Տպել
07.12.2018
Խորհրդարանի հերթական նիստը չի կայացել
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի դեկտեմբերի 7-ի հերթական նիստը չի կայացել: Առավոտյան անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել:

Պատգամավորների գրանցումը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ  սահմանադրական օրենքի համաձայն՝ շարունակվել է  չորս ժամ, սակայն 14:00-ի դրությամբ գրանցվել էր  9 պատգամավոր:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 30 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, Սպիտակում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի  բազմահազար զոհերի հիշատակը:

Արա Բաբլոյանը  նշել է, որ այդ  չափազանց ծանր ու դժվարին իրավիճակում  հայ ժողովրդին օգնության ձեռք է մեկնել ողջ աշխարհը՝ շուտափույթ ժամանած բժիշկների եւ փրկարարների շնորհիվ փրկելով բազմաթիվ կյանքեր:

ԱԺ նախագահը գործընկերներին տեղեկացրել է, որ ավելի քան 25000 մարդկային կյանքեր  խլած ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ այցելելու է աղետի գոտի՝ հարգելու անմեղ զոհերի հիշատակը:

 ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի խոսքով՝  ՀՀ վեցերորդ գումարման  Ազգային ժողովն իր գործունեությունն իրականացրել է հավուր պատշաճի: Ըստ նրա` Հայաստանի  համար այս բախտորոշ ժամանակահատվածում, երբ տեղի է ունեցել քաղաքական հեղափոխություն, ՀՀ Ազգային ժողովն ունեցել է կարեւորագույն դերակատարություն:  Միքայել Մելքումյանը  հույս է հայտնել, որ առաջիկայում  ընտրվելիք  խորհրդարանը եւս կնպաստի երկրի զարգացմանը, եւ քաղաքացիները հուսախաբ չեն լինի:

Այսքանով խորհրդարանն ավարտել է ԱԺ  հերթական նիստերի աշխատանքը: