Տպել
20.02.2019
Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպումներ է ունեցել խորհրդարանում
1 / 13

Փետրվարի 20-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը մի շարք հանդիպումներ է ունեցել խորհրդարանում:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանը մասնակցել է նաեւ խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովը:

Լիլիթ Մակունցը դրական է գնահատել  անցած ամիսների ընթացքում  դեսպանի հետ համագործակցությունը ՀՀ Կառավարությունում եւ հույս հայտնել, որ այն առավել արդյունավետ կշարունակվի  խորհրդարանական մակարդակում: Անդրադառնալով վերջին շրջանում մամուլում տեղ գտած՝ հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող  տարաբնույթ մեկնաբանություններին՝ խմբակցության ղեկավարը նշել է, որ դրանք կապված չեն հայաստանյան գործընթացների հետ եւ չեն արտացոլում Ռուսաստանի Դաշնության պաշտոնական տեսակետը: Նրա խոսքով՝ դրանք առանձին անհատների մեկնաբանություններ են, ինչի հետ համամիտ է եղել նաեւ դեսպանը:

Պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն անդրադարձել է ռուսական դպրոցներում եւ դասարաններում  հայերենի դասավանդման ծրագրերին,  կարեւորել երկու երկրների միջեւ միջմշակութային կապերի աշխուժացումը:

Դեսպան Սերգեյ Կոպիրկինը  դրական  գնահատելով անցած ամիսների համագործակցությունը՝  առանձնակի ընդգծել է միջխորհրդարանական եւ միջազգային հարթակներում  շփումների ու  փոխգործակցության կարեւորությունը:

Նույն օրը Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը :

Զրուցակիցները խոսել են հայ-ռուսական բարեկամական հարաբերություններից, կարեւորել երկու երկրների միջեւ կապերի դինամիկ զարգացումը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել նպաստելու Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տարբեր ձեւաչափերով ինչպես տնտեսական, այնպես էլ այլ ոլորտներին առնչվող համագործակցության խորացմանը:

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է նաեւ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացները՝ ընդգծելով, որ ձեւավորված է լեգիտիմության բարձր աստիճան ունեցող խորհրդարան:Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումը՝ ընդգծելով օրենսդիր մարմինների համանման հանձնաժողովների համատեղ արդյունավետ աշխատանքը:

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ մեր երկիրը կարեւորում է Ռուսաստանի եւ Հայաստանի ուժային կառույցների սերտ փոխգործակցությունը: Նա անդրադարձել է նաեւ միջխորհրդարանական հարթակներում, մասնավորապես ՀԱՊԿ ԽՎ-ում եւ ԱՊՀ ՄԽՎ-ում համատեղ աշխատանքի կարեւորությանը:

Դեսպանը շնորհավորել է Անդրանիկ Քոչարյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ նա պաշտպանության եւ անվտանգության ոլորտում իր փորձառությունն ու գիտելիքներըկուղղի խնդիրների վերհանմանն ու լուծմանը:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը   եւս ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին:

Ողջունելով հյուրին՝ Արման Եղոյանը կարեւորել է հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հետագա խորացումը եւ ընդլայնումը տարբեր ոլորտներում:

Անդրադառնալով ԵՄ եւ ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների համադրելիության հեռանկարներին՝  հանձնաժողովի նախագահը նշել է, որ այս հարցում հայկական կողմի դիրքորոշումը հստակ է՝ դրանք պետք է միմյանց ոչ թե բացառեն, այլ փոխլրացնեն: Նա ընդգծել է, որ այս գործընթացում Հայաստանի համար ուղենշային են Հայաստանի պետական շահը եւ դրանից բխող երկկողմ միջազգային պարտավորությունների պահպանումն ու իրավունքի իրացումը:

Բանախոսը նշել է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզն արդեն իսկ պատրաստ է եւ վերջնական համաձայնեցումից հետո կսկսվի դրա իրականացումը: Արման Եղոյանը կարեւորել է եվրոպական եւ եվրասիական ինտեգրման ուղղություններով համակարգված եւ ներդաշնակեցված քաղաքականության իրականացումը, որը հիմնված կլինի հստակ հաշվարկի, կողմերից յուրաքանչյուրի շահերի գիտակցման եւ փոխադարձ հարգանքի վրա:  Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵԱՏՄ եւ ՀՀ-ԵՄ հարաբերությունները ավելի գլոբալ առեւտրատնտեսական եւ նորմատիվ ինտեգրացիոն գործընթացների համատեքստում դիտարկելու, ինչպես նաեւ ԵԱՏՄ եւ ԵՄ հետ ունեցած առեւտրային ռեժիմների խաչաձեւ ազդեցությունների մասին:

Արման Եղոյանը կարեւորել է տարբեր միջազգային հարթակներում երկու պետությունների համար առանցքային նշանակության հարցերում համակարգված աշխատանքը եւ փոխադարձ աջակցությունը:

Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Արման Եղոյանին հանձնաժողովի նախագահի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ համագործակցության պատրաստակամություն հայտնելով: Դեսպանը նշել է, որ եվրոպական ու եվրասիական ինտեգրումն ընդհանուր գործընթացի երկու տարբեր բաղադրիչ են եւ կարեւորել այդ հարաբերություններում ներդաշնակեցումն ու հնարավոր հակասությունների բացառումը: Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահը կիսել է դեսպանի տեսակետը՝ հավելելով, որ քաղաքական կամքի եւ փոխըմբռնման մթնոլորտի առկայության պարագայում ցանկացած խնդիր կարելի է լուծել:

Կողմերն առաջիկայում տարբեր ձեւաչափերով արդյունավետ համագործակցության պատրաստակամություն են հայտնել:


20.02.2019
Արման Եղոյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումային: Հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսել են Նիդերլանդներում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձ...