National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
14.01.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
14.01.2019
Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը
1 / 42

Հունվարի 14-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը:

«ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ մինչեւ խորհրդարանի նախագահի ընտրությունն ԱԺ նիստերը վարել է տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը:

Նա Հայաստանում բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունների անունից շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ ի դեմս նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների՝ խորհրդարանում ներկայացված լինելու համար:

Խորհրդարանի անդրանիկ նստաշրջանի բացման առթիվ պատգամավորներին ողջույնի եւ օրհնանքի խոսք է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն՝ նշելով.

«Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության,

Հարգելի նախագահող,

Պատվարժան պատգամավորներ եւ սիրելի ներկաներ,

Ողջունում եւ Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ Ազգային ժողովի 7-րդ գումարման անդրանիկ նիստի առիթով: Արգասաբեր գործունեության մաղթանքով շնորհավորում ենք Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներիդ:

Այսօր դուք` իբրեւ վստահյալ ներկայացուցիչները ժողովրդի, ստանձնում եք ձեր պարտականությունները: Հայաստանի նոր կյանքը կերտելու պատասխանատվությունը նաեւ ձեր ուսերին է, քանզի մեր երկրի առաջընթացն ու զարգացումը մեծապես պայմանավորված է օրենսդիր մարմնի գործունեությամբ:

Մեր ժողովուրդը մեծ սպասումներ ու ակնկալություններ ունի բարեփոխումների: Բարօրության ու կարիքների հոգածության հրամայականը չէ միայն, որ հուզում է մեր ժողովրդին: Մեր երկրի առջեւ ծառացած են արտաքին հանգամանքներով պայմանավորված լրջագույն մարտահրավերներ, որոնց դիմակայելու եւ շահեկան կերպով լուծումների առաջնորդելու համար ներքին կյանքում պիտի ունենանք հնարավորինս քիչ խնդիրներ: Պետական, քաղաքական գործիչների եւ ողջ հասարակության ընդհանուր բարեխղճությունը եւ քաղաքացիական պատասխանատվությունը գլխավոր պայմանն են մեր ժողովրդի ներուժի համախմբման, մեր պետականության ամրապնդման եւ մեր շեն, հուսալի ապագայի կերտման:

Հարգարժան պատգամավորներ, ձեր օրենսդրական ջանքերով պիտի ձեւավորվեն անհրաժեշտ միջավայր ու հնարավորություններ մեր երկրի տնտեսության շարունակական զարգացման, գիտության, կրթության, մշակույթի առաջընթացի համար, մեր ժողովրդի անվտանգության եւ խաղաղության ապահովման համար: Ձեր հաստատած օրենքները պիտի ծառայեն հասարակական մեր կյանքում ամրապնդելու օրինականությունը, արդարությունն ու իրավունքը, որոնք կզորացնեն մեր ընթացքը` ապրելու եւ գործելու փոխադարձ հարգանքի, սիրո եւ համերաշխության մեջ: Սիրո եւ համերաշխության ոգով, հավատում ենք, պիտի արդյունավորվեն նաեւ այս դահլիճում ընթացող քննարկումները եւ կայացվող որոշումները: Քաղաքական հայացքների եւ տեսակետների բազմակարծությամբ հանդերձ՝ մեր հայրենիքի եւ ժողովրդի լուսավոր ապագայի նույն տեսլականն է միավորում ձեզ՝ համախումբ ջանքերով ներդրում բերելու ազգային մեր իղձերի իրագործման նվիրական առաքելությանը: Պատվերն ունենք առաքյալի՝ ճշմարտությամբ, արդարությամբ, սրբությամբ, առաքինությամբ ու սիրով խորհելու (Փիլ. Դ 8), միաշունչ եւ միախորհուրդ լինելու եւ հակառակության ոգով չգործելու (Փիլ. Բ 2-3): Ճշմարիտ է ասված՝ միաբանությամբ փոքրերը մեծանում են, եւ անմիաբանությամբ մեծերը՝ փոքրանում: Արդ, ամուր պահենք Հայաստան, Արցախ, Սփյուռք միասնականությունը, հավատարմությունը մեր հոգեւոր եւ ազգային արժեքներին, մեր հայրերի նվիրական պատգամներին, որպեսզի ունենանք շնորհն ու զորությունը կերտելու մեր հայրենիքի եւ ազգային կյանքի զարթոնքը:

Սուրբ Ծննդյան հոգենորոգ այս օրերին, արդարեւ, զորանում են հավատն ու վստահությունը, որ քրիստոնեական իր արժեհամակարգով մեր ժողովուրդը պիտի շարունակի լինել արարող ու զարգացող ազգ, հոգով ու մտքով լուսավորված ազգ՝ կարող բարեփոխելու իր կյանքը: Մեր Եկեղեցին, ինչպես բազմադարյա մեր պատմության ընթացքին, այսօր եւս շարունակելու է իր զորակցությունը բերել հայրենի իշխանությունների ազգաշեն նախաձեռնություններին:

Մեծարգո պատգամավորներ, Աստծո օրհնությունն ու շնորհներն ենք հայցում ձեզ եւ ձեր գործունեությանը: Հայրենիքի հանդեպ ձեր սերը թող ուղղորդի եւ ուժ ու կորով պարգեւի ձեզ: Թող Տերը Իր Սուրբ Աջի եւ խնամքի ներքո պահպանի ու օրհնի մեր ժողովրդին եւ սրբազան մեր երկիրը՝ խաղաղության մեջ եւ բարգավաճման ճանապարհին՝ այսօր եւ միշտ. ամեն»:

Առաջին նստաշրջանի բացման առթիվ նորընտիր խորհրդարանին ողջունել եւ ուղերձ է հղել նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

«Վեհափառ Տեր,

Հարգելի նախագահող,

Հարգելի պատգամավորներ,

շնորհավորում եմ յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի առիթով: Շնորհավորում եմ խորհրդարան անցած քաղաքական ուժերին եւ բոլոր պատգամավորներին, մաղթում հաջողություն եւ արդյունավետ աշխատանք:

Շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովին, նախորդ գումարումների խորհրդարանների պատգամավորներին՝ Անկախությունից ի վեր օրենսդիր աշխատանքի համար:

Պատմություն դարձած 2018 թվականը մեծ փոփոխությունների, փորձությունների, սպասումների եւ հույսերի տարի էր, մեր ժողովրդի լավագույն հատկանիշների՝ միասնականության, համախմբվածության, բարձր բարոյական եւ քաղաքացիական ոգու բազմաթիվ դրսեւորումների տարի:

Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք ճանաչվել են դրանց մասնակցած բոլոր քաղաքական ուժերի եւ միջազգային դիտորդների կողմից, բարձր լեգիտիմությամբ են օժտել ներկա Ազգային ժողովին:

Նոր Ազգային ժողովի եւ նոր կառավարության ձեւավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը: Սկսում է հաջորդ, հույսերի եւ խոստումների իրականացման, հետեւողական, համառ եւ ամենօրյա աշխատանքի փուլը:

Հարգելի պատգամավորներ,

դուք ստացել եք լայն հնարավորություններ` կյանքի կոչելու, թավշյա հեղափոխության գաղափարները եւ արդարացնելու հասարակության սպասելիքները, կերտելու նոր Հայաստան:

Եվ իհարկե, ձեր գործունեության հաջողությունը մեծապես պայմանավորված է լինելու Հայաստանի քաղաքացու աջակցությունից եւ նրա մասնակցությունից հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական կյանքին:

Հարգելի պատգամավորներ,

Սահմանադրության 1-ին հոդվածը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը ,ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետությունե: Այդ դրույթը ոչ թե փաստի արձանագրում է, այլ պետության համար կարեւորագույն սկզբունք-նպատակ. նպատակ, որը երբեք չի կարելի համարել լիարժեք իրականացված, նպատակ, որին պետք է ձգտել մշտապես կատարելագործելով եւ անցնելով երկար ճանապարհով:

Այսպիսով, Նոր Հայաստանը կառուցելու համար դեռ բազում եւ լուրջ բարեփոխումներ պետք է իրականացվեն բոլոր բնագավառներում եւ տարբեր մակարդակներով:

Առաջնային հարց է մնում Հայաստանում բնակվող յուրաքանչյուր անձի բարեկեցիկ եւ արժանավայել կյանքի երաշխավորումը:

Ներկայումս թե՛ իրավական հարթության վրա, թե՛ գործնականում այդ իրավունքներին բավարար կարեւորություն տրված չէ: Նոր Հայաստանում մարդու տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական իրավունքները եւ ազատություններն պետք է հանդիսանան մարդու արժանապատվության կարեւորագույն բաղկացուցիչ մասը:

Եվ հենց այդ ընկալումը պետք է ընկած լինի իրավական ակտերի եւ պետական մարմինների գործողությունների հիմքում:

Հարգելի պատգամավորներ,

աշխարհը դառնում է ավելի անկայուն եւ անկանխատեսելի՝ լի մարտահրավերներով:

Միջազգային հարաբերությունների մեջ ավանդական մոտեցումները եւ մեթոդները, ինստիտուտները, կառույցները հաճախ կորցնում են իրենց արդյունավետությունը:

Սա ստեղծում է մեծ ռիսկեր, միաժամանակ, իհարկե, ստեղծում է նաեւ նոր հնարավորություններ:

21-րդ դարը սրընթաց փոփոխությունների, արագ գնահատականների եւ որոշումների, խորը փոխկապակցվածության դար է լինելու:

Մենք նոր աշխարհի դարպասների մոտ ենք եւ պետք է վերափոխենք մեր մտածելակերպը եւ մեր մոտեցումները:

Գիտակցելով մեր իրական եւ թվացյալ առավելություններն ու թերությունները, ունենալով հստակ տեսլական եւ ծրագիր՝ օգտագործենք աշխատող, ստեղծող, մտածող ազգի մեր կարողությունները 21-րդ դարում:

Այո, փոխվում են ժամանակները, սակայն անփոփոխ են մեր նպատակները` նպաստել հզոր ու զարգացած Հայաստանի կերտմանը, նպաստել 21-րդ դարի մարտահրավերներին պատրաստ արժանապատիվ քաղաքացու ձեւավորմանը:

Սրանք են մեր նպատակները:

Նոր Ազգային ժողովին բավականին ծավալուն աշխատանք է սպասվում խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ հաշվի առնելով արտաքին ոլորտում Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները եւ մարտահրավերները:

Այդ մարտահրավերների շարքը երկար է. Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ արդար կարգավորում, Հայաստանի ու Արցախի անվտանգության բարձրացում, բանակի արդիականացում, եվրասիական եւ եվրոպական ուղղություններով համագործակցության խորացում, համագործակցության զարգացում հարեւանների, համաշխարհային բոլոր դերակատարների, բոլոր գործընկերների եւ, իհարկե, բարեկամների հետ, Հայաստանի տեղի ամրապնդում աշխարհում՝ որպես միջազգային հուսալի եւ կայուն գործընկեր:

Այս ամենի համար անհրաժեշտ են պրոֆեսիոնալ մոտեցումներ եւ հմտություններ: Մաղթում եմ ձեզ հաջողություն:

Նոր Հայաստանը պետք է հանդես գա որպես գիտության, մշակույթի, կրթության եւ նոր տեխնոլոգիաների աշխարհի կարեւորագույն կենտրոններից մեկը, խթանի նորարարությունը, ստեղծարար միտքը:

Պետք է ձգտել աշխարհին պարգեւել Նոբելյան մրցանակակիրներ, նոր թումանյաններ եւ կոմիտասներ, նոր արշիլ գորկիներ, համբարձումյաններ, խաչատրյաններ, նոր գյուլբենկյաններ եւ քրքորյաններ:

Եվ իհարկե, բացի իրավական, ինստիտուցիոնալ եւ կառուցվածքային բարեփոխումներից, Նոր Հայաստանում մեզանից յուրաքանչյուրը նույնպես պետք է ստանձնի ,բարեփոխվելուե պարտավորություն, պետք է կատարելագործի իր արժեհամակարգը, հասկանա իր ազգային եւ անհատական ինքնությունը եւ դրանից բխող բոլոր պատասխանատվությունները:

Հարգելի պատգամավորներ,

այն հասարակությունը, որ մենք պետք է զարգացնենք այսօր, կառուցվելու է մեր վարքի, հանդուրժողականության, բազմակարծության հանդեպ հարգանքի եւ վստահության վրա, կառուցվելու է մեր աշխատելու ունակությամբ, ստեղծելու եւ ստեղծագործելու կարողությամբ, կառուցվելու է այս պատերի ներքո կայացվելիք ողջամիտ որոշումներով:

Որոշումներ, որոնք կոչված են բարելավելու մեր կյանքը ոչ միայն այսօր, այլեւ վաղը՝ ապագա սերունդների համար:

Խորհրդարանն այն տեղն է, որտեղ պետք է բախվեն գաղափարները եւ տեսակետները: Բազմակարծությունը, խոսքի ազատությունը, հանդուրժողականությունը եւ հարգանքը փոքրամասնությունների հանդեպ արժեքներ են, նաեւ՝ առաջընթացի շարժիչ ուժեր:

Եղե՛ք ընդդիմախոսներ, բայց երբեք հակառակորդներ:

Թիրախավորե՛ք խնդիրները, այլ ոչ թե անձերին:

Դուք իշխանություն եք՝ օրենսդիր իշխանություն: Բայց ձեր գործը այլեւս միայն օրենք ստեղծելը չէ, այլ նաեւ դրանց կենսագործման վերահսկողությունը, ինչպես նաեւ իշխանության ճյուղերի միջեւ տարանջատման, զսպման եւ հակակշռման մեխանիզմների ստեղծումը եւ կիրառումը, որը կնպաստի մեր երկրի առաջընթացին:

Իմ խորհուրդն է՝ այսօր հաջողության հասնելու համար սեւեռենք մեր ուշադրությունը եւ գործունեությունը ապագայի վրա: Աշխատենք բոլորս միասին եւ բոլորս բոլորի համար սկզբունքով:

Եվ ինքներս մեզ միշտ հարցնենք՝ ի՞նչ պայմաններում են ապրելու եւ ի՞նչ հնարավորություններ են ունենալու մեր երեխաները սրանից 10, 20 եւ ինչու չէ, 100 տարի հետո:

Աշխատենք կառուցել մի հասարակություն, որի հիմքում ընկած են կայուն-հարատեւ զարգացման հիմունքները:

Կայուն, հարատեւ զարգացումը հնչեղ կարգախոս չէ միայն, այն կենսական խնդիր է, որին պետք է պատշաճ ուշադրություն դարձնել:

Կայուն, հարատեւ զարգացման մասին արժե լրջորեն խորհել նախքան որոշումներ կայացնելը մեր հողի, ջրի, բնական պաշարների, ազգային ժառանգության եւ արժեքների վերաբերյալ:

Նոր Հայաստանում, երիտասարդ Հայաստանում, պետք է խթանել սերունդների, ինչպես նաեւ աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցների միջեւ փոխադարձ վստահությունն ու հարգանքը, արդյունավետ համագործակցությունը:

Երբ ասում եմ երիտասարդ, ես նկատի ունեմ ոչ միայն տարիքը, այլ նախ եւ առաջ մտքի եւ հոգու կայտառությունը, փնտրելու եւ գտնելու, սովորելու եւ ստեղծագործելու ունակությունը:

Ինձ համար Հայաստանը 21-րդ դարում ապրող եւ հաղթելու հնարավորություն ունեցող երկրի օրինակ է, քանի որ մենք արտացոլում ենք աշխարհում առկա այսօրվա բոլոր միտումները: Այսինքն, մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային համակապակցված ազգ:

Եվ իհարկե, մենք ապրում ենք այն խորին գիտակցումով, որ, անկախ մեր ծննդյան վայրից, ունենք մեկ Հայրենիք: Այդ Հայրենիքը մենք պետք է ծաղկեցնենք համատեղ ուժերով՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի միասնական ջանքերով:

Հայաստանը իրո՞ք կարող է դառնալ երկրագնդի ամենապայծառ կետերից մեկը նորարարական գաղափարների կիրառման, մշակույթի, գիտության, տնտեսության եւ այլ ոլորտներում:

Այդ ուղին հեշտ չի լինելու:

Բայց ես հավատում եմ մեր ժողովրդի անսպառ տաղանդին եւ անկոտրում ոգուն: Վստահ եմ, որ մենք կհաղթահարենք այդ ճանապարին ընկած բոլոր դժվարությունները:

Հարգելի պատգամավորներ,

Մեզ բոլորիս մաղթում եմ կազմակերպվածություն, առողջ դատողություն, աշխատասիրություն, հետեւողականություն եւ պատասխանատվություն:

Խորհրդարանին մաղթում եմ արդյունավետ եւ բեղմնավոր աշխատանք:

Որպես Հանրապետության նախագահ, իմ լիազորությունների սահմաններում, պատրաստ եմ համագործակցության եւ աջակցության, համատեղ բեղմնավոր աշխատանքի՝ ի շահ մեր Հայրենիքի եւ ժողովրդի:

Աստված մեզ պահապան»,-ասել է Հանրապետության նախագահը:

«ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ նորընտիր պատգամավորները երդվել են բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել պետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:

Նիստը վարողը տեղեկացրել է, որ ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել երեք քաղաքական ուժեր՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Պատգամավորների ընդհանուր թիվը 132 է: Ըստ «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ այս խորհրդարանում գործելու է 3 խմբակցություն: Նշվել է, որ ԱԺ ընտրության արդյունքում մանդատների ընդհանուր թվի ոչ պակաս, քան 54 տոկոսը ստացած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ստեղծած խմբակցությունը համարվում է կառավարող, իսկ մյուս խմբակցությունները՝ ընդդիմադիր:

Այնուհետեւ Կնյազ Հասանովը ներկայացրել է նորընտիր պատգամավորներին եւ առաջին նստաշրջանի օրակարգը:

ՀՀ օրենսդիր մարմինը քննարկել է «ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» որոշման նախագիծը, որն ընդունվել է 72 կողմ, 1 դեմ ձայներով: Այսպիսով, ԱԺ հաշվիչ հանձնախմբում կլինեն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հինգ, իսկ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների մեկական պատգամավորներ: «Իմ քայլը» խմբակցությունից հաշվիչ հանձնաժողովում կաշխատեն Վահագն Հովակիմյանը, Արփինե Դավոյանը, Սիսակ Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանը եւ Մարիա Կարապետյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից՝ Շաքե Իսայանը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից՝ Աննա Կոստանյանը:

Այնուհետեւ խորհրդարանն անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահի ընտրության հարցին:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խմբակցության կողմից առաջադրել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը, ապա ներկայացրել թեկնածուի կենսագրությունը եւ գործունեությունը: Բանախոսի կարծիքով՝ ԱԺ նախագահի պաշտոնում Արարատ Միրզոյանի թեկնածությունը հավասարապես ընդունելի է թե՛ իշխող մեծամասնության եւ թե՛ ընդդիմադիր խմբակցությունների համար: Խմբակցության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ իր դավանած արժեքներով եւ անձնային հատկանիշներով Արարատ Միրզոյանն անկասկած ջանք չի խնայի իշխանություն-ընդդիմություն երկխոսության, տարատեսակ քաղաքական հակասությունների հարթման եւ փոխզիջումների փնտրտուքի համար: Նա կոչ է արել պատգամավորներին քվեարկել Արարատ Միրզոյանի թեկնածության օգտին:

ՀՀ ԱԺ նախագահի թեկնածու առաջադրված Արարատ Միրզոյանի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:

ՀՀ ԱԺ պատգամավորներն ՀՀ ԱԺ նախագահի թեկնածուին ուղղված հարցադրումներում անդրադարձել են Ազգային ժողովի դերի բարձրացմանն ուղղված քայլերին, նրա վերահսկողական գործառույթների ուժեղացմանը, հաշվետվողականության դերի բարձրացմանը, խորհրդարանական լսումների նշանակությանը, ԱԺ խմբակցությունների իրավունքներին եւ այլն:

Արարատ Միրզոյանը, կարեւորելով խորհրդարանական լսումների նշանակությունը, ընդգծել է, որ բոլոր խմբակցությունները եւ պատգամավորները հնարավոր ջանքեր պետք է գործադրեն, որպեսզի լսումների միջոցով խորհրդարանը հետայսու դառնա հանրային քննարկումների հարթակ, որտեղ հնարավորություն կլինի ձեռք բերել լայն հասարակական հավանություն օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ:

ԱԺ նախագահի թեկնածուի խոսքով՝ ջանքեր պետք է գործադրվեն խորհրդարանի դերի բարձրացման ուղղությամբ:

«Տրամաբանական է՝ ԱԺ մեծամասնությունը կառավարության քաղաքական հենարանն է խորհրդարանում եւ բնական կլինի, որ կառավարության նախաձեռնությունների գերակշիռ մասն աջակցություն ստանա այս մարմնում, բայց պիտի խորհրդարանն ինքը հանդես գա օրենսդրական նախաձեռնություններով, փոխի համամասնությունը, աշխատի կառավարության հետ՝ ոչ թե ինքնանպատակ հակադրվելով կառավարությանը, այլ համատեղ աշխատելով մեր հասարակության եւ երկրի համար առավել լավ իրավական դաշտ ունենալու ուղղությամբ»,-ընդգծել է Արարատ Միրզոյանը:

ԱԺ նախագահի թեկնածուն բոլոր խնդիրները քննարկելու պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ ընտրվելու դեպքում լինելու է ԱԺ բոլոր պատգամավորների եւ այս պետական մարմնի նախագահը:

ՀՀ ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանի գործունեությանը, անձնային եւ մասնագիտական որակներին անդրադարձել են ԱԺ պատգամավորներ Լենա Նազարյանը, Շիրակ Թորոսյանը, Վլադիմիր Վարդանյանը, Մխիթար Հայրապետյանը եւ Էդմոն Մարուքյանը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է խորհրդարանական խմբակցությունների իրավունքներին՝ նշելով, որ այս առումով «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքը եւ Սահմանադրությունը վերանայման կարիք ունեն: Նա տեղեկացրել է, որ խմբակցությունը միաձայն որոշել է կողմ քվեարկել Արարատ Միրզոյանի թեկնածությանը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը, անդրադառնալով հնչած ելույթներին, երախտագիտություն է հայտնել գործընկերներին վստահության եւ ջերմ խոսքերի համար:

Կնյազ Հասանովը տեղեկացրել է, որ ԱԺ 7-րդ գումարման առաջին նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի առաջին նիստում հանձնախմբի նախագահ է ընտրվել ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը, քարտուղար՝ պատգամավոր Արփինե Դավոյանը:

Վահագն Հովակիմյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ նախագահի ընտրության քվեարկության կարգը:

Հաջորդ նիստում, որին ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը տեղեկացրել է, որ տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի արդյունքում միաձայն ՀՀ ԱԺ նախագահ է ընտրվել Արարատ Միրզոյանը: Քվեարկությանը մասնակցել է 132 պատգամավոր, անվավեր է համարվել 1 քվեաթերթիկ,կողմ է քվեարկել 131 պատգամավոր, դեմ՝ 0:

ՀՀ ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին ցուցաբերած բարձր վստահության համար՝ նշելով, որ այն չափազանց պարտավորեցնող է: «Պաշտոնավարմանս ընթացքում յուրաքանչյուր րոպե աշխատելու եմ հիշել այս պարտավորությունը»,-ասել է նա:

Այնուհետեւ խորհրդարանը ձեռնամուխ է եղել ՀՀ ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրությանը: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 137-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է խմբակցություններին: ՀՀ ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի թեկնածուն կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Խորհրդարանի նախագահի տեղակալներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար խմբակցության կողմից ներկայացրել է Ալեն Սիմոնյանի թեկնածությունը: Խմբակցության ղեկավարը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունը՝ ընդգծելով, որ Ալեն Սիմոնյանը ծավալել է քաղաքացիական, հասարակական եւ քաղաքական գործունեություն, երբեք չի կաշկանդվել՝ հայտնելու իր դիրքորոշումները, մշտապես եղել է սկզբունքային, պայքարել հանուն արդարության:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել «Իմ քայլը» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու եւ վստահության համար եւ նշել, որ անհրաժեշտ է ձեւավորել այնպիսի խորհրդարան, որ քաղաքացիների համար ընկալելի լինի, որ այս բարձր վստահություն ստացած խորհրդարանն այսուհետ ներկայացնում է իրենց՝ ՀՀ քաղաքացիներին:

Մտքերի փոխանակության ընթացքում ելույթներ են ունեցել պատգամավորներ Հովիկ Աղազարյանը,Հայկ Կոնջորյանը եւ Վիկտոր Ենգիբարյանը, որոնք բարձր են գնահատել Ալեն Սիմոնյանի մարդկային եւ մասնագիտական որակները, հորդորել կողմ քվեարկել նրա թեկնածությանը: Հովիկ Աղազարյանի գնահատմամբ՝ Ալեն Սիմոնյանը հայտնի է որպես կայացած անհատ թե՛ քաղաքական, թե՛ հանրային կյանքում:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար խմբակցության կողմից առաջադրել է Լենա Նազարյանի թեկնածությունը: Ներկայացնելով նրա կենսագրությունը՝ Լիլիթ Մակունցն ընդգծել է, որ թեկնածուն առանձնանում է մարդկային բարձր արժանիքներով, անաչառությամբ: Խմբակցության ղեկավարի խոսքով՝ Լենա Նազարյանի համար քաղաքացին եւ անհատը բարձրագույն արժեքներ են: Բանախոսը բարձր է գնահատել նաեւ նրա դերակատարումը ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման խորհրդարանում:

Լենա Նազարյանը խոսել է ընտրվելու դեպքում իր գործունեության տեսլականից եւ նշել հետագա անելիքները, որի նպատակը ժողովրդի ակնկալիքների իրագործումն է Ազգային ժողովում:

Թեկնածուն ընդգծել է, որ խմբակցությունը գործելու է այնպես, որպեսզի չընդհատվի հանրության հետ Ազգային ժողովի կապը: Նա մասնավորապես անդրադարձել է խմբակցության պատգամավորների՝ փորձի պակասի վերաբերյալ կարծիքներին եւ նշել, որ դրա փոխարեն կա անանցանելի թվացող խոչընդոտների հաղթահարման, սեփական ուժերին ապավինելով եւ փոխօգնությամբ գործելու, չհանձնվելու փորձ:

Լենա Նազարյանի թեկնածության կապակցությամբ ելույթներ են ունեցել պատգամավորներ Գոռ Գեւորգյանը եւ Տաթեւիկ Հայրապետյանը: Նրանք խոսել են թեկնածուի մարդկային եւ մասնագիտական որակներից, դրական գնահատել նրա թեկնածության առաջադրումը:

ՀՀ ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալի պաշտոնում ընտրվելու համար ներկայացվել է երկու թեկնածություն:

Սերգեյ Բագրատյանը ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, ընդգծել նրա մարդկային եւ մասնագիտական բարձր որակները, ներկայացրել կենսագրական տվյալները: Ըստ նրա՝ Վահե Էնֆիաջյանն ի զորու է առաջ տանելու ընդդիմության խնդիրները եւ կայացնելու այդ ինստիտուտը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուն շնորհավորել է նորընտիր խորհրդարանին եւ մաղթել արգասաբեր աշխատանք: Նա շնորհակալություն է հայտնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը՝ իր թեկնածությունն ԱԺ փոխնախագահի բարձր պաշտոնում առաջադրելու համար:

Թեկնածուն խոսել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու պարագայում աշխատանքի իր պատկերացումների մասին՝ ընդգծելով, որ լինելու է ժողովրդի ձայնը խորհրդարանում: «Մեր խորհրդարանը պետք է դառնա արդյունավետ երկխոսությունների եւ առողջ բանավեճերի հարթակ, որտեղ բարձրացված խնդիրների վերջնական հանգուցալուծումը պետք է բխի ժողովրդի եւ պետության շահերից»,-շեշտել է ԱԺ փոխնախագահի թեկնածուն:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության կողմից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջադրել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը: Պատգամավորը ներկայացրել է թեկնածուի գործունեությունը, նրա անցած ուղին՝ նշելով, որ նա մշտապես հանդես է եկել քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ: Նրա խոսքով՝ Մանե Թանդիլյանի թեկնածության առաջադրումը լեգիտիմ է եւ հիմնավոր:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Մանե Թանդիլյանը շնորհակալություն է հայտնել «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար՝ ընդգծելով, որ այն պարտավորեցնող է: Թեկնածուի խոսքով՝ իր ընդդիմախոսությունը երբեւէ չի ծառայել եւ չի կարող ծառայել որեւէ մեկի նեղ անձնային շահերին, այլ ծառայել եւ ծառայելու է մեր պետության զարգացմանը եւ առաջընթացին:

Ելույթներում ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Գեւորգ Պետրոսյանը, Նազելի Բաղդասարյանը, Արման Բաբաջանյանը, Գեւորգ Գորգիսյանը խոսել են ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուների ունակություններից, անցած ուղուց, առավելություններից, ինչպես նաեւ մարդկային որակներից եւ մասնագիտական կարողություններից:

Խորհրդարանն աշխատանքը կշարունակի հունվարի 15-ին՝ ժամը 10:00-ին:


14.01.2019
Արարատ Միրզոյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ
Հարգելի նախագահող, ԱԺ հարգելի պատգամավորներ, շնորհակալ եմ «Իմ քայլը» դաշինքի իմ գործընկերներին բարձր վստահության եւ ԱԺ նախագահի պատասխանատու պաշտոնում իմ թեկնածության առաջադրման համար: Հանուն մեր երկրի հզորության եւ ի սարսափ թշնամաց: Սրանից 2800 տարի առաջ մոտավորապես այս խոսքերն է դրոշմել սեպագիր ար...

14.01.2019
Ձեւավորված նոր մշակույթի համաձայն՝ Արա Բաբլոյանն Արարատ Միրզոյանին է փոխանցել խորհրդարանի ղեկավարումը
Խորհրդարանական աշխատանքում ձեւավորվել է նոր մշակույթ, որի համաձայն էլ հունվարի 14-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվելուց հետո Արարատ Միրզոյանի հետ հանդիպել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Հանդիպմանը խորհրդարանի նախկին ղեկավարն արդեն ԱԺ նախագահի պաշտոնն ստանձ...

14.01.2019
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
«Մեծարգո՛ պարոն Միրզոյան, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հայաստանի խորհրդարանն իր մեկդարյա գործունեության ընթացքում մշտապես եղել է ինչպես Մայր հայրենիքում պետականության ամրապնդման հիմնական ինստիտուտներից մեկը, այնպես էլ համահայկական կարեւորության հարցերի ք...

14.01.2019
Արարատ Միրզոյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ
Հունվարի 14-ին գաղտնի քվեարկության արդյունքում 131 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ է ընտրվել Արարատ Միրզոյանը: Կենսագրություն Ծնվել է 1979թ. նոյեմբերի 23-ին Երեւանում: 2000թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը: 2002թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Պատմաբան: 20...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS