Տպել
21.09.2018
Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ
1 / 1

«Սիրելի հայրենակիցներ,

այսօր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձը:

Անցած քսանյոթ տարիները մեզ համար եղան պետականաշինության, ժողովրդավարության հաստատման ու քաղաքացիական հասարակության ձեւավորման տարիներ: Եղան պետական ու հասարակական կյանքի բոլոր ասպարեզների վերափոխման եւ ազգային օրենսդրության մշակման տարիներ:

Միաժամանակ, Հայաստանը դարձավ միջազգային հանրության լիիրավ անդամ,գործուն մասնակցություն ունեցավ միջպետական տարբեր դաշինքների ստեղծմանը՝ դրանով իսկ ընդլայնելով ու ամրապնդելով իր տնտեսության զարգացման հնարավորությունները եւ անվտանգային միջավայրը:

1991 թվականի այս օրը կանգնած լինելով կանխատեսելի ու անկանխատեսելի մարտահրավերների, բազմաթիվ փորձությունների եւ հարցականների առջեւ՝ մենք անբեկանելի վճռով ուրվագծեցինք մեր հայրենիքի ազատ ապագան: Անկախ պետականություն կառուցելու ճանապարհը մեզ համար անցավ պատերազմի արահետներով: Եվ այսօր տոնելով Հայաստանի Հանրապետության ծննդյան հերթական տարեդարձը՝ առաջին հերթին պիտի ոգեկոչենք հայրենիքը, հայությանն ու սեպտեմբերի 21-ի խորհուրդը պաշտպանելիս ընկածների պայծառ հիշատակը: Հավերժ փառք նրանց:

Սիրելի բարեկամներ,

սեպտեմբերի 21-ը խորհրդանշում է անկախության համար հայ ժողովրդի մղած դարավոր պայքարի փառավոր էջերն ու փորձություններով լի պահերը եւ դարձել է ազատ ապագա կերտելու մեր ձգտման իրավական վավերացումը: Դրա շնորհիվ այսօր պահպանում ու զարգացնում ենք մեր քաղաքակրթական ինքնատիպ ու հարուստ ժառանգությունը, ունենք ժողովրդավարական հասարակություն, պաշտպանված հայրենիք եւ խելակորույս արագությամբ փոխվող աշխարհի կարեւորագույն գործընթացներին ինտեգրված պետություն:

Մենք համաժողովրդական պայքարով ենք հասել այս նվաճումներին, որոնք պահպանելու եւ ամրապնդելու համար այսօր եւ միշտ անհրաժեշտ է ըմբռնումն այն պարզ իրողության, որ Հայաստանի Հանրապետության ապագան այլեւս մեր ձեռքերում է:

Սիրելի հայրենակիցներ,

սեպտեմբերի 21-ը մեր պետական տոնացույցում անջնջելի տառերով գրվեց առաջին հերթին հայ ժողովրդի միասնության շնորհիվ:

Վերջին շրջանում մենք ներքաղաքական պայքարի լարված ամիսներ ենք ապրում:

Սակայն, անցած քսանյոթ տարիների անգամ ամենադրամատիկ պահերն ապացուցել են, որ մենք ժողովրդի հավաքական իմաստությամբ հաղթահարում ենք բոլոր փորձությունները, հավատում ենք մեր ուժերինեւ իրականություն ենք դարձնում ապագային նայող ծրագրերը: Վստահ եմ, որ հիմա էլ այդպես կլինի եւ կսկսվի լուծումներ գտնելուն միտված կառուցողական քննարկումների ժամանակը:

Յուրաքանչյուրս հստակ գիտակցենք մեր տեղը, դերը եւ պատասխանատվությունը Հայաստանի ու հայության հանդեպ եւ ամենատարբեր ասպարեզներում հնարավորին չափով մեր ավանդը բերենք բոլորիս երազած հայրենիքը կառուցելու գործին:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի եւ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ առողջություն, խաղաղություն եւ բարեկեցություն»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձում:


21.09.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայկական երկու հանրապետությունների նախագահների, ՀՀ վարչապետի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը...