Տպել
25.09.2018
«ՍԻԳՄԱ» ծրագրի փորձագետների հանդիպումները խորհրդարանում
1 / 2

«ՍԻԳՄԱ» ծրագրի փորձագետների խումբը սեպտեմբերի 25-ին հանդիպել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ:

Հյուրերը Հայաստանում ուսումնասիրում են հանրային ֆինանսների կառավարումը եւ արտաքին աուդիտի իրականացումը:

Ծրագրի ավագ խորհրդատու Ալիստեր Սվարբրիքի տեղեկացմամբ՝ ուսումնասիրությունների ավարտից հետո խորհրդարանին է ներկայացվելու հաշվետվություն Հայաստանում հանրային ֆինանսների կառավարման համակարգի` Եվրոպական միության սկզբունքներին համապատասխանելիության վերաբերյալ:

 Հյուրերը հետաքրքրվել են, թե ինչպիսի մեխանիզմներով է խորհրդարանն օգտագործում Հաշվեքննիչ պալատի գործիքները բյուջետային գործընթացում:

Խոսելով Հայասատանում ծրագրային բյուջետավորման համակարգին  անցնելու մասին`  Գագիկ Մինասյանը նշել է, որ այն միտված է ապահովելու հանրային ֆինանասների արդյունավետ եւ նպատակային կառավարում:

Հանդիպմանը ներկա էին նաեւ հանձնաժողովի փորձագետ Ալեքսանդր Հարությունյանը եւ ԱԺ աշխատակազմի օրենսդրական փորձաքննության բաժնի պետ Գոհար Մելոյանը:

Նույն օրը «ՍԻԳՄԱ» ծրագրի ներկայացուցիչները հանդիպել են նաեւ ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի փորձագետների հետ:

Գրասենյակի ղեկավար Գագիկ Բարսեղյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է կառույցի գործունեության իրավական շրջանակը, գործառույթները, կատարած աշխատանքները, ինչպես նաեւ ներգրավվածությությունը ծրագրային բյուջետավորման ներդրման եւ պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման բարեփոխումների իրականացման գործընթացում: