Տպել
07.09.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 6

Սեպտեմբերի 7-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը: Երկրորդ ընթերցումով քննարկվել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Սահմանվող կարգավորումների արդյունքում նախատեսվում է կանոնակարգել սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների` կարաոկեի, դիսկոտեկի, հեստապարային ակումբի, բաղնիքի եւ սաունայի տեղակայումը:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կառավարության առաջարկների հիման խմբագրական շտկումներ են կատարվել:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը հարակից զեկույցում կարեւորել է հանրության իրազեկման հարցում իրականացվող արդյունավետ աշխատանքը:

Քննարկվել է նաեւ «ՀՀ կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության միջեւ հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի խոսքով՝ համաձայնագրի շրջանակը ներառում է այն հիմնարար դրույթներն ու պայմանները, որոնց հիման վրա ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) աջակցում է ՀՀ կառավարությանը՝ ծրագրեր իրականացնելու համար: Այն կիրառվում է Տեխնիկական համագործակցության ծրագրերի (ՏՀԾ), Կառավարության գործակցային ծրագրերի (ԿԳԾ) եւ այլ փաստաթղթերի նկատմամբ: Համաձայնագիրը ներառում է դրույթներ ՀՀ-ում ՊԳԿ-ի ներկայացուցչության, ՀՀ կառավարության կողմից ՊԳԿ-ի աջակցության համար հայտ ներկայացնելու, ՀՀ կառավարության պարտավորությունների, ՊԳԿ-ի պարտավորությունների, ՀՀ-ում ՊԳԿ-ի ծրագրերի իրագործման, ինչպես նաեւ ծագած վեճերի լուծման կարգի վերաբերյալ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը կարեւորել է նախագծի ընդունումը:

Քննարկված նախագծերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը՝ ընդգրկվելով ԱԺ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը շրջանառությունից հանել է իր հեղինակած «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գագիկ Մինասյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը նշել է, որ կարգավորումների նպատակն է կանխարգելել դատվածություն ունեցող անձանց մուտքը ֆինանսական կազմակերպություններ:

Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն՝ ԱԺ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

«Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ գործող օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանվում է, որ մինչեւ հունիսի 1-ը Ազգային ժողով ներկայացվող տարեկան հաշվետվության մեջ պետք է ներառվեն միայն այն ընթացիկ եզրակացությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունները, որոնք Ազգային ժողով են ներկայացվել տարեկան հաղորդումը խորհրդարան ներկայացվելուց առնվազն մեկ ամիս առաջ: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ քանի որ եռամսյա ժամկետը բավարար է ավարտված հաշվեքննության վերաբերյալ ընթացիկ եզրակացությունն Ազգային ժողով ներկայացնելու համար, ապա 28-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է, որ խորհրդարան ներկայացվող տարեկան հաղորդման մեջ ներառվեն մինչեւ տվյալ տարվա ապրիլի 1-ը ԱԺ ներկայացված ընթացիկ եզրակացությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը: Գագիկ Մինասյանը նշել է, որ օրենսդիրին ներկայացվող հաղորդման մեջ կներառվեն նույնիսկ դեկտեմբերի վերջին ավարտված հաշվեքննությունների ընթացիկ եզրակացությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունները եւ խորհրդարանը շուրջ մեկ ամիս ավելի ժամանակ կունենա հաշվեքննությունների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները քննարկելու համար:

Օրինագիծը ստացել է դրական եզրակացություն՝ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2018 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը: Նախարարի տեղեկացմամբ՝ ընթացիկ տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցվել է տնտեսական ակտիվության՝ իրական արտահայտությամբ 8.9 տոկոս աճ:

Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը ներկայացրել է գրասենյակի հաշվետվությունը` 2018 թվականի երկրորդ եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ: Այն ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը քննարկել եւ միաձայն առաջադրել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար Մարտին Արտաշեսի Գալստյանի եւ ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար Կարեն Ալեքսանի Կարապետյանի թեկնածությունները: Վերջիններս ներկայացրել են իրենց կենսագրությունը, գործունեությունը, պատասխանել պատգամավորների հարցերին:

Թեկնածուներին ներկայացրել է ՀՀԿ խմբակցությունը:


29.04.2024
Ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում. Մերի Գալստյան
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին, որը կայացել է ապրիլի 29-30-ը՝ Լյուքսեմբուրգում:Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացո...

29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...