Տպել
05.12.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
1 / 6

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Իտալիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնայի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդների թիմի շրջանակում:

Ողջունելով հյուրերին՝ Արա Բաբլոյանն ընդգծել է, որ Հայաստանն արժեւորում է դիտորդական առաքելությունների գործունեությունն ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման փուլում, ինչն անհրաժեշտ է ժողովրդավարության զարգացման եւ մասնավորապես ընտրական համակարգն ու գործընթացները կատարելագործելու հարցում:

Խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով հայ-իտալական հարաբերություններին, նշել է, որ մեր երկիրը մեծապես կարեւորում է Իտալիայի հետ դինամիկ զարգացող հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների պատմական առնչությունների վրա:

Օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակությամբ արձանագրել է, որ երկու երկրներին միավորում եւ հարաբերություններն առավել ամրապնդում են Իտալիայի հայ համայնքն ու պատմամշակութային, քաղաքակրթական եւ ժողովրդավարական ընդհանուր արժեքները: Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Իտալիայի իշխանություններին ու ժողովրդին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար:

Պաոլա Տավերնան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ այցը կնպաստի Իտալիայի եւ Հայաստանի դարավոր բարեկամական կապերի ու փոխգործակցության առավել խորացմանը: «Մենք հիմա մի երկրում ենք, որն ընթանում է ժողովրդավարության ճանապարհով եւ ցանկանում ենք օգնել այդ գործընթացի ամրապնդման հարցում»,- ասել է Իտալիայի Սենատի փոխնախագահը:

Հյուրերի խնդրանքով Արա Բաբլոյանն անդրադարձել է ներհայաստանյան իրադարձություններին, խորհրդարանական արտահերթ ընտրություններին ու տարածաշրջանային խնդիրներին:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...