National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
12.11.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
12.11.2018
Տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
1 / 6

Նոյեմբերի 12-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ երկու մշտական հանձնաժողով:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ քննարկել է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է փաստաթղթի առանձնահատկություններին՝ ընդգծելով, որ կառավարությանն առաջիկայում սպասվում է բարդ աշխատանք, բարեփոխումների անընդհատությունն ապահովող գործունեություն: Նշելով, որ ներկայացված է ծրագրային բյուջետավորման ձեւաչափով կազմված փաստաթուղթ՝ Խոսրով Հարությունյանն առաջարկել է դրական եզրակացություն տալ նախագծին:

Հանձնաժողովը փաստաթղթին տվել է դրական եզրակացություն:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գեւորգյանն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Առաջարկվում է սահմանել իրական սեփականատերերի հասկացությունը՝ միաժամանակ սահմանելով նաեւ քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը: Ստուգման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը նախագծով նույնացվել է «Հանրային ծառայության մասին» օրենքով շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց (բացառությամբ քննիչների) եւ վերջիններիս ընտանիքի անդամների շրջանակին: Առանձին հոդվածով սահմանվել է իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձի վերաբերյալ միասնական գրանցամատյանում գրառվող տեղեկությունների շրջանակը: Փոխնախարարի խոսքով՝ սահմանվել է, որ հայտարարատուն կրում է շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն անկախ իրավաբանական անձին բաժնեմասնակցության չափից, լրացվել են իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման մասին տեղեկանքի ներկայացման պահանջները, որպես պատասխանատվության միջոց սահմանվել են ընդերքօգտագործման իրավունքի կասեցման եւ դադարեցման դրույթներ:

Օրենսդրական առաջարկն ստացել է դրական եզրակացություն:

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Սպարտակ Սեյրանյանի հեղինակած օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցումով: Նախաձեռնության համահեղինակ Ալեն Սիմոնյանը նշել է, որ հանձնաժողովում նախնական քննարկումներ եղել են նախաձեռնության առնչությամբ: Առաջարկվում է մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու դեպքում նրա մուտքը խաղասրահ արգելել, սահմանվում է այդ նորմի կիրառման կարգը, ինչպես նաեւ նախատեսվում է վարչական պատասխանատվություն վերոգրյալ պահանջը տոտալիզատորի կազմակերպիչների կողմից չպահպանելու դեպքում: Նախագծով առաջարկվում է նաեւ հանրային նշանակության օբյեկտներ շահագործող անձանց պարտավորեցնել արգելափակել ՀՀ տարածքում վիճակախաղի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց պաշտոնական կայքերի հասանելիությունը, լիազոր մարմնի սահմանած կարգով ստուգել խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որը պարունակում է տվյալներ նրա տարիքի վերաբերյալ: Սահմանվում է, որ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր եւ ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Գեղարքունիքի մարզի Սեւան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Մեղրի համայնքների վարչական սահմաններում:

Կարեւորելով առաջարկվող կարգավորումները՝ իրենց հարցադրումներում եւ ելույթներում հանձնաժողովի անդամներն անդրադարձել են նախագծի ընդունման արդյունքում Ծաղկաձորում, Ջերմուկում, Սեւանում եւ Մեղրիում խաղամոլության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, բուքմեյքերական ընկերությունների փակման կոռուպցիոն ռիսկերին ու մենաշնորհներին, հանրային վտանգավորության խնդրին, օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետներին, քննարկվել է նաեւ այդ տեսակի գործունեությունն ի սպառ արգելելու հնարավորության հարցը:

Կառավարության տեսակետը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը: Գործադիրը կիսում է փաթեթի հեղինակների մտահոգությունը եւ կարեւորում առաջարկվող հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը՝ ներկայացնելով առաջարկներ:

Հանձնաժողովը քննարկումների արդյունքում որոշում չի կայացրել ձայների հավասար բաշխման պատճառով՝ 3 կողմ եւ 3 դեմ:

«Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը եւս քննարկվել է առաջին ընթերցումով: Նախաձեռնության հեղինակ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նշել է, որ հեռուստատեսությամբ, ռադիոյով, համացանցով եւ արտաքին գովազդով տարածվող ապրանքների եւ ծառայությունների շարքում հանդիպում է նաեւ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, վիճակախաղերի կազմակերպիչների ծառայությունների գովազդ, որը հասանելի է տարիքային բոլոր խմբերի համար, օրվա ցանկացած ժամի: Գործող օրենքները թերի են կարգավորում գործունեության վերոգրայլ տեսակների իրավահարաբերությունները: Հեռուստածրագրով կամ ռադիոյով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի կազմակերպչի գովազդը, այդ թվում նաեւ հովանավորների հիշատակումը թույլատրվում է ժամը 24:00-ից մինչեւ 06:00-ն ընկած ժամանակահատվածում: Վիճակախաղի գովազդն արգելվում է իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական, սոցիալական, լրատվական կայքերի միջոցով:

ՄԻՊ Արման Թաթոյանը նշել է, որ իրենց առաջարկները, որոնց վերաբերող կարգավորումներն առկա են օրենսդրական փաթեթում, հիմնված են ՄԻՊ-ին հասցեագրված դիմումների ու մամուլի հրապարակումների վրա: Նա կարեւորել է օրենսդրական առաջարկի ընդունումը:

Կառավարությունը դրական եզրակացություն է ներկայացրել:

Այնուհետեւ առաջին ընթերցումով քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի եւ Միհրան Հակոբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը: Հեղինակներն առաջարկում են օրենսդրորեն արգելել վիճակախաղերն ու շահումով խաղերը: Ներկայացված փաթեթով քրեական պատասխանատվություն է նախատեսվում երկրում ընդհատակյա վիճակախաղ, ինչպես նաեւ ինտերնետ տիրույթում նման ապօրինի գործունեություն կազմակերպելու կամ դրան մասնակցելու համար:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանի խոսքով՝ նման գործունեությունն արգելելը լավագույն լուծումը չէ, ճիշտ կլինի գնալ սահմանափակումների ճանապարհով, գնահատել ռիսկերը: Ըստ գործադրի՝ նախագծերի փաթեթում առկա են հստակեցման եւ պարզաբանման կարիք ունեցող արտահայտություններ, տեխնիկական վրիպումներ:

Քննարկված երկու օրենսդրական փաթեթներն ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Նույն օրը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գագիկ Մինասյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանի խոսքով՝ կարգավորումների նպատակն է կանխարգելել դատվածություն ունեցող անձանց մուտքը ֆինանսական կազմակերպություններ:

Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն՝ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

Գագիկ Մինասյանի ներկայացմամբ պատգամավորները քննարկել են «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը կարեւոր է համարել առաջիկա տարիների ընթացքում ծրագրային բյուջետավորման ամբողջական ներդնումը: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ ծրագրային բյուջեն կնպաստի համակարգային պայքար մղել կոռուպցիայի դեմ: Բանախոսը հորդորել է կողմ քվեարկել բյուջեի նախագծին՝ գալիք խորհրդարանին հաստատված բյուջե թողնելու համար:

Հարակից զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, կարեւորելով պատգամավորների, ԱԺ աշխատակազմի ջանքերով եւ Կառավարության ներգրավվածությամբ ծրագրային բյուջետավորման ներդրումը, նշել է, որ ակնկալվում է ֆինանսական միջոցների օգտագործմամբ ստանալ լավագույն արդյունք:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն՝ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

Կառավարության առաջարկով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Հաշվապահական հաշվառման մասին» եւ կից օրինագծերի փաթեթի քննարկումը:

Հանձնաժողովը լսել եւ դրական է գնահատել է ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանի ներկայացրած հաշվետվությունը՝ 2018 թվականի երրորդ եռամսյակում կատարված աշխատանքների վերաբերյալ:


12.11.2018
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նոյեմբերի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմա...

12.11.2018
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...

12.11.2018
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS