National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.2.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28
 
14.02.2019
Խորհրդարանը հավանություն է տվել Կառավարության ծրագրին
1 / 13

Փետրվարի 14-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է Կառավարության ծրագրի նախագծի քննարկումը: Պատգամավորներն իրենց տեսակետներն են ներկայացրել նախագծի վերաբերյալ:

Մի շարք ելույթներում անհրաժեշտ է համարվել ծրագիրը դարձնել ավելի որոշակի, ապահովել դատական իշխանության եւ դատավորի անկախությունը, բարձրացնել կառավարության պատասխանատվության աստիճանն ու ուսուցչի նկատմամբ հարգանքը: Առաջարկ է եղել փաստաթղթում ավելացնել ծրագրի իրականացման ռիսկերը, երաշխիքներն ու այն չկատարելու դեպքում՝ պատասխանատվությունը, նախանշված անելիքների համար նշել հստակ ժամկետներ:  Կարեւորվել են ներդրումների համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն ու ծրագրի կատարման չափելիության ապահովումը: Նշվել է, որ անդրադարձ չկա պետական պարտքին: Ըստ որոշ դիտարկումների՝ ծրագրի նպատակը հեղափոխական է, իսկ բովանդակությունը՝  ոչ:

Կարծիք է հնչել, որ այս փաստաթուղթն ապառազմավարական եւ  ապահայեցակարգային է, դրանում բացակայում են սկզբունքները: Պատգամավորներից ոմանք կարեւորել են կոռուպցիայի դեմպայքարը,  պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը,  օրինախախտների դեմ խիստ պատիժների սահմանումը եւ հարկային օրենսդրության պարզեցումը՝ մեջբերելով Սինգապուրի դրական օրինակը: Շատ պատգամավորներ էլ իրենց ելույթներում Կառավարության ծրագիրը գնահատել են որպես տնտեսական զարգացում ապահովող, թեեւ դրանում շատ չեն թվային ցուցանիշները: Նշվել է նաեւ, որ ծրագրում բազմաթիվ են չափելի եւ վերահսկելի դրույթները:

Տնտեսական հեղափոխությանը զուգահեռ անհրաժեշտ է համարվել նաեւ իրականացնել մշակութային հեղափոխություն:Ելույթներում անդրադարձ է կատարվել նաեւ աշխատաշուկայի կարիքներին, անհրաժեշտ է համարվել ավելացնել գիտությանը հատկացվող գումարները:

Մտահոգություն է հայտնվել, որ ծրագրում չի խոսվում ժողովրդագրական անվտանգության ռազմավարությունից: Կարծիք է հնչել հայրենադարձությանն ուղղված գրասենյակների բացման վերաբերյալ:

Կարեւորվել է որոշ երկրների՝ հաջողված տնտեսական զարգացում արձանագրած փորձի ուսումնասիրումը:

Պատգամավորները նշել են, որ ծրագրում ներկայացված չէ Կառավարության հռչակած տնտեսական հեղափոխության իրականացման գործիքակազմը: Խոսվել է նաեւ կինոարտադրության ոլորտում փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունից:

Նշվել է, որ բարձր է խորհրդարանի հանդեպ քաղաքացու վստահությունը եւ հետագա գործողություններով պետք է ամրապնդել այն: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, արտաքին հարաբերություններին, պետական համակարգում սպասվելիք օպտիմալացման գործընթացին, ՀՆԱ-ի աճի տեմպերին:

Նշվել է, որ մերժվել է նախկին կեղծ համակարգը եւ եկել է տնտեսական հեղափոխության ժամանակը, որն առանց ժողովրդի մասնակցության հնարավոր չէ իրականացնել: Այս համատեքստում կարեւորվել է խորհրդարանի եւ կառավարության կողմից համապատասխան մթնոլորտի ապահովումը, որի պայմաններում մարդիկ կվերագտնեն իրենց վստահությունը, կշարունակեն լինել պահանջատեր եւ մասնակցություն ունենալ տնտեսական առաջընթացի գործում:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:  

ԱԺ նախագահն անդրադառնալով Կառավարության ծրագրով նախատեսված ջրամբարների կառուցմանը եւ պատասխանելով գործընկերների՝ որտե՞ղ, ի՞նչ ժամկետներում եւ քա՞նի ջրամբար է կառուցվելու հարցադրումներին՝ հավաստիացրել է, որ թեեւ ժամկետներ կառավարության ծրագրում չկան, բայց այդ ջրամբարները կառուցվելու են:

ԱԺ նախագահը համաձայնել է Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, որ դժվար է լինել ընդդիմություն հեղափոխությունից հետո, բայց տասնապատիկ ավելի դժվար է լինել իշխանություն եւ հարյուրապատիկ ավելի դժվար է լինել քաղաքացի:

«Այս ծրագիրը կարող է իրականանալ միայն մի դեպքում, եթե կառավարությանը հաջողվի արթնացնել քաղաքացիների հավատը, գիտակցությունը, մասնակցությունը: Այդ դեպքում կապահովվի քաղաքացիների հաղթանակը: Սա, իմ խորին համոզմամբ, կառավարության միակ ու լրջագույն մարտահրավերն է: Կհաջողվի՞ կառավարությանն ապահովել սա, կհաջողվի ծրագիրը, կկառուցվեն այդ ջրամբարները, եւ թոշակները կբարձրանան: Չի հաջողվի, ուրեմն ծրագիրը չի իրականանա»,-ասել է Արարատ Միրզոյանը:

Փաստաթղթի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել խորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ Կառավարությունը ներկայացրել է ծրագիր, սակայն դեռեւս խորհրդարան չի բերվել Կառավարության կառուցվածքի մասին օրինագիծը, որն անհրաժեշտություն էր: Պատգամավորի կարծիքով՝ պետք է Կառավարության աշխատանքներում ներգրավել այնպիսի մասնագետների, որոնք  կհավատան հայտարարված տնտեսական հեղափոխությանը եւ դրա իրականացման ուղիներ կառաջարկեն: Նրա համոզմամբ՝ վարչապետը պետք է փոխի իր կադրային քաղաքականությունը, եթե ցանկանում է ունենալ մեծ փոփոխություններ:  «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկելու ծրագրին:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Նաիրա Զոհրաբյանը:  Ըստ նրա՝ ծրագիրը պետք է լիներ հեղափոխական, սակայն այն զգուշավոր եւ վախվորած է: Նման բարձր լեգիտիմություն ունեցող իշխանության ներկայացրած փաստաթուղթը չի լուծելու առկա սոցիալ-տնտեսական  խնդիրների բեռը, իսկ հանրության ամենամեծ վստահությունն անգամ«մաշվելու» հատկություն ունի, ասել է Նաիրա Զոհրաբյանը:  Պատգամավորը տեղեկացրել է, որ իրենց ներկայացրած առաջարկների ընդունումից է կախված խմբակցության քվեարկությունը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դրական դիրքորոշումը  փաստաթղթի վերաբերյալ ներկայացրել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Ըստ նրա՝ Կառավարության ծրագիրը յուրօրինակ ուղերձ ու ուղենիշ է, հեղափոխական է, կաղապարված չէ, ճկունության եւ աշխատելու լայն հնարավորություն է տալիս:Խմբակցության ղեկավարի խոսքով՝ առաջիկա հինգտարիներին Կառավարությունն օրենսդիր մարմնի հետ համատեղ հնարավորություն ունի իրականացնելու հեղափոխական բարեփոխումներ, որը, սակայն, չի կարող միայնակ իրականացնել՝ չունենալով  իշխանության այլ ճյուղերի աջակցությունը: «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու ծրագրին:

Եզրափակիչ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձել է պատգամավորներիելույթներին, դիտողություններին, տվել պարզաբանումներ: Ըստ նրա՝ ծրագրի  քննարկման ընթացքում անդրադարձ չի եղել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրին, որը Կառավարության գործունեության առաջիկա հինգ տարիների ծրագրի հիմքն է:

Վարչապետը պարզաբանել է, որ Կառավարությունն ունի անելիքների եւ պատասխանատվության իր բաժինը, ինչը նաեւ ունի քաղաքացին:  Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացին պետք է հավատա իր ուժերին, իսկ աղքատությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է փոփոխություն՝ մարդկանց  մտածելակերպում:

«Չի լինելու վատ եւ ավելի վատ, լինելու է լավ եւ ավելի լավ, սակայն սրան պետք է հավատալ»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նաեւ տնտեսության, կրթության ոլորտներին, հարկային քաղաքականությանը,  ավիափոխադրումներին, ինչպես նաեւ պատգամավորների  առաջարկներին՝ պարզաբանելով, որ այսօր ՀՀ Սահմանադրությունը թույլ չի տալիս փոփոխություններ կատարել ծրագրում:

Քվեարկության արդյունքում փաստաթուղթն ընդունվել է  88 կողմ,  40 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի աշխատանքը:

ԱԺ երկրորդ նստաշրջանն իր առաջին նիստը կգումարի մարտի 5-ին:
 


14.02.2019
Վահե Էնֆիաջյանը հանդիպել է «Աշտարակ Կաթ» ընկերությունից տուժած տնտեսվարողների հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 14-ին հանդիպել է «Աշտարակ Կաթ» ընկերության գործունեությունից տուժած տնտեսվարողների հետ, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի այգում: Նրանք խնդրել են ուսումնասիրել հարցը եւ հնարավորինս արագ լուծում տալ դրան: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ հն...

14.02.2019
Հանդիպում ԵՄ Արեւելյան գործընկերության հարցերով Շվեդիայի դեսպանի եւ ՀՀ-ում Շվեդիայի գործերի հավատարմատարի հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը փետրվարի 14-ին ընդունել են ՀՀ-ում Շվեդիայի գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնին եւ Ե...

14.02.2019
Տեղի կունենա ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ 15.02.2019, ժամը 10:00, 314 սենյակ: ...

14.02.2019
Տեղեկատվություն
Փետրվարի 15-ին՝ ժամը 11:30-ին, ԱԺ 214 սրահում կմեկնարկի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ՓՄՁ երկխոսության հարթակի ձեւավորման աշխատանքը: Նախատեսվում է հուշագրի ստորագրում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am