National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
08.03.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
08.03.2019
Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
1 / 23

ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում ՀՀ Ազգային ժողովի եւ ՕքսԵՋեն հիմնադրամի նախաձեռնությամբ մարտի 8-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառումը, որին մասնակցել են պատգամավորներ, միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: Ելույթն ամբողջությամբ`  այստեղ:  

ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը նշել է, որ միջոցառման նպատակն է ստեղծել համագործակցության հարթակ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների միջեւ՝ կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների վերաբերյալ շարունակական երկխոսություն ապահովելու համար: Նա հույս է հայտնել, որ այն կլինի կառուցողական հնարավորություն՝ լուծելու համար ոլորտում առկա խնդիրները: Մարգարիտա Հակոբյանի խոսքով՝ իրենց կազմակերպությունը կարեւորում է հավասար իրավունքների եւ հնարավորությունների ապահովումը մեր երկրում, քաղաքական գործընթացներին կանանց մասնակցությունը համարվում է կազմակերպության առաջնահերթություններից մեկը: Բանախոսն իրենց կազմակերպության կողմից իրականացվող մի շարք ծրագրերի շարքում առանձնացրել է մասնավորապես «Կանանց օրակարգի մշակումը հանուն երկրի զարգացմանը»: Նա նշել է, որ թավշյա հեղափոխությունից հետո այդ ծրագրերի իրականացումը նոր թափ ու կարեւորություն է ստացել: Մարգարիտա Հակոբյանը խոսել է քաղաքական գործընթացներին կանանց ներգրավվածությունը բարձրացնելու կարեւորության մասին, մատնանշել այդ ճանապարհին գոյություն ունեցող խոչընդոտները:

Շվեդիայի Թագավորության խորհրդարանի երկրորդ փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի խոսքով՝ 2018 թվականին Հայաստանը կարողացավ աշխարհին հզոր ուղերձ հղել՝ եւս մեկ անգամ ամրապնդելով ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու իրավունքի գերակայությունը, կարողացավ ցույց տալ, որ դրական փոփոխությունն առանց կորուստների հնարավոր է: Նա համոզմունք է հայտնել, որ նորընտիր խորհրդարանը եւ քաղհասարակության ներկայացուցիչները սերտորեն համագործակցելու են ՀՀ քաղաքացիների համար ավելի լավ ապագա ապահովելու նպատակով:

Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակի խոսքով՝ Կանանց միջազգային օրը փորձ է արվում նաեւ բացահայտել եւ մատնանշել այն մարտահրավերները, որոնք ծառացած են կանանց առջեւ ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում: «Մենք պետք է ստեղծենք քաղաքական դաշինքներ քաղաքական խմբակցությունների ու կուսակցությունների միջեւ, պետք է կարողանանք համագործակցաբար հաղթահարել մարտահրավերները»,-ասել է նա: Ընդգծելով, որ Շվեդիան այս ոլորտում ունի բավականին առաջընթաց՝  Լոտտա Յոնսոն Ֆորնարվեն նշել է, որ, այդուհանդերձ, անելիքները դեռեւս  շատ են:

Ողջույնի խոսքում Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն ընդգծել է, որ այս հարթակը լրացուցիչ հնարավորություն է կանանց ներուժը լիարժեք օգտագործելու համար: Նա նշել է, որ նոր կառավարության հետ ծրագրերի իրականացման, մասնավորապես քաղաքականության ոլորտում կանանց մասնակցությունն ամրապնդելու տեսանկյունից կա արդյունավետ համագործակցություն:

Իրենց ելույթներում ԱԺ պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Նաիրա Զոհրաբյանը, Մանե Թանդիլյանը, Շաքե Իսայանը, Արփինե Դավթյանը, Մարիա Կարապետյանը, ինչպես նաեւ ՀԿ-ների ներկայացուցիչներն անդրադարձել են քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցությանը, կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների ապահովման անհրաժեշտությանը: Նրանք խոսել են աշխատանքի շուկայում կանանց իրավունքների պաշտպանության հարցում առկա անհավասարությունից, ներկայացրել ոլորտում իրականացված միջազգային հետազոտությունները: Կարեւորվել է հասարակության մտածելակերպի փոփոխությանն ուղղված քայլերի իրականացումը, կանանց ինքնագնահատականի բարձրացումը: Պետության զարգացման գործում առանձնապես ընդգծվել է կանանց ներգրավվածությունը տարբերոլորտներում: Խոսվել է քաղհասարակության ու պետական ինստիտուտների միջեւ կապի մասին՝ կարեւորելով այդ հարցում արդյունավետ պետական կառավարումը: Նշվել է նաեւ, որ ՏԻՄ-երում կանանց ներկայացվածությունը շատ ցածր է: Ելույթ ունեցողները ողջունել եւ կարեւորել են միջոցառման ավարտին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

«Կանանց դերը քաղաքականության մեջ.  շվեդական փորձի ներկայացում» թեմայի շրջանակում  Լոտտա Յոնսոն Ֆորնարվեն ներկայացրել է իր երկրում տարբեր ոլորտներում գենդերային հավասարության խթանման ուղիները: Նա տեղեկացրել է, որ Շվեդիայի խորհրդարանում կանանց թիվն ավելացել է՝ հասնելով 46 տոկոսի:

Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը եւ ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է համատեղել խորհրդարանի ու կանանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ուժերը հանուն կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների ապահովման:

Միջոցառումն իրականացվել է «Հավասար. խթանելով կանանց քաղաքական մասնակցությունն ազգային մակարդակում» ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրն իրականացնում է ՕքսԵՋեն հիմնադրամը՝ «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ի հետ համագործակցաբար:
 


08.03.2019
Լենա Նազարյանի խոսքը «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառմանը
Սիրելի՛ կանայք, Շվեդիայի խորհրդարանի հարգարժան փոխնախագահ Լոտտա Յոնսոն Ֆորնարվե, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հարգարժան դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթ, հարգելի պատգամավորներ եւ հյուրեր, ինձ համար մեծ ուրախություն եւ պատիվ է ողջունել ձեզ Ազգային ժողովում այսօր՝ մար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS