Տպել
08.11.2018
Գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում
1 / 4

Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել Գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման ու բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

«Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը ներկայացրել է ընկերության ներդրումային ծրագիրը: Անդրադառնալով համակարգի ընդհանուր վիճակին եւ սակագնի ձեւավորման խնդիրներին՝ նա նշել է, որ բնական գազն այսօր Հայաստան է մտնում Ռուսաստանի Դաշնությունից եւ Իրանի Իսլամական Հանրապետությունից:

Հրանտ Թադեւոսյանը տեղեկացրել է, որ գազատարները հիմնականում ֆիզիկապես եւ բարոյապես մաշված են, քանի որ դրանք շահագործվում են 30,40 եւ ավելի տարիներ:

Համակարգի բարելավման նպատակով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2002-2017 թվականներին իրականացրել է 340 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ եւ կապիտալ նորոգում, որից 125 մլն դոլար հատկացվել է գազաբաշխիչ ցանցի ստեղծմանը, 160 մլն՝ Իրան-Հայաստան գազատարի կառուցմանը, 15 մլն՝ Աբովյանի ԳՍՊԿ-ի ընդլայնմանը, վերակառուցմանն ու արդիականացմանը: Ընդհանուր առմամբ ներդրումային ծրագիրը գնահատվում է շուրջ 480 մլն դոլար. ծրագիրն ավարտին կհասցվի 2030 թվականին:

Խոսելով համակարգի խնդիրների մասին՝ Հրանտ Թադեւոսյանը նշել է, որ ընկերությունը կրել եւ կրում է վնասներ կապված 6,3 տոկոս կազմող գազի կորստի հետ: Ընկերությունը նախատեսում է կորուստն առաջիկայում հասցնել 3,5 տոկոսի: Ըստ նրա՝ իջեցվել է սոցիալապես անապահով խավերին եւ ջերմոցային տնտեսությամբ զբաղվող ձեռներեցներին մատակարարվող բնական գազի գինը, ինչի հետեւանքով նույնպես ընկերությունը որոշակի կորուստներ է ունենում:

Հրանտ Թադեւոսյանը ներկայացրել է բնական գազի սակագնի ձեւավորման կառուցվածքը, պատասխանել պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են գազի սակագնի իջեցման հնարավորությանը, գազին այլ նյութեր կամ օդ խառնելու վերաբերյալ խոսակցություններին, ներտնային գազասպասարկման համար սահմանված վարձի վճարման նպատակահարմարությանը, գազի կալորիականությանը, չափիչ լաբորատորիաների պատկանելությանը, չափիչ սարքերին եւ այլն:

Նշենք, որ 2001 թվականին Հայաստանում եղել է 140 հազար գազասպառող, այսօր՝ 706 հազար:

Ամփոփելով նիստը՝ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին հարցի համակողմանի քննարկման համար եւ նշել, որ հետագա քննարկումներից հետո հանձնաժողովը կունենա համապատասխան եզրակացություն:


08.11.2018
Խորհրդարանում հյուրընկալվել են ՄԱԿ-ի ներկայացուցիչները
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը եւ հանձնաժողովի անդամ Գեւորգ Պետրոսյանը նոյեմբերի 8-ին հանդիպել են ՄԱԿ-ի խաղաղ հավաքների եւ միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեի գլխավ...

08.11.2018
Գազի եւ էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի՝ ժամը 13:30-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...