Տպել
06.02.2019
Խորհրդարանական պատվիրակությունն ամփոփել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքները
1 / 5

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Միքայել Մելքումյանը, Էդմոն Մարուքյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթեւիկ Հայրապետյանը եւ Սոս Ավետիսյանը փետրվարի 6-ին հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրել են մանրամասներ 2019 թվականի հունվարի 20-26-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներից:

Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ նստաշրջանի շրջանակում Հայաստանին վերաբերող կարեւորագույն հարցը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության զեկույցն էր: Զեկուցող Ալեքսանդր Պոչեյը բարձր է գնահատել Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների որակը՝ ընդգծելով որ ընտրությունները մրցակցային էին եւ ազատ:

Ըստ բանախոսի՝ ելույթ են ունեցել նաեւ ԵԽԽՎ-ում ընդգրկված քաղաքական խմբերի ղեկավարներ, անհատ պատգամավորներ, ովքեր եւս դրական գնահատականներ են տվել տեղի ունեցած ընտրություններին:

Ռուբեն Ռուբինյանը՝ որպես պատվիրակության ղեկավար, հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավինսկու հետ, քննարկել պատվիրակության աշխատանքներին վերաբերող հարցեր: Նրա գնահատմամբ՝ պատվիրակության անդամների միջեւ կա լիակատար ըմբռնում եւ համակարգված, փոխօգնության մթնոլորտում աշխատելու պատրաստակամություն:

Պատվիրակության անդամները հանդիպել են ԵԽԽՎ նախագահ Լիլիան Պասկեին, ով շնորհավորելով մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ՝ նշել է, որ Հայաստանի օրինակը կարող է վարակիչ լինել այլ երկրներում ընտրությունների անցկացման համար:

Կայացած հանդիպումներին, առաջիկա ծրագրերին անդրադարձել են նաեւ պատվիրակության մյուս անդամները, ընդգծելով ԵԽԽՎ գործընկերների դրական վերաբերմունքը թե՛ նոր Հայաստանի եւ թե՛ պատվիրակության անդամների նկատմամբ:

Տեղեկացվել է, որ Էդմոն Մարուքյանը եւ Միքայել Մելքումյանը, անդրադառնալով ադրբեջանական պատվիրակության՝ ՀՀ նախկին իշխանությանը հասցեագրված որոշ որակումներին, հորդորել են ադրբեջանցիներին զբաղվել իրենց երկրի ժողովրդավարության խնդիրներով:

Պատվիրակության անդամները պատասխանել են լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են հայ ադրբեջանական հարաբերություններին, ԵԽԽՎ-ի կողմից իրականացվող մշտադիտարկումներին:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...