National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.1.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
16.01.2019
Նորընտիր խորհրդարանը շարունակել է աշխատանքը
1 / 8

ՀՀ Ազգային ժողովը հունվարի 16-ին շարունակել է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների վերաբերյալ քննարկումները:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի թեկնածության, ինչպես նաեւ պետության արտաքին քաղաքականության գերակայությունների, առաջնահերթությունների, բացթողումների, ՀՀ դեսպանների եւ հյուպատոսների՝ նախկինում կատարված նշանակումների հետ կապված խնդիրների, խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի աշխատանքի բարելավման, խորհրդարանական դիվանագիտության կարեւորության եւ դրա զարգացման նպատակահարմարության վերաբերյալ ելույթներ են ունեցել պատգամավորներ Արման Բաբաջանյանը, Հովհաննես Իգիթյանը, Արման Աբովյանը, Նարեկ Մկրտչյանը, Էդմոն Մարուքյանը, Շիրակ Թորոսյանը եւ Հայկ Կոնջորյանը:

Թեկնածուի մասնագիտական կարողություններին անդրադարձել եւ նրա առաջադրումը կարեւորել են պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Շիրակ Թորոսյանը եւ Նարեկ Մկրտչյանը:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ելույթ է ունեցել Գեւորգ Պետրոսյանը: Նա կարեւորել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նշանակությունը, անդրադարձել որոշ պատգամավորների ելույթներին եւ նրանց հորդորել իրենց ելույթները կառուցել քաղաքական հարթությունում՝ զերծ մնալով անձանց թիրախավորելուց:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Մխիթար Հայրապետյանի կենսագրությունը եւ գործունեությունը բարձրաձայնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը:

Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է հանձնաժողովի աշխատանքի կազմակերպման առնչությամբ իր տեսլականը: Կրթության ոլորտում բարեփոխումների արդյունավետ իրականացման հարցում թեկնածուն ընդգծել է խորհրդարանի, մասնավորապես հանձնաժողովի դերը, խոսել Սփյուռքի հետ քաղաքականության իրագործման կարեւորագույն բաղադրիչների մասին: Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտների օրենսդրական բարեփոխումներին՝ ընդգծելով, որ հանձնաժողովն ակտիվ ներգրավված է լինելու այդ աշխատանքներում: Այս համատեքստում նա կարեւորել է խորհրդարանական լսումների դերը, հատկապես վերոնշյալ բնագավառների շուրջ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու հարցում:

Պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը, Արմեն Խաչատրյանը, Գեւորգ Պետրոսյանը, Գեւորգ Պապոյանը, Հովիկ Աղազարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սոֆյա Հովսեփյանն ու Շիրակ Թորոսյանն անդրադարձել են գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում եւ Սփյուռքին վերաբերող խնդիրներին, կարեւորել բարեփոխումների իրականացումը: Ելույթներում նրանք խոսել են անվճարունակ, սակայն առաջադիմություն դրսեւորող ուսանողների համար նոր ծրագրերի իրականացումից, Հայաստան-Սփյուռք սերտ համագործակցությունից, ընդգծել Հայաստանը ներկայացնող դեսպանների աշխատանքի կարեւորությունը: Անդրադարձ է կատարվել բոլոր ոլորտներում ազգային փոքրամասնությունների ներկայացվածության, իրավունքների պաշտպանության խնդիրներին, մտահոգություն է հնչել դպրոցների տնօրենների մրցույթների անցկացման վերաբերյալ, կարեւորվել կրթական համակարգում վերահսկողական մեխանիզմների կիրառումը, ինչպես նաեւ հրատապ է համարվել հեռուստաեթերի նպատակային ծրագրային քաղաքականության մշակումը: Պատգամավորները դրվատանքի խոսք են ասել Մխիթար Հայրապետյանի օգտին:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից Սոնա Ղազարյանը ներկայացրել է Արման Եղոյանի թեկնածությունը՝ անդրադառնալով նրա կենսագրական եւ մասնագիտական գործունեությանը:

Արման Եղոյանն իր ելույթում երախտագիտություն է հայտնել «Իմ քայլը» խմբակցությանն իր թեկնածությունը նման պատասխանատու պաշտոնում առաջադրելու համար: Թեկնածուն անդրադարձել է հանձնաժողովին վերապահված լիազորությունների շրջանակին: ԵՄ-ի հետ հարաբերությունների առումով նա կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը եւ այս համատեքստում հանձնաժողովի սերտ համագործակցությունն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ՝ ԵՄ երկրներում ՀՀ-ԵՄ համաձայնագրի հետագա վավերացման, մեր երկրում համաձայնագրով նախատեսված դրույթների կիրարկման ու ՀՀ օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը մոտարկելու հարցում: Նա կարեւորել է հանձնաժողովի ակտիվ համագործակցությունը Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի, ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հետ, ինչպես նաեւ համակարգված աշխատանքը կառավարության հետ:

ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացն արագացնելու հարցում նա ընդգծել է Սփյուռքի փորձագիտական ներուժի արդյունավետ կիրառումը եւ լոբբիստական աշխատանքը: Թեկնածուն հանձնաժողովի աշխատանքում արժեւորել է նաեւ արհեստավարժ փորձագիտական կազմի առկայությունը:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Սուրեն Գրիգորյանը, Սոս Ավետիսյանն ու Վիկտոր Ենգիբարյանն իրենց ելույթներում անդրադարձել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների կյանքի կոչմանը, դրանով պայմանավորված բարեփոխումների իրականացմանը, գործընթացի արդյունավետ իրականացման հարցում Սփյուռքի ներուժի արդյունավետ կիրառմանը եւ այլն:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում խոսել է եվրոպական երկրներում ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացն ակտիվացնելու անհրաժեշտության մասին: Նրա կարծիքով՝ հանձնաժողովը պետք է նախաձեռնող լինի համաձայնագրի կիրառման գործընթացում քաղաքացիական հասարակությանը ներգրավվելու հարցում: Էդմոն Մարուքյանն ընդգծել է, որ իրենք՝ որպես ընդդիմություն, հետեւելու են, որպեսզի գործընթացն առաջ տանող կառույցները լիարժեք գործեն:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը եւ կենսագրական տվյալները ներկայացրել է ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը:

Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով հանձնաժողովի գործառույթներին եւ լիազորություններին,նշել է, որ իր աշխատանքում երկու բանաձեւ է կիրառելու՝ «Քո իրավունքը պաշտպանելու համար այդ իրավունքը պետք է իմանալ» եւ «Հավասար իրավունքներ բոլորին, հատուկ արտոնություն` ոչ մեկին»: Թեկնածուի խոսքով՝ արդեն իսկ մոտ 650 դիմում եւ նամակ է ստացելկալանավորներից, ցմահ դատապարտյալներից, մանկատներից, հոգեբուժարաններից:

Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ հանձնաժողովի ամենակարեւոր աշխատանքային ուղղություններից մեկը լինելու է համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ: Նա խոսել է նաեւ աշխատողների իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ, կարեւորել սերտ համագործակցությունը ՄԻՊ գրասենյակի հետ:

Ազգային ժողովն աշխատանքը կշարունակի հունվարի 17-ին՝ ժամը 10:00-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am