Տպել
16.03.2019
ՀՀ ԱԺ նախագահն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 16-ին այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Խորհրդարանի ղեկավարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի եւ տնօրինության ուղեկցությամբ ճանաչողական շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, որը հագեցած է գերժամանակակից մասնագիտական սարքավորումներով եւ տարածաշրջանում միակն է իր հնարավորություններով:

Շրջայց կատարելով կենտրոնի Արմաթ ինժեներական լաբորատորիայում, պարաֆինո, կինեզո, էլեկտրո թերապիաների սենյակներում, որտեղ ժամանակակից սարքավորումների օգնությամբ վերականգնողական բուժում են ստանում վիրավորում ստացած մեր զինվորներն ու զինվորականները` ԱԺ նախագահը ծանոթացել է կենտրոնի ընթացիկ գործունեությանը եւ հետագա ծրագրերին:

Արարատ Միրզոյանը նշելով, որ չափազանց տպավորված է՝ ասել է. «Կենտրոնի սարքավորումներով հագեցվածությունը նույնիսկ ամենաբծախնդիր քննադատներին կարող է բավարարել»: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ նմանօրինակ հաստատությունը պատիվ կարող է բերել ցանկացած, հատկապես Հայաստանի նման յուրօրինակ անվտանգային համակարգ ունեցող երկրի համար: Աժ նախագահի գնահատմամբ` կենտրոնի ստեղծման ծրագրի իրականացումը պահանջված եւ հաջողված է:

Խորհրդարանի ղեկավարը թեյի սեղանի շուրջ զրուցել է կենտրոնում վերականգնողական բուժում ստացող զինվորների հետ եւ պատրաստակամություն հայտնել քննարկել այն օրենսդրական բացերը, որոնք մատնանշվել են շրջայցի ընթացքում: