հստակեցնել ընտրակաշառք տալու սուբյեկտիվ կողմի օրենսդրական ամրագրումը, ինչպես նաեւ քրեականացնել ներկայումս հանցագործություն չհամարվող մի շարք արարքներ՝ ընտրողի կողմից կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելը, կաշառք խնդրելը, ընտրողին կաշառք առաջարկելը, սեփական քվեարկության գաղտնիությունը դիտավորությամբ խախտելը: Նախատեսվում է, որ փոփոխությունների արդյունքում բարեխիղճ քաղաքացիների մոտ կվերանա այլ անձի փոխարեն քվեարկելու մասին ընտրական հանձնաժողովներին հայտարարություն տալու կաշկանդվածությունը:

Փոփոխությունների արդյունքում էականորեն կավելանա ընտրական տեղամասերում կարգուկանոնը, օրինականության մթնոլորտը: Փոփոխությունները հնարավորություն կտան ավելացնելու ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը եւ արմատապես նվազեցնել ընտրությունների ժամանակ հանցագործությունների ու հանցափորձերի թիվը:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահ տեղակալ Ռուստամ Մախմուդյանը կարծիք է հայտնել, որ Կառավարությունը շտապողականություն է ցուցաբերել եւ նախագիծն այս տեսքով ընդունելի չէ: Նա բարձրացրել է մարդու իրավունքների պաշտպանության հարցը:

Ողջունելով Կառավարության կողմից ընտրախախտումների համար սահմանված պատժի խստացումը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներն իրենց ելույթներում եւ հարցադրումներում անդրադարձել են ընտրողի կողմից կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելը, կաշառք խնդրելը, ընտրողին կաշառք առաջարկելը, սեփական քվեարկության գաղտնիությունը դիտավորությամբ խախտելը հասկացությունների, քարոզչության հետ միաժամանակ բարեգործություն իրականացնելու, ընտրակաշառք բաժանելու հարցում ապացուցողական բազայի հստակեցման անհրաժեշտությանը: Անդրադարձ է կատարվել նաեւ նախագծի կանխատեսելիության եւ որոշակիության հարցին, հանրային իրազեկման կարեւորությանը: 

Գեւորգ Կոստանյանի գնահատմամբ՝ ընտրական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ են հստակ իրավակարգավորումներ: Նա առաջարկել է գործընկերներին դրական եզրակացություն ներկայացնել՝ արտահայտելով ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշում: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծի լրամշակումը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին, որն ընդգրկված է սեպտեմբերի 6-ին կայանալիք արտահերթ նստաշրջանի օրակարգում:

Երկրորդ ընթերցումով քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք» եւ կից օրենսդրական փաթեթի եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ հրավիրված նիստում քննարկել է ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվող մի շարք հարցեր:

«Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ հանձնաժողովականներին է ներկայացրել հիմնական զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Օրենքն ընդունվել է 2011 թվականի մայիսի 25-ին: Ներկայում ՀՀ-ում գործում է չորս ազատ տնտեսական գոտի, որոնցում գործունեության թույլտվություն է ստացել 13 շահագործող: Ըստ նախարարի՝ առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են առ այսօր ի հայտ եկած խնդիրների լուծման, ինչպես նաեւ 2010թ. հունիսի 18-ի «Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ) տնտեսական գոտիների եւ ազատ մաքսային գոտի մաքսային ընթացակարգի հարցերով» համաձայնագրի եւ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Նախագծով հստակեցվում են լիազոր մարմնի, կազմակերպչի եւ շահագործողների պարտավորությունները, ազատ տնտեսական գոտիների շահագործման հետ կապված հարաբերությունները, սահմանագծին ներկայացվող պահանջները, լուծարման ընթացակարգը, մաքսային կարգավորումները:

Հանձնաժողովի անդամների հարցերը վերաբերել են ազատ տնտեսական գոտիներում համապատասխան ենթակառուցվածքներով ապահովելուն, մասնավոր ներդրողների համար նպաստավոր պայմաններ ստեղծելուն:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նրա ներկայացմամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2011թ. գործում է «911» ծառայությունը, որն իրականացնում է տարաբնույթ ահազանգերի սպասարկում, ահազանգողներին ցուցաբերում բժշկական եւ հոգեբանական խորհրդատվություն ու աջակցություն, կազմակերպում ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքում՝ ներգրավելով համապատասխան ուժեր ու միջոցներ: Գործունեության տարիներին ծառայությունը սպասարկել է 6 միլիոնից ավելի զանգ, եւ այս ցուցանիշն ունի աճի միտում: Դրանց գերակշիռ մեծամասնությունը հիմնականում կրում է կենցաղային բնույթ, իսկ արտակարգ դեպքերի 98%-ից ավելին՝ խնդրահարույց չեն: Սակայն, գրանցվում են նաեւ այնպիսիք, երբ ահազանգողն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ոչ միայն ճշգրիտ, այլեւ՝ մոտավորապես տրամադրել դեպքի վայրի հասցեն, այն պարագայում, երբ անհապաղ օգնության կարիք են զգում մեր քաղաքացիները, ակնկալվում է տարբեր օպերատիվ ծառայություների, մասնավորապես, ոստիկանության կամ շտապօգնության արձագանքում: Նման իրավիճակներում զգալի ուշանում է արձագանքումն ու անհետաձգելի օգնության ցուցաբերումը, առաջանում է լրացուցիչ ուժեր ներգրավելու անհրաժեշտություն: Ըստ բանախոսի՝ իրավիճակն էապես կփոխվի, եթե օպերատորը հնարավորություն ունենա տեղորոշել ահազանգողի գտնվելու վայրը: Տեղորոշման համակարգերը տարիներ շարունակ արդյունավետ կիրառվում են ԱՄՆ-ի «911», Եվրամիության գրեթե բոլոր երկրների «112» ահազանգման կենտրոններում, եւ այս փորձը տարածում է գտնում ամբողջ աշխարհում: Կարեւորելով մարդու կյանքի եւ առողջության առաջնայնությունը՝ «911», «112», «102» եւ «103» ծառայություններում ահազանգողի տեղորոշման համակարգի ներդրումը հանդիսանում է անհրաժեշտ գործընթաց, որի շնորհիվ զգալի կնվազի օգնության ցուցաբերման ժամանակահատվածը, կիրականացվի թիրախային արձագանքում, կկանխվի ավելորդ ուժերի վատնումը: Քննարկման ընթացքում պատգամավորները կարեւորել են նախագծի անհրաժեշտությունը:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է նաեւ «1997 թվականի սեպտեմբերի 20-ի՝ ՀՀ կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ բանախոսի՝ առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2017թ. հունիսի 29-ին ստորագրված «1997 թվականի սեպտեմբերի 20-ի՝ ՀՀ կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը: Նա նշել է, որ համաձայնագրով կարգավորվում են երկու պետությունների միջպետական ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների իրականացման մեխանիզմները: Համաձայնագրում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունն առաջացել է ՀՀ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո: Իրականացվող փոփոխությունների արդյունքում երկու անդամ պետությունները կազատվեն մուտքի, ելքի, տարանցման եւ ԵՏՄ անդամ երկրների տարածքում դեպի 3-րդ երկիր եւ 3-րդ երկրից միջազգային բեռնափոխադրումների իրականացման համար թույլտվությունների պարտադիր պահանջից: Դա կհանգեցնի երկու երկրների միջեւ միջազգային բեռնափոխադրումների գործընթացի դյուրացմանը, բեռնափոխադրումների իրականացման ժամանակի եւ ծախսերի կրճատմանը:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ներկայացրել է «Օդային հաղորդակցությունների մասին` ՀՀ կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության կառավարության միջեւ» համաձայնագիրը վավերացնելու մասին» եւ «ՀՀ կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցության մասին» համաձայնագիր» ՀՀ օրենքների նախագծերը, որոնց ընդունման պարագայում կապահովվեն համաձայնագրերի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Հանձնաժողովն առաջարկել է առաջին ընթերցմամբ վերոնշյալ օրենքների նախագծերը դրական եզրակացությամբ ընդգրկել ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

Հիմնական զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի ներկայացմամբ՝ օրենքի նախագիծը նպատակ ունի տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2017 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաեւ ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը՝ հնարավորություն տալով իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացին:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ հրավիրված նիստում եւս քննության է առել վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելիք հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը երկրորդ ընթերցման է ներկայացրել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային, կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների, ռազմաուսումնական, ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների եւ սովորողների սոցիալական երաշխիքների ապահովման անհրաժեշտությամբ: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջրկվում է վերոնշյալ անձանց վճարվող դրամական ապահովության գումարների վրա բռնագանձումներ չկիրառել:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը գործընկերներին տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո առաջարկություններ չեն ներկայացվել:

Պատգամավորները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին՝ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի, Գեւորգ Կոստանյանի, Անդրանիկ Հարությունյանի հեղինակած «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հեղինակների առաջարկությամբ հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Ըստ նրա՝ նախաձեռնությամբ նախատեսվում է, որ աշխատանքային պայմանագիրը հնարավոր լինի լուծել ոչ միայն աշխատողի կողմից ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքի վայր չներկայանալու, այլեւ ներկայանալու դեպքում աշխատանքային պարտականությունների կատարմանը ձեռնամուխ չլինելու դեպքում: Զեկուցողը նշել է, որ, ըստ էության, աշխատանքի վայր չներկայանալը եւ աշխատանքի վայր ներկայանալու դեպքում աշխատանքային պարտականությունների կատարումից իսպառ հրաժարվելը վարքագծի նույն ծանրության դրսեւորումներ են, եւ օրենքը պետք է նույնանման վերաբերմունք ունենա դրանց նկատմամբ:

Օրինագծի վերաբերյալ կառավարության բացասական դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ խորհուրդ տալով զերծ մնալ նման կարգավորումից:

Նախագիծը չի ստացել դրական եզրակացություն՝ ԱԺ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

Օրենսգրքում առաջարկվող մեկ այլ լրացմամբ ակնկալվում է աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքի իրացումը նաեւ կիրառել համատեղությամբ աշխատողների հետ աշխատանքային փոխհարաբերություններում, ինչը նաեւ Վերանայված եվրոպական սոցիալական Խարտիայի ուղղակի պահանջն է:

Ներկայացնելով կառավարության դիրքորոշումը՝ Մանե Թանդիլյանն ընդունելի է համարել առաջարկը:

Օրինագիծը ստացել է դրական եզրակացություն՝ ԱԺ նստաշրջանի օրակարգի նախագում ընդգրկվելու համար:

Գեւորգ Պետրոսյանի ներկայացրած մեկ այլ լրացմամբ՝ ոլորտում առկա խնդիրներից խուսափելու համար առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածում սահմանել գործատուի կողմից գրավոր կերպով աշխատողից բացատրություն պահանջելու պարտականությունը:

Օրինագիծը ստացել է դրական եզրակացություն՝ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրագարգերի նախագծերում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը քննարկել է Օրնսդգրքում առաջարկվող մեկ այլ լրացում, որի համաձայն՝ աշխատողները, ում հետ աշխատանքային պայմանագիրը լուծվում է աշխատանքի էական պայմանները փոփոխելու առիթով աշխատանքը չշարունակելու պատճառով, իրականում օգտվեն գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում աշխատողի՝ օրենսգրքով սահմանված երաշխիքներից:

Օրինագիծը նստաշրջանի օրակարգի նախագծում կընդգրկվի ոչ դրական եզրակացությամբ:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող, ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի՝ փորձը ցույց է տալիս, որ գործատուի մոտ գործող արհմիությունները գրեթե միշտ ձեռնպահ են մնում աշխատողների շահերի պաշտպանության համար դատարան դիմելուց եւ լավագույն դեպքում սահմանափակվում է խորհրդատվական, զուտ մասնագիտական բնույթի գնահատականների փոխանակությամբ: Նախագծով առաջարկվում է սահմանել անկախ արհմիություն ստեղծելու եւ դրան անդամակցելու հնարավորություն, ինչը հասանելի կլինի տարբեր գործատուների մոտ աշխատող տարբեր մասնագիտություններ ունեցողների համար, եթե արհեստակցական միություններին անդամակցելը տվյալ կատեգորիայի աշխատողների համար արգելված չէ օրենքով: Այդպիսով անկախ արհեստակցական կազմակերպությունը կախվածություն չի ունենա որեւէ գործատուից եւ կֆինանասավորվի բացառապես աշխատողների անդամավճարներով եւ օրենքով չարգելված ցանկացած այլ աղբյուրից, ինչը լիարժեք ու ինքնուրույն գործելու ողջամիտ հեռանկար է ստեղծում արհեստակցական միության համար:

Օրինագիծը ստացել է դրական եզրակացություն՝ ԱԺ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

«Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ աշխատանքային միգրացիայի կարգավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Ըստ նրա՝ փաստաթղթի վավերացումը կնպաստի երկու պետությունների միջեւ աշխատանքային միգրացիայի արդյունավետ կարգավորմանը եւ աշխատանքային միգրանտների իրավունքների ու շահերի պաշտպանությանը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն՝ ԱԺ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին:

Հեղինակի առաջարկով հետ է կանչվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» նախագծի լրամշակված տարբերակի քվեարկությունը հետաձգել է մինչեւ երկամսյա ժամկետով:


05.09.2018
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...

05.09.2018
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...

05.09.2018
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

05.09.2018
Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

05.09.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ եւ հույս հայտնել, որ այցը կնպաստի փոխգործակցության զարգացմանն ու խորացմանը: Ազգային ժո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am