Նոյեմբերի 27-ին Երեւանի «Հրազդան» հյուրանոցի «Պարույր Սեւակ» սրահում աշխատանքն է սկսել ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստը` ՍԾՏՀ ԽՎ նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախագահությամբ:
Նիստին մասնակցել են Ալբանիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Սերբիայի խորհրդարանական պատվիրակությունները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր երկրներից ժամանած դիտորդներ:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ, ՍԾՏՀ ԽՎ նախագահ Արա Բաբլոյանը: Ելույթը տես այստեղ:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ուղերձը, որում ասվում է, որ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ կազմակերպության հռչակած նպատակներին: «Իր արտաքին քաղաքականությունում մեր երկիրը վերահաստատել է բարիդրացիական հարաբերությունների եւ փոխշահավետ համագործակցության սկզբունքները: Այս տեսանկյունից Հայաստանը պատրաստ է լիովին օգտագործել ՍԾՏՀ եւ նրա կառույցների ներուժը՝ տարածաշրջանում առեւտրատնտեսական համագործակցությունը խթանելու եւ կազմակերպության կանոնակարգային նպատակների արդյունավետ իրականացումն առաջ մղելու ուղղությամբ»,-նշված է ուղերձում:
Վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիեւի խոսքով՝ քառորդ դար բազմակողմ համագործակցությունը տարածաշրջանում կուտակել է տարբեր ոլորտներում փոխգործակցության արդյունավետ փորձ: Բանախոսի համոզմամբ՝ կազմակերպությունը պետք է լինի ժամանակակից, բարեփոխված, տարածաշրջանային գլոբալ մարտահրավերների համատեքստում՝ առավել ճկուն:
Նիստում Արա Բաբլոյանը ՍԾՏՀ ԽՎ պատվո մեդալով է պարգեւատրել մի շարք պատվիրակությունների ղեկավարների:
Վեհաժողովում Ալբանիայի նախագահության ժամանակ կայացված որոշման հիման վրա ՍԾՏՀ ԽՎ պատվո մեդալով պարգեւատրվել է նաեւ ՍԾՏՀ ԽՎ նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Վեհաժողովի առաջին նիստում քննարկվել են կանոնակարգային հարցեր: Նոր պատվիրակների մանդատների, 2018թ.-ի հունիսի 20-21-ը Տիրանայում կայացած ՍԾՏՀ ԽՎ 51-րդ լիագումար նիստի արձանագրության եւ խորհրդարանական վեհաժողովի գործունեության հաստատումից հետո քննարկվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեության մասին հարցը, որը ներկայացրել է ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Սերգեյ Գոնչարենկոն: Նա անդրադարձել է վերջին կիսամյակում տեղի ունեցած աշխատանքային խմբերի նիստերին եւ իրականացված աշխատանքներին:
Սեւծովյան Առեւտրի եւ զարգացման բանկի գործունեությունը ներկայացրել է բանկի նախագահ Դմիտրի Պանկինը, խոսել առաջիկա ծրագրերից:
Նիստում ՍԾՏՀ ֆինանսական հարցերով փոխնախագահ է ընտրվել կառույցում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Ջեմալ Օզտուրկը, ՍԾՏՀ ԽՎ վարչական եւ ֆինանսական հարցերով գլխավոր քարտուղար՝ ռումինացի Դանիել Դուլկան, ՍԾՏՀ ԽՎ միջխորհրդարանական հարցերի ու արարողակարգի հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ՝ Ֆուատ Քուշուկայդինը:
Խորհրդարանական վեհաժողովների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի եւ մարտահրավերների շուրջ:
Նիստի օրակարգում է եղել «Խորհրդարանների դերը տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման գործում» հարցը, որի վերաբերյալ ելույթում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանն անդրադարձել է Հայաստանի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակմանը՝ շեշտելով, որ դա հակասում է կառույցի սկզբունքներին, որոնք կոչված են նպաստելու տնտեսական զարգացմանը: Գագիկ Մինասյանը նշել է, որ շրջափակումը վերացնում է համագործակցության որեւէ հնարավորություն: Ըստ նրա՝ տնտեսական փոխգործակցությունն ուղղված է ոչ միայն ժողովուրդների բարեկեցությանը, այլեւ, ինչպես միջազգային փորձն է ցույց տալիս, դա քաղաքական «կնճռոտ» հարցերի լուծման արդյունավետ ճանապարհ է:
Ըստ բանախոսի՝ կառույցն ունի խիստ ընդգծված տնտեսական ուղղվածություն, որով եւ տարբերվում է մյուս խորհրդարանական վեհաժողովներից: Գագիկ Մինասյանն անթույլատրելի է համարել կառույցին քաղաքական ուղղվածություն տալու փորձերը՝ ընդգծելով, որ նման պարագայում տարածաշրջանում առկա խնդիրները կարող են անհնար դարձնել նպատակների իրականացումը: Նա նշել է, որ տեւական ժամանակ որոշ երկրներ նպատակ են հետապնդել Վեհաժողովին տալ քաղաքական ուղղվածություն, իսկ Հայաստանն ու այլ երկրներ փորձում են կանխել այդ գործընթացը:
Թեմայի վերաբերյալ ելույթ են ունեցել նաեւ այլ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներ: Նրանք նախեւառաջ շնորհակալություն են հայտնել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ համաժողովը հյուրընկալելու եւ ջերմ ընդունելության համար: Նշվել է, որ տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը հարմար հարթակ է անդամ երկրների միջազգային եւ տարածաշրջանային համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտ հնարավորություններ ստեղծելու համար: Կարեւորվել է նաեւ կառույցի կառուցողական դերը խորհրդարանական դիվանագիտության զարգացման գործում` որպես տնտեսական համագործակցության ընդլայնման արդյունավետ միջոց, Սեւծովյան տարածաշրջանում խաղաղության եւ փոխըմբռնման մթնոլորտի ամրապնդման գործոն:
Նիստում քննարկվել եւ ընդունվել է կառույցի 2019 թվականի ֆինանսական տարվա բյուջեն, հաստատվել ֆինանսա-աուդիտորական հանձնաժողովի հաշվետվությունը:
Տնտեսական, առեւտրային, տեխնոլոգիական եւ բնապահպանական ոլորտներին վերաբերող հարցերի շրջանակում անդրադարձ է կատարվել ՍԾՏՀ անդամ երկրներում փոքր ձեռնարկությունների զարգացման եւ պաշտպանության խնդիրներին: Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները փոխանցել են այս ոլորտներում իրենց երկրներում տիրող իրավիճակը, առաջարկել անդամ երկրներում ոլորտի լայնամասշտաբ ուսումնասիրություն իրականացնել: Նրանք կարեւորել են փորձի փոխանակումը, ինչը նոր խթան կհաղորդի հետագա փոխգործակցությանը: Պատվիրակների խոսքով՝ ՓՄՁ-ների զարգացումն իր հերթին լուրջ նպաստ կբերի տնտեսության առողջացմանը:
Իրավական եւ քաղաքական հարցերի շրջանակում քննարկվել է տնտեսական համագործակցության ամրապնդման գործում տարածաշրջանում արհմիությունների դերին վերաբերող թեման: Աշխատանքային հարաբերություններում արհմիությունների ունեցած դերակատարությանն են անդրադարձել Ադրբեջանը, Թուրքիան, Ուկրաինան, Սերբիան եւ Հայաստանը ներկայացնող պատվիրակները:
ՍԾՏՀ տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման հեռանկարներից են խոսել Ռումինիայի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները՝ ընդգծելով ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը:
Նիստի աշխատանքը կշարունակվի նոյեմբերի 28-ին:
Արա Բաբլոյանը հանդիպել է Իրանի Մեջլիսի պատգամավոր Մասումե Աղափուր Ալի Շահիի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերին 27-ին հանդիպել է ԻԻՀ Խորհրդատվական խորհրդի (Մեջլիսի) պատգամավոր Մասումե Աղափուր Ալի Շահիի հետ, ով Երեւանում է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Բարձր գնահատելով հայ-իրա...
Արա Բաբլոյանն ընդունել է Սիրիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերին 27-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Նորա Արիսյանի գլխավորած պատվիրակությանը, որը մեր երկիր է այցելել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիա...
Արա Բաբլոյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 28-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, 48-րդ լիագումար, իրավական հարցերի, պաշտպանության եւ անվտանգության հարցերի, քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժող...
Արա Բաբլոյանի ելույթը ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստի բացման արարողության ժամանակ
«Հարգելի գործընկերներ, Վեհաժողովի անդամներ, դիտորդներ եւ հյուրեր, ՀՀ Ազգային ժողովի, ինչպես նաեւ ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի նախագահության անունից ողջունում եմ ձեզ Գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստում: Ուրախալի է, որ ՍԾՏՀ ԽՎ բոլոր ազգային պատվիրակությունների ներկայացուցիչները ժամանել են Երեւան:...
Տեղի կունենա ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ
Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով` 28.11.2018, ժամը 11:00, 314 սենյակ: ...