Տպել
04.01.2019
Արցախի խորհրդարանում ընդունել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին
1 / 6

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում hունվարի 2-ին ընդունել են աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանին:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ:

Աշոտ Ղուլյանը, շնորհավորելով Արա Բաբլոյանին երկրին մատուցած ծառայությունների համար ԱՀ նախագահի կողմից «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրվելու կապակցությամբ, ընդգծել է նրա ակնառու ավանդը երկու խորհրդարանների ակտիվ փոխգործակցության եւ միջազգային հարթակներում Արցախի ձայնը լսելի դարձնելու գործում: Հիշեցնենք, որ այս պարգեւն Արա Բաբլոյանի՝ Արցախի Հանրապետության երկրորդ պետական պարգեւն է: ԱՀ խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Արա Բաբլոյանի՝ Արցախի հետ կապը շարունակական կլինի նաեւ լիազորությունների ավարտից հետո:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արա Բաբլոյանը նշել է. «Ինչպես ՀՀ խորհրդարանի նախագահ ընտրվելուց հետո առաջին աշխատանքային այցով ժամանեցի Ստեփանակերտ, այնպես էլ այսօր՝ լիազորություններիս ավարտի նախաշեմին, այցելում եմ Արցախ»: ՀՀ խորհրդարանի ղեկավարը խոսել է նաեւ փորձն ու հմտությունները նոր ձեւավորված խորհրդարանի գործընկերներին փոխանցելու պատրաստակամության մասին՝ ընդգծելով պետական նշանակության հարցերում երկու խորհրդարանների համագործակցելու եւ համատեղ աշխատելու կարեւորությունը:

ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները, շնորհավորելով ՀՀ խորհրդարանի ղեկավարին, նույնպես բարձր են գնահատել ԱՀ-ՀՀ միջխորհրդարանական համագործակցությունը՝ առանձնացնելով Արա Բաբլոյանի մեծ նվիրվածությունն ու ահռելի աշխատանքն այդ գործում:


04.01.2019
Արա Բաբլոյանը ցավակցել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին
«Խոր վշտով ընդունեցինք Մագնիտոգորսկում բնակելի շենքի պայթյունի հետեւանքով մարդկանց ողբերգական մահվան մասին լուրը: Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ...