Տպել
10.09.2018
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո Ազգային ժողովն սկսել է վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի աշխատանքը
1 / 9

Սեպտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովը պետական օրհներգի հնչյունների ներքո սկսել է վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի աշխատանքը:

Խորհրդարանը հաստատել է չորրորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 10-ին գումարվող նիստերի օրակարգերը: Վերջինումս ներառվել է ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն չստացած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել են ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանը, Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը, Նորա Առուստամյանը, Վահե Էնֆիաջյանը, Հակոբ Նազարյանը, Արթուր Մանուկյանը, Լուիզա Սարգսյանը, Իվետա Տոնոյանը եւ Շաքե Իսայանը:

Նստաշրջանի օրակարգում ներառվել է նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքին առնչվող երկրորդ նախագիծը, որը եւս գլխադասային հանձնաժողովում դրական եզրակացություն չէր ստացել: Համահեղինակ Գեւորգ Պետրոսյանի խոսքով՝ նախագծերը նպատակ ունեն վերացնելու օրենսգրքում առկա անճշտությունները եւ ամրապնդելու աշխատողների շահերի պաշտպանությանը:

Խորհրդարանն այնուհետեւ քննարկել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը : Այդ թափուր պաշտոնում ընտրվելու համար ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկացրել է, որ Մարտին Գալստյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը, մյուս խմբակցություններից առաջարկներ չեն եղել:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է թեկնածուի մասնագիտական որակները՝ նշելով, որ նա տպավորիչ աշխատանքային եւ դասախոսական ճանապարհ է անցել, գլխավորել ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը: Գագիկ Մինասյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել Մարտին Գալստյանի թեկնածությանը:

Շնորհակալություն հայտնելով պատգամավորներին վստահության եւ իր թեկնածությունն առաջադրելու համար՝ Մարտին Գալստյանն անդրադարձել է ԿԲ գործունեությանն ու դրամավարկային քաղաքականությանը, դրական գնահատել գլխավոր դրամատան աշխատանքն ու իրականացված բարեփոխումները, ընտրվելու դեպքում՝ իր աշխատանքի առաջնահերթություններին:

ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ ԿԲ խորհրդի անդամի ընտրության գաղտնի քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10:30-ին՝ կես ժամ տեւողությամբ:

Խորհրդարանը քննարկել է նաեւ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: Այս պաշտոնում ընտրվելու համար ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությունն առաջադրել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը: ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրել է թեկնածուի անցած աշխատանքային ուղին, բարձր գնահատել նրա մասնագիտական ունակություններն ու աշխատանքային փորձը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ թեկնածուի մասնագիտական կարողությունները թույլ կտան նրան, ընտրվելու դեպքում, իրականացնելու այդ պատասխանատու աշխատանքը:

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել իր թեկնածությունն առաջադրելու համար, անդրադարձել իր աշխատանքային ուղուն, ընտրվելու դեպքում՝ իրականացվելիք ծրագրերին:

Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին:

Պատգամավորներն այնուհետեւ քննարկել են ՀՀ ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է կատարել լրացում, ըստ որի, վարչական իրավախախտում կատարելու համար նշանակված տուգանքը խախտողի կողմից ոչ ուշ, քան տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից հետո ութ օրվա ընթացքում մուծելու դեպքում վճարվում է վարչական ակտով նշանակված տուգանքի գումարի կեսը: Բացառություն կկազմեն սահմանված կարգով տարաժամկետված, գանգատարկված եւ բողոքարկված վարչական ակտերը, ինչպես նաեւ 44.1-րդ, 44.2-րդ, 45-րդ, 46-րդ, 47-րդ, 47.1-րդ, 47.3-րդ, 47.8-րդ, 49-րդ, 50-րդ, 51-րդ, 52-րդ, 53-րդ, 89-րդ, 91-րդ, 92-րդ, 93-րդ, 110.2-րդ հոդվածներով, 124-րդ հոդվածի 26-րդ եւ 31-րդ մասերով, 126-րդ, 128-րդ, 176-րդ, 177-րդ, 205-րդ հոդվածներով նախատեսված արարքների համար նշանակված տուգանքները եւ 112.2-րդ հոդվածով, 124-րդ հոդվածի 14-րդ եւ 18-րդ մասերով նախատեսված արարքները՝ վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու համար նշանակված տուգանքների:

Նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցումով քննարկել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Առաջին ընթերցումով քննարկվել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2011թ. գործում է «911» ծառայությունը: Գրանցվում են դեպքեր, երբ ահազանգողն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում տրամադրել դեպքի վայրի հասցեն եւ այդ իրավիճակներում զգալի ուշանում է արձագանքումն ու անհետաձգելի օգնության ցուցաբերումը: Փոխնախարարի խոսքով՝ իրավիճակն էապես կփոխվի, եթե օպերատորը հնարավորություն ունենա տեղորոշելու ահազանգողի գտնվելու վայրը:

Հակոբ Արշակյանը նշել է, որ «911», «112», «102» եւ «103» ծառայություններում ահազանգողի տեղորոշման համակարգի ներդրման շնորհիվ զգալի կնվազի օգնության ցուցաբերման ժամանակահատվածը, կիրականացվի թիրախային արձագանքում, կկանխվի ավելորդ ուժերի վատնումը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահան Հարությունյանը նշել է, որ նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նրա խոսքով՝ զանգի պահին ահազանգողի տեղը բացահայտելը բավարար է եւ կարիք չկա, որ դրանից հետո տվյալ հեռախոսահամարը տեւական ժամանակ լինի մոնիթորինգի դաշտում եւ այդ տվյալները տրամադրվեն երրորդ անձանց:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը ներկայացրել է «1997 թվականի սեպտեմբերի 20-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Համաձայնագրում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունն առաջացել է ՀՀ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո: Զեկուցողը նշել է, որ համաձայնագրով կարգավորվում են երկու պետությունների միջպետական ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների իրականացման մեխանիզմները: Իրականացվող փոփոխությունների արդյունքում երկու անդամ պետությունները կազատվեն մուտքի, ելքի, տարանցման եւ ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում դեպի 3-րդ երկիր եւ 3-րդ երկրից միջազգային բեռնափոխադրումների իրականացման համար թույլտվությունների պարտադիր պահանջից: Դա կհանգեցնի երկու երկրների միջեւ միջազգային բեռնափոխադրումների գործընթացի դյուրացմանը, բեռնափոխադրումների իրականացման ժամանակի եւ ծախսերի կրճատմանը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելիքյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության միջեւ հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Նախարարի խոսքով՝ համաձայնագրի շրջանակը ներառում է այն հիմնարար դրույթներն ու պայմանները, որոնց հիման վրա ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունն (ՊԳԿ) աջակցում է ՀՀ կառավարությանը՝ ծրագրեր իրականացնելու համար: Այն կիրառվում է Տեխնիկական համագործակցության ծրագրերի (ՏՀԾ), Կառավարության գործակցային ծրագրերի (ԿԳԾ) եւ այլ փաստաթղթերի նկատմամբ: Համաձայնագիրը ներառում է դրույթներ ՀՀ-ում ՊԳԿ-ի ներկայացուցչության, ՀՀ կառավարության կողմից ՊԳԿ-ի աջակցության համար հայտ ներկայացնելու, ՀՀ կառավարության պարտավորությունների, ՊԳԿ-ի պարտավորությունների, ՀՀ-ում ՊԳԿ-ի ծրագրերի իրագործման, ինչպես նաեւ ծագած վեճերի լուծման կարգի վերաբերյալ:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը նշել է, որ գործադիրի հետ նախնական համաձայնություն է ձեռք բերվել ծրագրի իրականացման ընթացքը դիտարկելու նպատակով առաջիկայում այցելություններ կազմակերպել համապատասխան ստորաբաժանումներ: Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ներկայացրել է «Օդային հաղորդակցությունների մասին` ՀՀ կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության կառավարության միջեւ համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Համաձայնագրի վավերացումը թույլ կտա ընդլայնել համագործակցությունն ավիացիայի ոլորտում եւ կնպաստի զբոսաշրջության եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Զեկուցողը նշել է, որ համաձայնագրի վավերացումը ֆինանսական պարտավորություններ չի առաջացնում մեր երկրի համար: Փաստաթուղթն ուղղված է ՀՀ Կառավարության կողմից հռչակված Բաց երկնքի քաղաքականության սկզբունքների ներդրմանը եւ երկու երկրների ավիաընկերությունների համար ազատ մրցակցային դաշտի ապահովմանը:

«ՀՀ կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցության մասին» համաձայնագիր» ՀՀ օրենքի նախագիծը եւս ներկայացրել է Արմեն Փամբուխչյանը: Համաձայնագիրը բաղկացած է 23 հոդվածից եւ հավելվածներից: Սահմանվում եւ կարգավորվում են միջազգային օդային փոխադրումների իրականացման համար նշանակված ավիաընկերությունների լիազորությունները, իրավունքները եւ պարտականությունները, թռիչքային եւ ավիացիոն անվտանգության պահանջների պահպանման դրույթները, սակագների ձեւավորման, առեւտրային գործունեության վերաբերյալ դրույթները եւ այլն:

Նշելով, որ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն՝ հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը եւս կարեւորել է համաձայնագրերի վավերացումը մեր երկրի տնտեսական կարողությունների զարգացման եւ զբոսաշրջության խթանման համատեքստում:

Առաջին ընթերցումով քննարկվել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած օրենքի նախագիծը: Հեղինակը նշել է, որ քաղաքացիական գործի քննության ընթացքում պատասխանողի կողմից հայցապահանջները կամավոր կատարելու հետեւանքով գործի վարույթը կարճվելու դեպքում դատարանը դատական ծախսերի հատուցման պարտականությունը դնում է պատասխանողի վրա: Օրենսգրքով դրամական պահանջներով հայց ներկայացնելու համար դատական ծախսերի մաս կազմող պետական տուրքի չափը որոշվում է հայցագնի հիման վրա, որի մեջ մտնում են նաեւ պահանջվող տուժանքի (տուգանքի, տույժի) եւ տոկոսների գումարները: Սակայն օրենքով չի հստակեցվում տուժանքի եւ տոկոսների հաշվարկման ժամկետները, դրանք սահմանվում են ստորադաս իրավական ակտով` ՀՀ դատարանների նախագահների խորհրդի թիվ 129 որոշմամբ, որով դատարանը հաշվարկում է վերը նշած տուժանքներն ու տոկոսները դատարանի վերջնական դատական ակտ կայացնելու օրվա դրությամբ: Դատական գործերը դատարաններում կարող են քննվել ամիսներով ու տարիներով, եւ վերջնական դատական ակտը կարող է կայացվել քաղաքացու հայցապահանջն ամբողջությամբ կատարելու օրվանից հետո մի քանի ամիս անց միայն:

Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է վերադաս իրավական ակտով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրել տուգանքի եւ տոկոսների հաշվարկման ժամկետները, ինչպես նաեւ ազատել քաղաքացուն անիմաստ եւ ոչ օբյեկտիվ գործոններով պայմանավորված լրացուցիչ գումարների վճարումից: Նա նշել է, որ գործող օրենքով խնդիրը կարգավորվում է, բայց ոչ հստակ ձեւակերպումներով:

Առաջին ընթերցումով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Գործադիրն առաջարկում է բացառել իրավաբանական անձի կողմից կնիքի կիրառման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը քննարկված նախագծի եւ օրենսդրական փաթեթի վերաբերյալ ներկայացրել է Անդրանիկ Հարությունյանը:

«Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցումով քննարկվել է Արթուր Հովհաննիսյանի ներկայացմամբ: Նախագծերով առաջարկվում է արգելանքի վերցված անձանց պարզաբանման ենթակա իրավունքների շարքում ներառել ծանուցման պահից 15 օրացուցային օրվա ընթացքում փախստականի կարգավիճակ ձեռք բերելու կամ ապաստանի համար դիմելու իրավունքը, սահմանել լիազոր պետական մարմնի կողմից հիշյալ խումբ անձանց ներկայացրած դիմումներն արագացված ընթացակարգով քննարկելու, որոշում կայացնելու եւ այդ մասին անհապաղ դիմումատուին տեղեկացնելու կարգ, օրենսդրորեն արգելել նույն հիմքով երկրորդ անգամ դիմումի ներկայացումը, սահմանել կայացված բացասական որոշումը վարչական դատարան բողոքարկելու 10-օրյա ժամկետ: Գործադիրն առաջարկում է սահմանել վարչական դատարանի կողմից հայցադիմումը քննության առնելու եւ համապատասխան դատական ակտ կայացնելու ու հրապարակելու մեկամսյա ժամկետ, նախատեսել վարչական դատարանի կայացրած գործն ըստ էության լուծող դատական ակտը վերաքննիչ դատարան բողոքարկելու 10-օրյա ժամկետ, Վերաքննիչ դատարանում գործի քննության, դատական ակտի կայացման ու հրապարակման 15-օրյա ժամկետ, Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտի դեմ վճռաբեկ ներկայացնելու 5-օրյա ժամկետ, Վճռաբեկ դատարանի կողմից բողոքի քննության եւ համապատասխան դատական ակտի կայացման ու հրապարակման 5-օրյա ժամկետ:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը նշել է, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների հետ հարցը քննարկվել է: Նա կարեւորել է նախագծի ընդունումն առաջին ընթերցմամբ՝ նշելով, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կարվեն առաջարկներ:

Արթուր Հովհաննիսյանն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել նաեւ «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հանրային գերակա շահ ճանաչված սեփականության նկարագրության արձանագրության բողոքարկման համար նախատեսվել է մեկամսյա ժամկետ: Նախագծի ընդունման արդյունքում կամրապնդվեն սեփականության իրավունքի առավել արդյունավետ պաշտպանության իրավական հիմքերը: Փոխնախարարը նշել է, որ գործադիրն ընդունել է ԱԺ պատգամավոր Անդրանիկ Հարությունյանի առաջարկը եւ լրամշակել նախագիծը՝ սահմանադրական հասկացությունների միասնականության կիրառման նպատակով փոխելով օրենքի վերնագիրը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը խորհրդարանին փոխանցել է հանձնաժողովի անդամ Անդրանիկ Հարությունյանը:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են կառավարության հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթըն ու «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրինագիծը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի՝ ներկայում ՀՀ-ում գործում է չորս ազատ տնտեսական գոտի, որոնցում գործունեության թույլտվություն է ստացել 13 շահագործող: Նախարարի տեղեկացմամբ` առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են «Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ) տնտեսական գոտիների եւ ազատ մաքսային գոտի մաքսային ընթացակարգի հարցերով» համաձայնագրի եւ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Նախագծով հստակեցվում են լիազոր մարմնի, կազմակերպչի եւ շահագործողների պարտավորությունները, ազատ տնտեսական գոտիների շահագործման հետ կապված հարաբերությունները, սահմանագծին ներկայացվող պահանջները, լուծարման ընթացակարգը, մաքսային կարգավորումները:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Ըստ նրա՝ հայեցակարգային առումով նախագիծը համապատասխանում է մրցունակ ազգային տնտեսություն ձեւավորելու համատեքստում ներկայացվող պահանջներին:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանի, Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Նորա Առուստամյանի, Վահե Էնֆիաջյանի, Հակոբ Նազարյանի, Արթուր Մանուկյանի, Լուիզա Սարգսյանի, Արգամ Աբրահամյանի, Իվետա Տոնոյանի, Շաքե Իսայանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող Գեւորգ Պետրոսյանի՝ առաջարկվում է աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, այն է՝ մինչեւ կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Պատգամավորը նշել է, որ եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց գրավոր բացատրության:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը նշել է, որ կառավարությունը հավանություն է տվել հոդվածի լրացմանը:

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին:

«Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ աշխատանքային միգրացիայի կարգավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծ ը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը: Ըստ նրա` փաստաթղթի վավերացումը կնպաստի երկու պետությունների միջեւ աշխատանքային միգրացիայի արդյունավետ կարգավորմանը եւ աշխատանքային միգրանտների իրավունքների ու շահերի պաշտպանությանը: Փոխնախարարը նշել է, որ փաստաթուղթը նաեւ սահմանում է աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողների կատեգորիաների շրջանակը, ովքեր իրավունք ունեն առանց աշխատանքի թույլտվության իրականացնելու աշխատանքային գործունեություն՝ ընդունող կողմի տարածքում կացության անհրաժեշտ թույլտվության առկայության դեպքում:

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանի՝ նախատեսվում է օրենսդրությամբ ամրագրել դրույթ, ըստ որի նշանակալից մասնակիցներ կամ ղեկավար պաշտոններ չեն կարող զբաղեցնել դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք:

ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Քննարկվել է նաեւ «ՀՀ կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող,ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը նշել է, որ փաստաթղթի նպատակն է խորացնել ու ամրապնդել համագործակցությունը հանցագործությունների կանխարգելման, բացահայտման եւ հանցագործություն կատարած անձանց պարզելու ուղղությամբ, մասնավորապես ինչպես ռազմավարական եւ գործառնական տեղեկատվության փոխանակման, այնպես էլ բոլոր համապատասխան մակարդակների իրավասու մարմինների միջեւ անմիջական շփումների միջոցով:

ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի եւ Անդրանիկ Հարությունյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը քննարկվել է առաջին ընթերցման ընթացակարգով: Անդրանիկ Հարությունյանը նշել է, որ առաջարկվում է ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում կառավարության ներկայացուցչի` հարակից զեկուցմամբ հանդես գալը սահմանել ոչ թե հայեցողական, այլ պարտադիր լիազորություն:

ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի, Գեւորգ Գորգիսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը : Գագիկ Մինասյանի խոսքով՝ գործող օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանվում է, որ մինչեւ հունիսի 1-ը Ազգային ժողով ներկայացվող տարեկան հաշվետվության մեջ պետք է ներառվեն միայն այն ընթացիկ եզրակացությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունները, որոնք Ազգային ժողով են ներկայացվել տարեկան հաղորդումը խորհրդարան ներկայացվելուց առնվազն մեկ ամիս առաջ: Ըստ նրա՝ քանի որ եռամսյա ժամկետը բավարար է ավարտված հաշվեքննության վերաբերյալ ընթացիկ եզրակացությունն Ազգային ժողով ներկայացնելու համար, ապա 28-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է, որ խորհրդարան ներկայացվող տարեկան հաղորդման մեջ ներառվեն մինչեւ տվյալ տարվա ապրիլի 1-ը ԱԺ ներկայացված ընթացիկ եզրակացությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը: Գագիկ Մինասյանը նշել է, որ օրենսդիրին ներկայացվող հաղորդման մեջ կներառվեն նույնիսկ դեկտեմբերի վերջին ավարտված հաշվեքննությունների ընթացիկ եզրակացությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունները: Այս պարագայում խորհրդարանը շուրջ մեկ ամիս ավելի ժամանակ կունենա հաշվեքննությունների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները քննարկելու համար:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Խորհրդարանը հերթական նիստի աշխատանքը կշարունակի սեպտեմբերի 11-ին:


10.09.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Վրաստանի վարչապետին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, ԱԺ ՀՀԿ խմբակցությա...