National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.3.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
13.03.2019
Ազգային ժողովում անցկացվել է «ՀՀ զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությունը» թեմայով սեմինար-քննարկում
1 / 18

Մարտի 13-ին ՀՀ Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում անցկացվել է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությունը» թեմայով սեմինար-քննարկում, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության, դիվանագիտական կորպուսի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Մարդու իրավունքների պաշտպանը:

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բացման խոսքում ողջունելով հյուրերին՝ ընդգծել է, որ նախորդ տարի դեկտեմբերին Հայաստանում կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունները ժողովրդավարության դրսեւորման լավագույն օրինակն էին: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ նոր ձեւավորված խորհրդարանը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի եւ այլ գործընկեր երկրների հետ փոխշահավետ եւ փոխլրացված համագործակցությունն ու քաղաքական երկխոսության մակարդակը: Բանախոսը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում իրականացվող միջոցառումները կլինեն հիմնարար եւ արդյունավետորեն կնպաստեն երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնմանն ու բազմակողմ զարգացմանը: Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է այս միջոցառմանը քաղհասարակության ակտիվ ներգրավվածությունը, քանի որ խորհրդարանական վերահսկողության եւ միջազգային համագործակցության ենթատեքստում վերջիններս պետք է ունենան առանձնակի ընդգծված դերակատարություն: Հանձնաժողովի նախագահը միջոցառման մասնակիցներին մաղթել է բեղմնավոր աշխատանք:

Քննարկման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած քաղաքական շրջադարձային փոփոխություններին, որին նրա խոսքով՝ գլխավորապես օժանդակեց հայ ժողովուրդը, հայ ժողովրդի կամքն ու վճռականությունը: Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամրապնդեցին ՀՀ ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը:

«Հայաստանը տարիներ շարունակ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ ունեցել է գործընկերային ընդգծված փոխհարաբերություններ: Նախորդած տարիներին արդեն իսկ հաստատվել է ամուր եւ բարիդրացիական փոխհարաբերություն, նոր Հայաստանում մենք նախորդի կրողն ու նոր, առավել լայն ու ընդգրկուն ձեւաչափով համագործակցության շարունակության երաշխավորն ենք: Նոր ձեւավորված խորհրդարանը մեծապես բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ու քաղաքական երկխոսության մակարդակը: Մենք կարեւորում ենք ՆԱՏՕ-ի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկրների հետ փոխշահավետ եւ փոխլրացված քաղաքականությունը, միջխորհրդարանական ընդգրկուն եւ բազմապրոֆիլ հարաբերությունները, երկուստեք ծրագրերի իրականացումը»,-ընդգծել է Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունների շրջանակում Հայաստանը բարձր մակարդակի մասնակցություն է ապահովում նաեւ բազմաթիվ միջազգային խաղաղապահ առաքելություններում:

Օրենսդիր մարմնի ղեկավարի տեղակալն անդրադարձել է պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում առկա մարտահրավերներին եւ հիմնախնդիրներին: Նշելով, որ ոլորտը մշտապես ունի փոփոխությունների եւ բարեփոխումների անհրաժեշտություն՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որՀայաստանը պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում ՆԱՏՕ-ի հետ երկկողմ հարաբերություններն առավել կատարելագործելունպատակ ունի:

«Այս պարագայում ցանկանում եմ հատուկ անդրադառնալ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 2017-2019 թթ. ծրագրի իրականացմանը: Ծրագրում ներառված են պաշտպանության եւ անվտանգության ոլորտներին վերաբերող մի շարք կետեր, որոնց իրականացման պատասխանատուն ՀՀ Ազգային ժողովն է: Մասնավորապես կցանկանայի մատնանշել խորհրդարանական եւ հանրային վերահսկողության մեխանիզմների եւ ուղիների ընդլայնումը, թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը, օրենսդրական դաշտի կատարելագործումը, իրավական նոր մեխանիզմների մշակումը, քաղաքացիական հասարակության հետ ակտիվ համագործակցությունը, գործադիր իշխանության հետ կատարողական հիմնական ցուցանիշների մշակումը եւ այլն»,-ասել է խորհրդարանի փոխխոսնակը: 
  
Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ խորհրդարանը լիարժեք կրում է իրեն վերապահված պարտավորությունների իրականացման պատասխանատվությունն ու պատրաստակամ է լինել առավել կառուցողական հաջորդող տարիների համար նախատեսվելիք գործողությունների ծրագրի իրականացման ընթացքում:

«Մենք ունենք մեր ընդգծված տեսլականն անվտանգության ոլորտում ժողովրդավարական վերահսկողության իրականացման, քաղաքացիական հասարակության հետ համագործակցության բարելավման, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում»,-իր խոսքում փաստել է ԱԺ փոխնախագահը:

Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը ողջույնի խոսքում կարեւորել է թեմայի քննարկումը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո մեծացել է քաղհասարակության դերն ու հնարավորությունը, որ վերջինիս ձայնը ոչ միայն լսելի կլինի, այլեւ այն ակտիվ դերակատարություն կունենա զինված ուժերի նկատմամբ վերահսկողության ոլորտում: Դեսպանի խոսքով՝ սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանական կառավարման համակարգի անցումը ճիշտ քայլ էր խորհրդարանի ուժեղացման տեսանկյունից: Նշելով, որ իր երկիրը խորհրդարանական կառավարման լավ փորձ ունի՝ Բերնհարդ Մաթիաս Քիսլերն ընդգծել է, որ Գերմանիայի Բունդեսթագը կարեւոր դերակատարում ունի զինված ուժերի հանդեպ վերահսկողության հարցում: Նա վերահսկողության ոլորտում կարեւորել է կառավարության, խորհրդարանի, քաղհասարակության եւ ՄԻՊ-ի միասնական աշխատանքը:

Առաջին նիստում քննարկվել են ՀՀ զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության հարցերն ու ՀՀ նոր Սահմանադրության ընձեռած հնարավորությունները:

Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է Հայաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի շաբաթը մեր երկրի եւ Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի հարաբերությունների շրջանակում: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Հայաստանը՝ որպես խորհրդարանական պետություն, կարեւորում է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների կատարելագործումը: Նա նշել է, որ խորհրդարանը վերահսկում է գործադիր իշխանության գործունեությունն անվտանգության ապահովման ոլորտում, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված առանձին դեպքերում ուղղակիորեն մասնակցում որոշումների կայացման գործընթացներին: Հանձնաժողովի նախագահը համոզված է, որ քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը կառավարման գործընթացներում առավել քան դրականորեն կազդի անվտանգության ոլորտում առկա մարտահրավերներին դիմակայելու գործում եւ կնպաստի քաղաքացիական վերահսկողության արդյունավետության ու թափանցիկության բարձրացմանը:

Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ՝ ոլորտի խնդիրների լուծման հարցում գործունեությունը պետք է իրականացվի քաղաքականության մշակման եւ իրականացման, օրենսդրական դաշտի կատարելագործման, գնումների գործընթացի նկատմամբ վերահսկողության խստացման, ոլորտային կառավարմանը մասնակցության ուղղություններով: Նա հավաստիացրել է, որ իր գլխավորած հանձնաժողովը պատրաստ է սերտորեն աշխատելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ ՀԿ-ների, լրագրողների, գիտական ոլորտի աշխատողների հետ:

«Այսօր խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում մեզ անհրաժեշտ է հասկանալ գործող օրենսդրությամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու հնարավորությունները: Այս առումով մեզ չափից առավել անհրաժեշտ է ուսումնասիրել միջազգային հաջող փորձը: Վստահ եմ, որ մեր միջազգային գործընկերները կաջակցեն մեզ՝ ստեղծելու քաղաքացիական հասարակության ակտիվի՝ ՀԿ-ների, ակադեմիական հատվածի, լրագրողների եւ անվտանգության ոլորտի նախկին ծառայողների իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող կազմակերպություններից բաղկացած ֆորում»-ասել է հանձնաժողովի նախագահը: Նշենք, որ ֆորումը գործելու է հանձնաժողովի հովանու ներքո:

Ողջունելով եւ կարեւոր նախաձեռնություն համարելով ֆորումի ստեղծումը՝ ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների եւ բարեվարքության ամրապնդման կենտրոնի ղեկավար, գնդապետ Ալիկ Ավետիսյանը նշել է, որ այն հնարավորություն կընձեռի ոլորտի մասնագետներին ներգարվվել գործընթացի մեջ, իսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ աշխատանքը կդարձնի ավելի մասնագիտական եւ ոլորտային: Զեկուցողը խոսել է զինված ուժերի քաղաքացիական ժողովրդավարական վերահսկողության անհրաժեշտության մասին, ընդգծել, որ շատ երկրներում զինված ուժերը գտնվել են քաղաքացիական վերահսկողության ներքո: Հաշվի առնելով վերջին շրջանում քաղհասարակության ինստիտուտների հետ քննարկումները՝ Ալիկ Ավետիսյանը կարեւորել է քաղաքացիական վերահսկողության եզրույթի իրավական սահմանման անհրաժեշտությունը:

Հայկական ատլանտյան ասոցիացիայի վարչության անդամ Աշոտ Խուրշուդյանը ներկայացրել է ոլորտում սահմանադրական բարեփոխումներից առաջ իրականացված հետազոտության արդյունքները,   անդրադարձել զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կողմերին:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, կարեւորելով քննարկումը, նշել է, որ ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը կարեւորագույն նշանակություն ունի: Ըստ զեկուցողի՝ կառույցն իրականացնում է օրենսդրական բարեփոխումներին նպաստող գործընթաց, այցերի միջոցով մոնիթորինգային աշխատանքներ, ստանում անհատական բողոքներ: Խոսելով զինված ուժերում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ՝ Արման Թաթոյանը կարեւորել է պաշտոնական աղբյուրների արագ արձագանքը: 
  
«Քաղաքացիական վերահսկողությունը կայացած ժողովրդավարական երկրներում. լավագույն միջազգային գործելակերպը» եւ «Անվտանգության ու պաշտպանական ոլորտի խորհրդարանական վերահսկողությունը. սկզբունքները, մեխանիզմներն ու գործնական կողմերը» թեմաներով ելույթ են ունեցել Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի Հարավարեւելյան Եվրոպայում գործողությունների բաժնի ղեկավարի տեղակալ Անտյե Ֆրիցը, Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ավագ պետծառայող Դեյվիդ Հովարթը, Չեխիայի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Պատրիկ Կունչարը, Գերմանիայի Բունդեսթագի զինված ուժերի հարցերով նախկին հանձնակատար Ռայնհոլդ Ռոբբեն, Լիտվայի խորհրդարանի անդամ, պաշտպանության նախկին նախարար, ՆԱՏՕ ԽՎ նախկին նախագահ, ՆԱՏՕ ԽՎ-ում Լիտվայի պատվիրակության ղեկավար Ռասա Յուկնեվիչիենեն եւ Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամ Պավել Ժաչեկը:

Ելույթ ունեցողները խոսել են պաշտպանության  եւ անվտանգության բնագավառներում հնարավոր բացերի եւ անհրաժեշտ բարեփոխումների մասին, ներկայացրել ոլորտներում միջազգային փորձը: Զեկուցողներն անդրադարձել են բարեփոխումների արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկմանը, կարեւորել խորհրդարանի դերը երկրի ազգային անվտանգության ռազմավարության քաղաքականության մշակման հարցում: Բանախոսներն ընդգծել են ոլորտների նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը, հաշվետվողականությունը օրենսդրին, ոլորտային օրենքների ներդաշնակեցումը: Խոսվել է խորհրդարանական վերահսկողության մարտահրավերներից, անհրաժեշտ համարվել խորհրդարանի անձնակազմի փորձագիտական գիտելիքների կատարելագործումը:

Միջազգային հանրույթի ներկայացուցիչները Հայաստանի խորհրդարանի համապատասխան հանձաժողովի հետ հաջող համագործակցության եւ փորձագիտական աջակցության տրամադրման պատրաստակամություն են հայտնել:

Արժեւորելով զեկույցների ներկայացումը՝ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ ժողովրդավարական ճանապարհ անցած երկրները նույնպես ունեցել են խոչընդոտներ: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ առանց ուժեղ վերահսկողության հնարավոր չէ զարգացնել զինված ուժերը:
 


13.03.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների արտահերթ նիստերում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 13-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել կառավարության հեղինակած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Հիմնական զեկուցող, Հ...

13.03.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 13-ին ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին եւ եվրոպական գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ-ն Միրոսլավ Լայչակի գլխավորությամբ կշա...

13.03.2019
Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել
ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ մարտի 13-ին խորհրդարանը գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր երկու նախագիծ: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Ա...

13.03.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 17:30-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

13.03.2019
«Խորհրդարանական վերահսկողությունը ՀՀ զինված ուժերում» թեմայով սեմինար-քննարկման ուղիղ հեռարձակում
ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում անցկացվող «Խորհրդարանական վերահսկողությունը ՀՀ զինված ուժերում» թեմայով սեմինար-քննարկման ուղիղ հեռարձակումը՝ կից: ...

13.03.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով: ...

13.03.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
«Կանանց հայկական միջազգային ասոցիացիայի» հրավերով ՄԱԿ-ի կանանց հարցերով հասարակական հանձնաժողովի կոնֆերանսին մասնակցելու համար 2019 թվականի մարտի 14-20-ը ներառյալ Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանը: Աշխատանքային այցով 2019 թվականի մարտի 14-17-ը ներառյա...

13.03.2019
Լուսաբանման հրավեր
Մարտի 13-ին՝ ժամը 10:30-ին, ԱԺ Ոսկեզօծ սրահում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում կանցկացվի «Խորհրդարանական վերահսկողությունը ՀՀ զինված ուժերում» թեմայով սեմինար-քննարկում: ...

13.03.2019
Տեղի կունենա ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ՝ 13.03.2019, ժամը 17:30, 214 սրահ:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am