National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
15.01.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
15.01.2019
Ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալները, ձեւավորվել են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
1 / 26

ՀՀ նորընտիր Ազգային ժողովը հունվարի 15-ին շարունակել է առաջին նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորները շարունակել են խորհրդարանական մարմինների ձեւավորման գործընթացը:

Մինչ ընդհատված հարցի քննարկմանն անցնելը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով. «Ճիշտ այս օրերին՝ 1990 թվականին, Բաքվում ընթանում էին հայկական ջարդերը: Ես կարծում եմ, որ մեր Ազգային ժողովը, բոլոր պատգամավորները միակամ են՝ դատապարտելու այս բռնությունները, ինչպես նաեւ միակամ են՝ մերժելու խտրականության վրա հիմնված բոլոր տեսակի բռնություններն աշխարհի որեւէ անկյունում: Մենք՝ որպես ժողովուրդ, որն իր պատմության ընթացքում մի քանի անգամ առերեսվել է այսպիսի ողբերգության հետ, չի կարող երբեւէ հանդուրժել նման բռնություն որեւէ ազգային փոքրամասնության նկատմամբ»:

ՀՀ ԱԺ նախագահը նաեւ տեղեկացրել է, որ հունվարի 15-ին պատգամավորական մանդատից հրաժարականի դիմում է ներկայացրել Վահագն Գրիգորյանը: «ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն, եթե մեկշաբաթյա ժամկետում պատգամավորը գրավոր կերպով ետ է վերցնում դիմումը, ապա այդ մասին ՀՀ ԱԺ նախագահը նիստում հանդես է գալիս հայտարարությամբ, իսկ եթե չի վերցնում, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է ՀՀ ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Ապա պատգամավորները շարունակել են նախորդ օրն ընդհատված հարցի քննարկումը. խորհրդարանն սկսել էր ՀՀ ԱԺ նախագահի տեղակալների թեկնածուներ Ալեն Սիմոնյանի, Լենա Նազարյանի, Վահե Էնֆիաջյանի եւ Մանե Թանդիլյանի թեկնածությունների շուրջ քննարկումները:

Այս կապակցությամբ իրենց դիրքորոշումներն են հայտնել ՀՀ ԱԺ խմբակցությունները:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստանի» ելույթներն ուղղված են «Իմ քայլը» խմբակցությանը, այլ ոչ թե «Բարգավաճ Հայաստանին», ինչպես կարծում են որոշ պատգամավորներ:

Ըստ նրա՝ Մանե Թանդիլյանի առաջադրումն արհեստական չէ, եւ, խմբակցության կարծիքով, պետք է ընտրել «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածուին: Էդմոն Մարուքյանը մտավախություն է հայտնել, որ եթե չընտրվի իրենց խմբակցության թեկանածուն, ապա խորհրդարանը կարող է չունենալ ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալ: Նա նաեւ տեղեկացրել է, որ «Լուսավոր Հայաստանը» ՀՀ ԱԺ նախագահի իշխանական տեղակալների քվեարկությանը կմասնակցի ազատորեն՝ քվեարկելով խղճի մտոք:

Ներկայացնելով ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշումը` խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նախ շնորհավորել է նորընտիր խորհրդարանին եւ մաղթել արդյունավետ աշխատանք: Գագիկ Ծառուկյանը պարզաբանել է, որ որեւէ խնդիր չկա «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ, իսկ «Բարգավաճ Հայաստանի» ՀՀ ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալի թեկնածու Վահե էնֆիաջյանն այն գործիչն է, ով ընտրվելու դեպքում աշխատելու է ի նպաստ Հայաստանի զարգացման, հետեւողական է լինելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրերի իրականացման հարցում:

Գագիկ Ծառուկյանը խոսել է մեր երկրի զարգացման իր տեսլականից, կարեւորել հարկային դաշտի, ինչպես նաեւ բանկային համակարգի բարեփոխումը, ինչը բարերար ազդեցություն կարող է ունենալ տնտեսության զարգացման, ներդրումների եւ ապրանքաշրջանառության ծավալների ավելացման վրա:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը հարցի վերաբերյալ ներկայացրել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա անհիմն եւ վիրավորական է համարել խորհրդարանական որոշ գործընկերների կողմից նախորդ օրը հնչեցված այն ակնարկները, թե «Իմ քայլը»-ի պատգամավորների նկատմամբ ճնշում է գործադրվել՝ ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալի թեկնածուի վերաբերյալ քաղաքական որոշում կայացնելու հարցում:

Նա պարզաբանել է, որ թեժ քննարկումների եւ բանավեճերի արդյունքում է, որ խմբակցությունում կայացվել է քաղաքական որոշում:

Ընդգծելով, որ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունն անձերի կամ կուսակցությունների միջեւ չէ, Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ, առաջնորդվելով հստակ քաղաքական դիրքորոշմամբ՝ իրենց խմբակցությունը նախապատվությունը տալու է այն թեկնածուին, որին առաջադրել է առավել մեծ համամասնությամբ խորհրդարանում ներկայացված խմբակցությունը:

Հարցի վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Չափազանց պարզ գնահատելով խնդիրը՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ՀՀ ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալի ընտրությանն ինքը վերաբերվում է՝ ելնելով քաղաքական դաշտում եւ խորհրդարանում քաղաքական ուժի դիրքավորման սկզբունքից: «Կա սկզբունք՝ ընդունել եւ արձանագրել ժողովրդի քվեարկությամբ արդեն իսկ արձանագրված համամասնությունը: Ես կարծում եմ, որ սա միակ իրական եւ շոշափելի սկզբունքն է, որով կարող է առաջնորդվել «Իմ քայլը» խմբակցությունն ընտրությունը կատարելիս»,-պարզաբանել է Արարատ Միրզոյանը: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ խմբակցությունն իրեն իրավունք չի վերապահում վերափոխելու ժողովրդի քվեարկությամբ արդեն իսկ արձանագրված համամասնությունը:

Արարատ Միրզոյանը գործընկերներին իրազեկել է, որ այս օրերին ընթացել են քաղաքական բանակցություններ, կոնսուլտացիաներ, ինչի արդյունքում որոշվել է ՀՀ ԱԺ մշտական կարեւորագույն հանձնաժողովներից մեկի ղեկավարումը զիջել «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը:

Եզրափակիչ ելույթում Մանե Թանդիլյանը դրական է գնահատել ՀՀ ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալի թեկնածուների շուրջ տեղի ունեցած քննարկումները, ինչպես նաեւ անդրադարձել պատգամավորների դիրքորոշումներին: Նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հորդորել է իրենց քվեարկությունը կատարել՝ ելնելով քաղաքացիների՝ «Իմ քայլը» դաշինքի անդամներին տված քվեներից:

ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալների ընտրության կարգի մասին:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նիստի ընթացքում տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ խմբակցություններն ընտրել են խմբակցությունների քարտուղարներին:

Այսպես՝ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար է ընտրվել Հակոբ Սիմիդյանը, «Բարգավաճ Հայաստան» խնբակցության քարտուղար՝ Արման Աբովյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար՝ Գեւորգ Գորգիսյանը:

Ամփոփելով ընտրությունների քվեարկությունների արդյունքները` ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ 132 պատգամավորից քվեարկություններին մասնակցել է 130-ը:

ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Ալեն Սիմոնյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 109 պատգամավոր, դեմ՝ 20-ը, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ:

ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Լենա Նազարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 124 պատգամավոր, դեմ՝ 3-ը, անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ:

ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահե Էնֆիաջյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 108 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ:

ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Մանե Թանդիլյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 19 պատգամավոր:

Այսպիսով, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ են ընտրվել Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը եւ Վահե Էնֆիաջյանը: Նրանք շնորհակալություն են հայտնել կուսակիցներին եւ գործընկերներին՝ նման պատասխանատու պաշտոնում իրենց թեկնածություններն առաջադրելու եւ ցուցաբերած վստահության համար:

Այնուհետեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Առաջարկվում է ստեղծել տասնմեկ մշտական հանձնաժողով: Ի տարբերություն նախորդ գումարման, մշտական հանձնաժողովների թիվն ավելանում է երկուսով, որոնք են Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները:

Ըստ հիմնական զեկուցողի՝ Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ստեղծման նպատակահարմարությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչպես նաեւ տարածաշրջանի մյուս պետությունների, այդ թվում՝ Իրանի եւ Վրաստանի հետ համագործակցության հետագա խորացման, Եվրասիական տնտեսական միության պայմանագրի համաձայն՝ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման եւ միասնականացման անհրաժեշտությամբ:

Նախագծի վերաբերյալ ելույթ են ունեցել պատգամավորները:

Վիկտոր Ենգիբարյանը ողջունել է տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ստեղծումը՝ հաշվի առնելով փոփոխվող աշխարհի եւ տարածաշրջանային ինտեգրացիոն մարտահրավերները:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել է ստեղծվելիք հանձնաժողովի անունը սահմանել այն կազմակերպությանը մոտ անվանումով, որի անդամ է Հայաստանը, այն է՝ եվրասիական կամ ԵԱՏՄ ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով: Նա կարեւոր է համարել հանձնաժողովների միջեւ ոլորտային ուղղվածությամբ օրենսդրության ճիշտ բաշխումը, ինչը կապահովի համաչափ ծանրաբեռնվածություն:

Եզրափակիչ ելույթում անդրադառնալով ստեղծվելիք հանձնաժողովի անվանման վերաբերյալ Էդմոն Մարուքյանի առաջարկին՝ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ չպետք է սահմանափակվել առկա տնտեսական ինտեգրման առանձնահատկություններով եւ հարկ է հաշվի առնել, որ մոտակա 5 տարիների ընթացքում մեր երկիրը կարող է տարածաշրջանային այլ ինտեգրացիոն գործընթացների մաս դառնալ:

Քվեարկությունից առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորներին տեղեկացրել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը նախագծում առաջարկել է որոշ փոփոխություններ: Մասնավորապես հաշվի առնելով «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների մտահոգությունը՝ նախատեսվում է ստեղծվելիք հանձնաժողովն անվանել Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով:

Որոշումն ընդունվել է:

Այնուհետեւ խորհրդարանն անդրադարձել է ԱԺ 11 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրմանը. ԱԺ ութ հանձնաժողովների նախագահների թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Նարեկ Զեյնալյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Ռուբեն Ռուբինյանը, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Մխիթար Հայրապետյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Արման Եղոյանը, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Անդրանիկ Քոչարյանը, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Վլադիմիր Վարդանյանը, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Վարազդատ Կարապետյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Բաբկեն Թունյանը:

Երկու հանձնաժողովների նախագահների թեկնածուներին ներկայացրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը՝ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Նաիրա Զոհրաբյանը, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Միքայել Մելքումյանը:

Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

Ելույթներում պատգամավորները ներկայացրել են թեկնածուների անցած ուղին, անդրադարձել աշխատանքային գործունեությանը, մասնագիտական ունակություններին:

Հանձնաժողովների նախագահների թեկնածուներն իրենց ելույթներում ներկայացրել են առաջիկա տարիների գործունեության իրենց պատկերացումները: Նրանք շնորհակալություն են հայտնել վստահության եւ այդ պատասխանատու պաշտոններում իրենց թեկնածությունն առաջադրելու համար:

Ըստ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վլադիմիր Վարդանյանի՝ հանձնաժողովում պետք է ստեղծվեն այնպիսի օրենքներ, որոնք պիտանի կլինեն ողջ հասարակության համար եւ ուղղված՝ առկա խնդիրների լուծմանը: Զեկուցողը խոսել է խորհրդարանական վերահսկողության իրականացման խնդիրներից, անդրադարձել ոլորտային համաձայնագրերին, որոնք քննության առարկա են դառնալու հանձնաժողովում:

Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նարեկ Զեյնալյանը նշել է, որ Հայաստանում բուժօգնությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր քաղաքացու՝ անկախ սոցիալական վիճակից: Բուժօգնության արդյունավետությունը բարձրացնելու եւ ոլորտում ստվերային շրջանառությունը նվազեցնելու տեսանկյունից զեկուցողը կարեւորել է ամբողջական ապահովագրական համակարգի ներդրումը: Նարեկ Զեյնալյանը բարձրաձայնել է նաեւ սոցիալական ոլորտում առկա խնդիրները, ներկայացրել դրանց լուծման իր մոտեցումները: Բանախոսը վստահեցրել է, որ ընտրվելու դեպքում հանձնաժողովում կքննարկվեն բոլոր այն հարցերը եւ նախաձեռնությունները, որոնք ուղղված կլինեն սոցիալապես ապահով եւ առողջ հասարակություն ունենալուն:

Առողջապահության եւ սոցիալական ոլորտի խնդիրների քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ կառավարությունը ջանքեր է գործադրում եւ՛ ծնելիության խթանման նպատակով, եւ՛ սոցիալական բնակարանաշինության ծրագրերի իրականացման առումով: Խորհրդարանի ղեկավարի գնահատմամբ՝ կան բազմաթիվ խնդիրներ, որոնց շուրջ գործադրի հետ պետք է համատեղ աշխատել:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի գնահատմամբ՝ հանձնաժողովը պետք է աջակցի գործադրի վարած արտաքին քաղաքականությանը: Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ կառավարությունը, մասնավորապես արտաքին գործերի նախարարությունն արտաքին քաղաքականություն վարելիս պետք է կարողանան հիմնվել ԱԺ-ի ստեղծած միջազգային քաղաքական շփումների վրա: Որպես հանձնաժողովի գործունեության կարեւորագույն ուղղություններ՝ թեկնածուն առանձնացրել է նաեւ օրենսդրական վերահսկողությունն ու խորհրդարանական լսումների ակտիվացումը:

Խորհրդարանն աշխատանքը կշարունակի հունվարի 16-ին՝ ժամը 10:00-ին:


15.01.2019
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի կենսագրությունը
Ծնվել է 1983թ. մարտի 9-ին Երեւանում: 2007թ. ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, միաժամանակ՝ Ժուռնալիստիկայի հայկական դպրոցի մեկամյա դասընթացը: 2014թ.՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտը: Լրագրող: 2005-2009թթ. եղել է «Հետք» շաբաթաթերթի լրագրող: 2008-2009թթ.՝ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի լրագրող: 2...

15.01.2019
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի կենսագրությունը
Ծնվել է 1980թ. հունվարի 5-ին Երեւանում: 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ: 2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դա...

15.01.2019
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի կենսագրությունը
Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 24-ին Երեւանում: 1996-1998թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 1992թ. ավարտել է Երեւանի բիզնես դպրոցը: 2003թ.` Երեւանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, 2005թ.` նույն համալսարանի մագիստրատուրան: 2010թ.` ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ասպիր...

15.01.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Վահագն Գրիգորյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Գրիգորյանը հունվարի 15-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS