Տպել
09.03.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակի գլխավորած պատվիրակությանը
1 / 10

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 9-ին ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի երկրորդ փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի հայանպաստ գործունեությունն ինչպես Շվեդիայում, այնպես էլ միջազգային խորհրդարանական հարթակներում, այդ թվում` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում:

Արարատ Միրզոյանը կարեւորել է Շվեդիայի հետ փոխշահավետ համագործակցությունը` նշելով, որ վերջին տարիներին հարաբերությունների զարգացման դրական դինամիկա է նկատվում, այդ թվում` միջխորհրդարանական կապերի խորացման առումով: Այս համատեքստում ԱԺ նախագահը նշել է, որ ձեւավորման փուլում է Հայաստան-Շվեդիա բարեկամական խումբը:

Անդրադառնալով Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին` Արարատ Միրզոյանը կարեւորել է ԵՄ անդամ երկրների կողմից փաստաթղթի հնարավորինս արագ վավերացումը: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Արեւելյան գործընկերության 10-ամյակին ընդառաջ Շվեդիայում համաձայնագրի վավերացման ներպետական գործընթացը շոշափելի հանգրվանի կհասնի: Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակն այս առթիվ նշել է, որ վավերացման գործընթացն իրականացվում է իր երկրի ներքին ընթացակարգերին համապատասխան եւ հավաստիացրել, որ խորհրդարանի կողմից վավերացումը չի ուշանա:

Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Շվեդիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման, ինչպես նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ունեցած դիրքորոշման համար:

Օրենսդիր մարմնի ղեկավարն իր խոսքում բարձր է գնահատել Շվեդիայի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններից առաջ «Հայաստանի ընտրական գործընթացներին աջակցություն» ծրագրին:

Լոտտա Յոնսոն Ֆորնարվեն Արարատ Միրզոյանին է փոխանցել Շվեդիայի խորհրդարանի նախագահի՝ Շվեդիա այցի պաշտոնական հրավերը:

Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը եւս կարեւորել է երկկողմ կապերի ընդլայնումը, միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը, ներկայացրել իր երկրի խորհրդարանում իրականացված հայանպաստ միջոցառումները:

Լոտտա Յոնսոն Ֆորնարվեն ողջունել է 2018 թ. Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացները եւ իրականացվող բարեփոխումները՝ նշելով, որ հայ ժողովուրդը խաղաղ ձեւով կարողացավ դրական փոփոխություններ իրականացնել:

Արարատ Միրզոյանը Լոտտա Յոնսոն Ֆորնարվեին հայ-շվեդական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգեւատրել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով:


29.04.2024
Ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում. Մերի Գալստյան
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին, որը կայացել է ապրիլի 29-30-ը՝ Լյուքսեմբուրգում:Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացո...

29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...