National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
14.01.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
14.01.2019
Արարատ Միրզոյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ
1 / 1

Հարգելի նախագահող, ԱԺ հարգելի պատգամավորներ,

շնորհակալ եմ «Իմ քայլը» դաշինքի իմ գործընկերներին բարձր վստահության եւ ԱԺ նախագահի պատասխանատու պաշտոնում իմ թեկնածության առաջադրման համար:

Հանուն մեր երկրի հզորության եւ ի սարսափ թշնամաց: Սրանից 2800 տարի առաջ մոտավորապես այս խոսքերն է դրոշմել սեպագիր արձանագրության մեջ Հայկական լեռնաշխարհի հնագույն պետություններից մեկի գահակալը Էրեբունի ամրոցի հիմնադրման ժամանակ:

Վստահ եմ՝ այս խոսքերի տակ դրված լայն բովանդակությունն ու իմաստն են առաջնորդել հայկական պետականության բոլոր ջահակիրներին ու պահապաններին՝ հնագույն ժամանակներից մինչեւ Երրորդ հանրապետություն, մինչեւ մեր օրեր: Եւ ես կարեւոր եմ համարում իմ ելույթի սկզբում երախտիք հայտնել բոլոր անհատներին, ովքեր հենց այսպիսի գիտակցում ու դերակատարում են ունեցել մեր պատասխանատվության շրջանին նախորդած բոլոր պատմական փուլերում:

Գուցե չափազանց զգայական ու ծիսական հնչի, բայց այս առիթով պատեհ եմ համարում եւ խորհրդանշական եմ համարում մեջբերել մեր ազգային էպոսում վաղուց ի վեր գրվածը.

Դառնամ զողորմի տամ Սանասարին, Բաղդասարին,

Դառնամ զողորմի տամ Ջոջ Մհերին,

Դառնամ զողորմի տամ թառլան Դավիթին,

Դառնամ զողորմի տամ Փոքր Մհերին,

Դառնամ զողորմի տամ Սասնա տան մեծին ու պստիկին:

Այո՛, հանուն մեր պետականության, Հայաստանի ու Արցախի հանրապետությունների հզորության, մեր ժողովրդի բարօրության, քաղաքացիների արժանապատվության, ազատության եւ իրավունքների: Հենց այս գաղափարներն ու արժեքներն էին ընկած նաեւ մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության եւ հարյուր հազարավոր քաղաքացիների նվիրումի ու պայքարի հիմքում: Ի թիվս այդ հարյուր հազարավորների՝ իմ համեստ ջանքերն էլ հենց այս հավատամքից էին բխում քաղաքացիական եւ քաղաքական պայքարի ոչ շատ կարճ ընթացքում եւ մեկ տարի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր եղած շրջանում:

Նույնն էր եւ հեղափոխությունից հետո՝ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնում աշխատելիս, որտեղ իմ առաջնային առաքելությունը, միով բանիվ, համարում էի հնարավորն ու անհնարինն անելը, որ պետական կառավարման համակարգը, պետական մեքենան կարողանա սահուն անցում ապրել եւ ավելի արդյունավետ շարունակել իր աշխատանքն արդեն հեղափոխության եւ նոր Հայաստանի հռչակած կանոններով:

Այժմ գործադիր իշխանությունում իմ պարեկն ավարտված է, եւ ձեր համաձայնության դեպքում ես պատրաստ եմ լծվել նոր մարտահրավերի հաղթահարմանը՝ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետությանը հարիր խորհրդարանի կայացմանը եւՍահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում նոր խորհրդարանական ավանդույթների եւ նոր մշակույթի ձեւավորմանը նպաստս բերելուն: Սա հատկապես պատասխանատու եւ պարտավորեցնող է դառնում այն գիտակցումով, որ մենք խոսում ենք իրապես ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանի մասին:

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է, իրականացնում է օրենսդիր իշխանությունը եւ վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

Համառոտ անդրադառնամ Ազգային ժողովի գործունեության մի քանի ուղղությունների վերաբերյալ իմ պատկերացումներին:

Օրենսդրական օրակարգի մասին

1. Իր կազմում ունենալով ընտրողների ավելի քան 70%-ի վստահության քվեն վայելող քաղաքական ուժ՝ տրամաբանական է, որ յոթերորդ գումարման Ազգային ժողովի օրենսդրական օրակարգում կենտրոնական տեղ են զբաղեցնելու նոր ձեւավորվելիք կառավարության ծրագիրն ու դրա իրականացմանը միտված մշակվելիք օրենսդրական փաթեթները: Եւ ես անելու եմ ուժերիս ներածին չափով կառավարության ծրագրի եւ դրա իրագործման շուրջ խորհրդարանական առավելագույն եւ ամենալայն հնարավոր կոնսոլիդացիան ձեւավորելու համար, քանի որ հավատում եմ, որ մեր ժողովրդի յուրաքանչյուր պատվիրակ ձգտելու է իր ջանքն ու աշխատանքը ներդնել մեր երազանքների Հայաստանի կերտման հարցում:

2. Ապա, կարծում եմ՝ կառավարության ծրագրի իրագործումը պետք է զուգորդենք եւ լավագույնս համադրենք հանրային պահանջարկ հանդիսացող բազմաբնույթ եւ բազմաթիվ հարցերի լուծմանը միտված նախագծերով:

3. Խորհրդարանը, կարծում եմ, պետք է դառնա նաեւ ավելի նախաձեռնող՝ հրաժարվելով արձագանքողի՝ տարիներ ի վեր ունեցած իր դերից: Այո՛, ողջ աշխարհում օրենսդրական նախաձեռնությունների գերակշիռ մասը հեղինակում են կառավարությունները, սակայն մեր պարագայում այս համամասնությունը չափազանց անհավասար է, եւ սա շտկելու ուղղությամբ պետք է լրջորեն աշխատել:

4. Նույն նպատակով կարեւոր եմ համարում նաեւ կառավարության եւ խորհրդարանի օրակարգերի որոշակի համադրումը՝ ապահովելով օրենսդրական նախագծերի հիմքում ընկած գաղափարների ընդհանուր քննարկումը եւ համատեղ մշակված միասնական արդյունքի ձեւավորումը, որի պարագայում խորհրդարանը ստիպված չի լինի մնալ նույն՝ պատրաստի արդյունքին արդեն նշածս արձագանքողի դերում:

5. Իմ եռանդը ներդնելու եմ նաեւ խորհրդարանական միասնական օրակարգ ձեւավորելու համար: Ես հավատում եմ, որ քննարկումներն ու փոխզիջումների կամքը կարող են հնարավորություն տալ այս Ազգային ժողովին ձեւավորել որոշակի համատեղ, միասնական կամ համաձայնեցված օրենսդրական օրակարգ, որը տրամաբանորեն կհանգեցնի մեր կողմից ընդունվող օրենքների ամենալայն լեգիտիմությանը:

Խորհրդարանական վերահսկողության մասին

Խորհրդարանական վերահսկողությունը մեր ընտրողների առջեւ կառավարությանը հաշվետու պահելու մեր առաքելությունն է: Եվ որպես խորհրդարանական պետություն՝ կարծում եմ, մենք մեր առջեւ պետք է կարեւոր խնդիր դնենք արդյունավետ, տեղեկացված եւ ծրագրային վերահսկողություն իրականացնելու համար՝ հավուր պատշաճի եւ ամբողջ ծավալով կիրառելով եղած գործիքակազմը, ըստ անհրաժեշտության նաեւ ընդլայնելով իրավական շրջանակը:

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ արդեն հիմա մենք ունենք որոշակի գործիքներ վերահսկողության համար:

Պետական բյուջեի նկատմամբ վերահսկողությունը

Հավանաբար կհամաձայնեք, որ թվերն ինքնին խոսուն չեն լինում, եթե դրանք հիմնավորված վերլուծության եւ ծրագրային չափորոշիչների անաչառ գնահատմամբ չեն զուգորդվում: Եւ այդ վերլուծության ու գնահատման համար մենք պետք է լրջորեն զարգացնենք ծրագրային բյուջետավորման գործընթացի վերաբերյալ մեր՝ պատգամավորներիս եւ աշխատակազմի ինստիտուցիոնալ կարողությունները:

Քննիչ հանձնաժողովները

Սահմանադրությունը ստեղծել է նվազագույն հիմք քննիչ հանձնաժողովների մասով, սակայն կարծում եմ, որ որեւէ բան մեզ չպետք է խանգարի հասարակությանը, ընտրողներին հուզող խնդիրների լուծման ճանապարհին գործածել այս վերահսկողական գործիքը՝ սկսած հանձնաժողովի առջեւ դրված խնդրի հստակությունից, աշխատանքներին ու քննարկումներին տրված իրական բովանդակությունից մինչեւ եզրահանգումներ եւ որ ամենակարեւորն է՝ ձեռնարկվող միջոցներ:

Խորհրդարանական լսումներ

Կարծում եմ՝ մենք նոր բովանդակություն պետք է հաղորդենք այս ինստիտուտին: Դրանք չպետք է սկսվեն եւ ավարտվեն լսումների օրը: Լավ պատրաստված, տեղեկացված, հաջորդող գործողությունների հստակ ծրագրով, եզրակացություններով եւ առաջարկություններով ամրապնդված ռազմավարական դեր ունեցող լսումները, կարծում եմ, խորհրդարանական վերահսկողության լավագույն գործիքը կարող են դառնալ՝ խորհրդարանական հարթակը ծառայեցնելով ընտրողների ձայնը կառավարությանը հասցնելու եւ խնդիրները հասցեագրելու համար:

Ժամանակս թերեւս չբավականացնի մանրամասն անդրադառնալու վերահսկողության մյուս գործիքներին, ինչպիսիք են՝ Կառավարության հարցուպատասխանը, հարցապնդումները, պաշտոններում նշանակումներն ու հաշվետվությունների եւ զեկույցների հաստատումները եւ այլն:

Սակայն մի բան ուզում եմ, որ հստակ արձանագրենք՝ խորհրդարանական վերահսկողությունը բացի իրավական կարգավորումներից կարիք ունի երկու այլ գործոնի առկայություն՝ քաղաքական կամք եւ ինստիտուցիոնալ կարողություններ եւ երկուսի ձեւավորման ու զարգացման համար էլ ես ներդնելու եմ ջանքերս:

Խորհրդարանական դիվանագիտության մասին

Խորհրդարանական դիվանագիտությունը խորհրդարանական գործունեության կարեւորագույն ուղղություններից է: Իմ պատկերացումները խորհրդարանական դիվանագիտության վերաբերյալ շատ հստակ են: Հենց սկզբից ասեմ, որ դրանք զուրկ են այս գործառույթը գերբարդ ներկայացնելու գայթակղությունից, սակայն նաեւ խարսխված են այդ առաքելության կարեւորության հստակ ու անխախտ գիտակցման վրա:

Ակնհայտորեն խորհրդարանական դիվանագիտությունը պետք է լավագույնս ծառայի միջազգային հարթակներում, վերպետական շփումներում, երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններում պետական դիվանագիտության եւ Հայաստանի Հանրապետության պետական շահի լավագույնս սպասարկմանը: Ուստի, այս առումով, հույժ կարեւոր եմ համարում եւ ամեն կերպ աջակցելու եմ Կառավարության հետ համակարգված, ներդաշնակեցված եւ տեղեկացված աշխատանքի իրականացման գործընթացին: Այս դահլիճում, վստահ եմ, բոլորը կիսում են այն համոզմունքը, որ խորհրդարանական դիվանագիտության մեջ ոչ միայն պետք է լինենք միասնական ու միանպատակ, այլեւ նույնիսկ մեր քաղաքական տարակարծություններն պետք է ծառայեցնենք հնարավոր լավագույն արդյունքներին հասնելու համար: Դա մեզանից պահանջելու է կամք, աշխատանք, ակտիվություն եւ ինչու ոչ՝ նորարարություն եւ ճկունություն:

Ավելորդ չեմ համարում նշել, որ իմ համոզմամբ՝ 7-րդ գումարման Ազգային ժողովը պիտի բազմապատկի այս ուղղությամբ իր ջանքերը՝ դրա համար ներդնելով նաեւ անհրաժեշտ ֆինանսական միջոցները:

ԱԺ խմբակցությունների հետ հարաբերությունների մասին

Ես մեծ պատիվ եմ համարում լինել «Իմ քայլը» դաշինքի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը եւ մշտապես լինելու եմ այն գաղափարների դրոշակակիրը, որոնք ընկած են այս քաղաքական ուժի ծագման հիմքում եւ արտացոլված են նրա հետագծում ու ծրագրային փաստաթղթերում: Բայց նաեւ ակնհայտորեն հասկանում ենք բոլորս, որ որեւէ քաղաքական ուժ չպիտի եւ չի էլ կարող միայն իրենով լցնել քաղաքական դաշտը, միայնակ ձեւավորել քաղաքական օրակարգը, ապահովել քաղաքական մտքի գեներացիան, շահագրգիռ քննարկումները, քննադատությունը եւ վերջնական արդյունքը՝ թեզը, հակաթեզը եւ սինթեզը, եթե իհարկե գիտական տերմինաբանությունն այստեղ կիրառելի է: Առավել եւս, այդպիսի վարքագիծ եւ անգամ տրամադրվածություն չի կարող ունենալ Ազգային ժողովի նախագահն ի պաշտոնե:

Վերջին ամիսներին ես մշտապես ձգտել եմ բանակցային եւ գործընկերային լինել քաղաքական դաշտի ամենատարբեր ուժերի հետ: Հուսամ՝ ճիշտ այդպիսին են ընկալվել նաեւ ԱԺ 7-րդ գումարման խորհրդարանական ուժերի կողմից իմ վերջին օրերի փորձերը՝ բանակցելու, խորհրդակցելու, վերաբանակցելու եւ բոլորի համար առավել ընդունելի լուծումներ գտնելու ուղղությամբ:

Ճիշտ այդպիսին են լինելու նաեւ իմ հետագա ջանքերը: Խորին հարգանքով եւ բարձր գնահատանքով վերաբերելով ընդդիմության դերին՝ ինքս որպես իշխող մեծամանության ներկայացուցիչ, ով ոչ հեռու անցյալում ընդդիմադիր պատգամավոր էր, ամեն ինչ անելու եմ բոլոր խմբակցությունների հետ կառուցողական ու արդյունավետ երկխոսության եւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորման համար: ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում՝ ի պաշտոնե, չընտրվելու դեպքում՝ կամավորությամբ՝ պայմանավորված շահագրգիռ քննարկումների, կառուցողական բանավեճի եւ հնարավորինս համագործակցային ճանապարհով մեր պետության եւ հասարակության նոր քաղաքական օրակարգի եւ նոր քաղաքական հարաբերությունների ու մշակույթի ձեւավորման անհրաժեշտության խոր գիտակցմամբ: Ընդ որում ոչ միայն խորհրդարանական, այլեւ արտախորհրդարանական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հարաբերություններում:

Ես հիմա չեմ անդրադառնա Ազգային ժողովի գործունեությանն առնչվող բազմաթիվ այլ, առավելապես տեխնիկական հարցերի: Մեկ երկու բառ թերեւս: Ես նկատի ունեմ Փորձագիտական կենտրոնի հիմնադրման գաղափարը, որը կուժեղացնի խորհրդարանի փորձագիտական կարողությունները եւ պատգամավորներին իրենց գաղափարները կյանքի կոչելու ավելի մեծ հնարավորություններ կընձեռի: Ես նկատի ունեմ նաեւ բոլոր պատգամավորների հավասարության սկզբունքի պահպանումը եւ բազմաթիվ այլ հարցեր:

Ելույթս ուզում եմ ավարտել այնպես, ինչպես սկսել եմ՝ կեցցե մեր երազանքների Հայաստանը, որը մենք կերտելու ենք, անպայման կերտելու ենք հանուն մեր երկրի հզորության եւ ի սարսափ թշնամաց:


14.01.2019
Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը
Հունվարի 14-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: «ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ մինչեւ խորհրդարանի նախագահի ընտրությունն ԱԺ նիստերը վարել է տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը: Նա Հայաստանում բնակվող բոլոր ազգային փո...

14.01.2019
Ձեւավորված նոր մշակույթի համաձայն՝ Արա Բաբլոյանն Արարատ Միրզոյանին է փոխանցել խորհրդարանի ղեկավարումը
Խորհրդարանական աշխատանքում ձեւավորվել է նոր մշակույթ, որի համաձայն էլ հունվարի 14-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվելուց հետո Արարատ Միրզոյանի հետ հանդիպել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Հանդիպմանը խորհրդարանի նախկին ղեկավարն արդեն ԱԺ նախագահի պաշտոնն ստանձ...

14.01.2019
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
«Մեծարգո՛ պարոն Միրզոյան, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հայաստանի խորհրդարանն իր մեկդարյա գործունեության ընթացքում մշտապես եղել է ինչպես Մայր հայրենիքում պետականության ամրապնդման հիմնական ինստիտուտներից մեկը, այնպես էլ համահայկական կարեւորության հարցերի ք...

14.01.2019
Արարատ Միրզոյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ
Հունվարի 14-ին գաղտնի քվեարկության արդյունքում 131 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ է ընտրվել Արարատ Միրզոյանը: Կենսագրություն Ծնվել է 1979թ. նոյեմբերի 23-ին Երեւանում: 2000թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը: 2002թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Պատմաբան: 20...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS