Տպել
06.11.2018
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ
1 / 4

Նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ՝ Տիգրան Ուրիխանյանի նախագահությամբ:

Առաջին ընթերցումով քննարկվել է «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով հեղինակը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, առաջարկում է որպես պարտադիր պահանջ սահմանել բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի եռամսյակային եւ ամսական վճարման հնարավորությունը: Հեղինակի խոսքով՝ խնդիրը բարձրացվել է ուսանողների ու ոլորտի պատասխանատուների կողմից: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի վճարման հետ կապված ֆինանսական դժվարությունները:

Կառավարության տեսակետը ներկայացրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը՝ նշելով, որ գործադիրն առաջարկում է հրաժարվել ուսման վարձի եռամսյակային վճարման հնարավորությունից: Պատգամավորներն ընդունել են վերոնշյալ առաջարկը:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Հրաչյա Հակոբյանը կարեւորել է նախագծի ընդունումը, ինչը, նրա գնահատմամբ, լրացուցիչ խթան կհանդիսանա բուհական կրթությունը խրախուսելու հարցում:

ԱԺ վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվող օրինագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: