Տպել
14.09.2018
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ ԴԺ Պետական դումայի պատվիրակության հետ
1 / 7

Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Խոսրով Հարությունյանը, Գագիկ Մելիքյանը եւ Հայկ Բաբուխանյանը ռուս գործընկերների հետ քննարկել են հոկտեմբերին Երեւանում անցկացվելիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ ՀԱՊԿ ԽՎ-ի լիագումար նիստերի անցկացմանն ու օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձել ՀԱՊԿ-ի շրջանակում խորհրդարանական համագործակցությանը:

Կարեւորվել է բարեկամական խմբերի միջեւ համագործակցության աշխուժացումը, երկուստեք անհրաժեշտ համարվել առկա հարաբերությունների ամրապնդումն ու շփումների ակտիվացումը: Այս նպատակով ռուսական կողմն առաջիկայում նախատեսում է կազմակերպել խորհրդարանական խմբակցությունների երկկողմ հանդիպումներ:

Քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տեղի ունեցող գործընթացներին եւ հնարավոր զարգացումներին, Երեւանի ավագանու եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:

Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Անդրանիկ Կարապետյանը:

Պատգամավորն ընդգծել է հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, կարեւորել առկա բազմակողմ կապերի ամրապնդումը, որի համար, ըստ նրա՝ մեծ ներուժ կա:

Լեոնիդ Կալաշնիկովի խնդրանքով Անդրանիկ Կարապետյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությանն ու Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ներկայացրել կուսակցության դիրքորոշումը քաղաքական գործընթացների վերաբերյալ:

Ռուս խորհրդարանականների հաջորդ հանդիպումը ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանի եւ Լուիզա Սարգսյանի հետ էր:

Հայ օրենսդիրները կարեւորել են ՀԱՊԿ-ի շրջանակում խորհրդարանական փոխգործակցության զարգացումը: Ըստ Տիգրան Ուրիխանյանի՝ բոլոր ջանքերը պետք է գործադրել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, սեպտեմբերի 23-ին տեղի ունենալիք Երեւանի ավագանու ընտրություններին եւ առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությանը:

Քննարկվել է նաեւ տարբեր ոլորտներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացումը: