Տպել
14.03.2019
Լենա Նազարյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը մարտի 14-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քլեր Հաթչինսոնին:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է մարտի 11-18-ը Երեւանում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում անցկացվող հանդիպումները՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը համատեղ հետաքրքրություն առաջացնող մի շարք բնագավառներում:

Լենա Նազարյանն անդրադարձել է Հայաստանում գենդերային հավասարության խնդիրներին եւ իրականացված քայլերին: Նա նշել է, որ Ընտրական օրենսգրքով կանանց ներգրավվածության քվոտան ընտրական ցուցակներում 25 տոկոս է, սակայն առաջիկայում նախատեսվող փոփոխություններում ակնկալվում է այն բարձրացնել մինչեւ 30 տոկոսի:

ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է մասնավորապես սահմանամերձ տարածքներում կանանց տնտեսական եւ սոցիալական զարգացման խնդիրները, տեղահանված կանանց հատուկ պաշտպանվածությանը, խաղաղապահ առաքելություններում կանանց ընդգրկմանը, պաշտպանության համակարգում կանանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը:

Լենա Նազարյանն անդրադարձել է նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ կանանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների միջեւ վերջերս կնքված փոխըմբռնման հուշագրին, որով ստեղծվեց համագործակցության հարթակ:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Քլեր Հաթչինսոնը գնահատել է Հայաստանի մասնակցության պատրաստակամությունը խաղաղապահ եւ մարդասիրական առաքելություններում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կարեւորել է Հայաստանի կողմից իրականացված քայլերն ուղղված կանանց իրավունքների պաշտպանությանը: