National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
13.11.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
13.11.2018
ՀՀ Ազգային ժողովի նիստում սկսվել է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը
1 / 13

ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 13-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը:

Մինչ օրակարգի հաստատումը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ԿԸՀ որոշմամբ պատգամավորի մանդատ է ստացել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակի թեկնածու Նաիրա Կարապետյանը: Համաձայն «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի` նորընտիր պատգամավորը երդվել է:

Խորհրդարանը հաստատել է ԱԺ վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը:

Ալեն Սիմոնյանի, Նաիրա Զոհրաբյանի, Սպարտակ Սեյրանյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը հետաձգվել է լրամշակելու նպատակով:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է բյուջեի նախագծի կազմման տրաբանությանը, հիմնական ցուցանիշներին: Գալիք տարի ակնկալվում է ունենալ 1 տրիլիոն 490.6 մլրդ դրամ եկամուտների, 1 տրիլիոն 642,2 մլրդ դրամի ծախսերի ցուցանիշների մակարդակ: Նախագծով դեֆիցիտը ծրագրվել է 156.6 մլրդ դրամ: Զեկուցողի խոսքով՝ նախագիծը կազմվել է հաշվի առնելով առկա տնտեսական միջավայրը եւ կանխատեսվող տնտեսական իրադարձությունները: Ըստ բանախոսի՝ 2019 թվականին կանխատեսվում է ՀՆԱ-ի 4.9 տոկոս իրական աճ:

Նախարարի պատոնակատարը նշել է, որ 2019 թվականին մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը կկազմի 4604 դոլար:

Ատոմ Ջանջուղազյանը խոսել է նաեւ հարկային համակարգի պարզեցումից, եկամտային հարկի դրույքաչափի նվազեցումից՝ նպատակ ունենալով այն հասցնել 23 տոկոսի: Ակնկալվում է գույքային հարկերի գծով բեռի ավելացում:

Զեկուցողի տեղեկացմամբ՝ բյուջեի ծախսերի գերակշիռ մասը օրենքով սահմանված պարտավորություններ են, 9 տոկոսը կառավարության որոշումներից բխող պարտավորությունները, իսկ 11 տոկոսը համաձայնագրերով ստանձնած միջազգային պարտավորությունները: Փաստաթղթով 1 տրիլիոն 423 մլրդ դրամը ընթացիկ ծախսերի համար նախատեսված միջոցներն են, 220 մլրդը՝ կապիտալ:

Մեր երկրի պետական պարտքի սպասարկման գինը կկազմի 357 մլրդ դրամ: Ատոմ Ջանուղազյանն ընդգծել է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը նպատակ է հետապնդում կայունացնել պետական պարտքը: Այն գալիք տարվա ավարտին կկազմի 6 մլրդ 950 մլն դոլար: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ Հայաստանը գնահատվում է որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր:

Ելույթ է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը նա համարել է իներցիոն, քանի որ հիմնված է այն չափորոշիչների վրա, որոնք ստացվել են նախորդ իշխանություններից:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախագծում առկա են նաեւ շրջադարձային եւ էական փոփոխություններ, որոնց նպատակն անհատի ջանքերի եւ աշխատանքի խրախուսման քաղաքականությունն է: «Մեր քաղաքական խնդիրն է՝ յուրաքանչյուր անհատի համար ստեղծել տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորություն»,-ընդգծել է նա հավելելով, որ քաղաքական մակարդակում այդ խնդիրն այսօր լուծված է, մնում է ապահովել տնտեսական պայմաններն ու նախապայմանները:

Ըստ այդմ՝ պետությունն իր առջեւ նպատակ է դրել գալիք տարում խրախուսել միկրոբիզնեսը, ուստի նախատեսվում է 20-24 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողին ազատել բոլոր տեսակի հարկերից: Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ միկրոբիզնեսի ոլորտում զբաղված անձինք, եթե նրանց թիվը մինչեւ երեք լինի՝ կվճարեն ցածր՝ 5000 դրամ հաստատագրված եկամտահարկ:

Նախատեսվում է նաեւ արտոնագրային վճարներից ազատել անհատ տաքսու վարորդներին, որոնց թիվը չճշտված տվյալներով մոտ 50 հազար է: Փոփոխություններ կլինեն եկամտահարկի չափում, որի արդյունքում փոքր-ինչ կբարձրանան աշխատավարձերը: Եկամտահարկը կլինի համահարթեցված՝ 23 տոկոս: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ կբարձրանան պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձերը:

Բանախոսն անդրադարձել է նաեւ շրջանառվող այն տեսակետին, թե օրեր առաջ ինքը մեղադրել է քաղաքացիներին աշխատել չցանկանալու մեջ: Նա շեշտել է, որ իր խոսքը վերաբերել է աշխատանքի խրախուսման քաղաքականությանը: Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է՝ նպաստ պետք է ստանան ոչ թե աշխատունակ քաղաքացիները, այլ երեխաները, թոշակառուներն ու հաշմանդամություն ունեցողները, իսկ աշխատունակ մարդը պետք է աշխատի, որի համար անհրաժեշտ եւ համապատասխան պայմաններ պետք է ապահովի պետությունը:

Վարչապետի պաշտոնակատարը կարեւորել է առաջնային հարկ վճարողների թվի էապես ավելացումը:

Նիկոլ Փաշինյանն առանձնապես կարեւորել է ՀԴՄ կտրոնների տրամադրումը. ըստ նրա՝ չտալով եւ չպահանջելով ՀԴՄ կտրոն՝ գործարարն ու քաղաքացին խոչընդոտում են տնտեսության զարգացմանը, աշխատավարձերի եւ թոշակների բարձրացմանը:

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը: Նա նշել է, որ 2018 թ. առաջին 8 ամիսների ընթացքում բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվել է: Տնտեսական աճի ձեւավորման հարցում կարեւոր դեր են ունեցել առաջարկի կողմից ծառայությունների եւ շինարարության ճյուղերում գրանցված արտադրողականության աճը, պահանջարկի կողմից՝ զսպող հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում իրականացվող ընդլայնող դրամավարկային քաղաքականությունը, որը խթանել է մասնավոր ներքին պահանջարկը: 2019 թ. տնտեսական աճի ձեւավորումը պայմանավորվելու է հիմնականում կառավարության կողմից իրականացվող կառուցվածքային բարեփոխումներով, գործընկեր երկրներում ակնկալվող տնտեսական աճով, ինչպես նաեւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից դրամավարկային ընդլայնող քաղաքականության իրականացման արդյունքում 2016 թվականից շարունակվող տոկոսադրույքների նվազման ազդեցության փոխանցմամբ: ԿԲ նախագահի խոսքով՝ գալիք տարում տնտեսական բարեփոխումների իրականացման ընթացքում կառավարությունը շարունակելու է ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականությունը՝ շարունակելով շեշտը դնել արտահանման ճյուղերին ուղղված ներդրումների խթանմանը: 2019 թ. հարկային եկամուտներ-ՀՆԱ հարաբերակցության գծով ակկալվում է 2018 թ. սպասվող ցուցանիշի համեմատ 0.4 տոկոս աճ, ծախսեր-ՀՆԱ ցուցանիշի մասով՝ 0.8 տոկոս աճ: ԿԲ գնահատմամբ՝ 2019 թ. ՀՀ պետական բյուջեի ծրագրի իրականացումը համախառն պահանջարկի վրա կունենա չեզոք ազդեցություն, որի պարագայում տնտեսական աճին նպաստող հիմնական գործոնը կլինեն լայնածավալ կառուցվածքային բարեփոխումները՝ ապահովելով ներդրումային միջավայրի բարելավման ու երկրի մրցակցային դիրքի բարելավման շոշափելի արդյունքներ: Արթուր Ջավադյանի խոսքով՝ այդ ամենը, զուգակցվելով ՀՀ կենտրոնական բանկի կողմից գների կայունության եւ ֆինանսական կայունության ապահովման հետ, կնպաստի ընդհանուր մակրոտնտեսական կայունությանը, ամուր հիմքեր կստեղծի երկարաժամկետ ներառող տնտեսական աճի համար:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, խոսելով ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացի մասին, ընդգծել է, որ այս ուղղությամբ լուրջ աշխատանք է իրականացվել պատգամավորների ու ԱԺ աշխատակիցների կողմից: Նրա խոսքով՝ կատարված եւ սպասվելիք աշխատանքն իսկապես լրջագույն ինստիտուցիոնալ մեխանիզմներ են ընձեռում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ 2017 թ. ՀՀ տնտեսական աճը կազմել է 7.5 տոկոս, 2018-ին ՀՆԱ-ի իրական աճը 6.5 տոկոս է եղել, 2019 թ. սպասվում է 4.9 տոկոս: Նրա խոսքով՝ ակնհայտ է նվազեցումը, աճի նվազման տեմպեր են արձանագրվել նաեւ մի շարք ոլորտներում, ինչը չի համապատասխանում կառավարության գործունեության ծրագրի չափանիշներին: Նշվել է, որ հանձնաժողովն ուսումնասիրել է ստեղծված իրավիճակը եւ ներկայացված նախագիծը, համեմատելով կառավարության գործունեության ծրագրի հետ՝ որոշել է դրական եզրակացություն տալ փաստաթղթին:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ ոլորտին առնչվող մի շարք ուղղություններով բյուջետային միջոցների ավելացումը դրական ազդեցություն է ունենալու երկրի ռազմական կարիքների բավարարման համար, միեւնույն ժամանակ անհրաժեշտ են լրացուցիչ միջոցառումներ այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման եւ նվազեցման ուղղությամբ, ներքին եւ արտաքին արդյունավետ վերահսկողության մեխանիզմներն իրականացնելու տեսակետից: Բնագավառի խնդիրների մասին խոսելով՝ նա կոչ է արել կառավարությանը պետական բյուջեի նախագիծը կազմելիս առավել ամբողջական արտացոլել բոլոր գերակայությունները, առաջնահերթ ծրագրային միջոցառումները՝ իրենց արդյունքներով: Արձանագրվել է, որ 2019 թ. պետական բյուջեի նախագծի պետական եւ ծառայողական գաղնիք պարունակող ծախսերն օրինական են եւ հիմնավորված:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ընդգծել է, որ այս բյուջեի նախագիծը կազմվել է դեռեւս տարիներ առաջ կառավարության որդեգրած փիլիսոփայությամբ. հիմնականում փորձ է արվել շեշտը դնել ներդրումների ավելացման վրա, այդ ճանապարհով բյուջետային եկամուտներն ավելացնելու անշրջելի երաշխիքներ ձեւավորելուն՝ դրանով նպաստավոր պայմաններ ստեղծելով սոցիալական խնդիրների լուծման համար: Հանձնաժողովում կարեւորվել է ծրագրային բյուջետավորման ձեւաչափին անցումը, դրական եզրակացություն է ներկայացվել փաստաթղթի վերաբերյալ:

Վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:


13.11.2018
Գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման ու բաշխման համակարգերի գործունեությունը, գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում
Գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման ու բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը նոյեմբերի 13-ին գումարել է նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: Հ...

13.11.2018
Գազի եւ էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի՝ ժամը 13:30-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...

13.11.2018
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ, որտեղ երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորների հեղինակած երկու օրենսդրական նախաձեռնություններ: Համահեղինակ Գեւո...

13.11.2018
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS