Տպել
01.04.2019
Քննարկվել են հարկային օրենսդրությունում ՓՄՁ-ներին առնչվող հրատապ խնդիրներ
1 / 6

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ՓՄՁ համագործակցության աշխատանքային խումբը Բաբկեն Թունյանի նախագահությամբ ապրիլի 1-ին գումարել է անդրանիկ նիստը:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՓՄՁ ներկայացուցիչներ: Աշխատանքային խմբում ընդգրկված է ՓՄՁ ութ կազմակերպություն:

Քննարկվել են հարկային օրենսդրությունում ՓՄՁ-ներին առնչվող դրույթներն ու ոլորտի հրատապ խնդիրները:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ քննարկման հիմնական նպատակը հարկային ոլորտին առնչվող խնդիրները կառուցողական քննարկման դաշտ բերելն է: Ըստ նրա՝ խորհրդարանական մեծամասնությունը, կառավարությունը եւ ընդդիմությունը, ցանկանում են ունենալ բարեփոխված, բոլորի շահերը հաշվի առնող հարկային օրենսգիրք:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, անդրադառնալով գործող հարկային համակարգին, նշել է, որ առաջարկվող օրենսգրքով հանվում է արտոնագրային հարկատեսակը, իսկ շրջանառության հարկը սահմանվում է 115 մլն դրամ՝ գործող 58 մլն-ի փոխարեն:

ՓՄՁ-ներին առնչվող հարկային օրենսդրությունում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրները ներկայացրել է ՓՄՁ Ասոցիացիայի հիմնադիր-խորհրդի անդամ Հակոբ Ավագյանը: Ըստ բանախոսի՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վաճառքով զբաղվողների համար նախատեսված հարկային կարգավորումները խանգարում են հստակ եւ նպատակային գործունեություն ծավալելուն. բարձր են հարկային դրույքաչափերը:

Հակոբ Ավագյանը նշել է, որ եկամտային հարկի 23 տոկոս դրույքաչափի սահմանումը չի լուծում գերփոքր տնտեսվարողների մոտ վարձու աշխատողներին գրանցելու, ստվերից դուրս բերելու հարցը, քանի որ նրանց մեծ մասը ստանում է մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ: Խնդրահարույց է համարվել նաեւ գյուղատնտեսության ոլորտում սեզոնային աշխատանք իրականացնողների՝ գործատուի մոտ գրանցման հարցը՝ հարկման բարձր դրույքաչափի տեսանկյունից:

ՀՀ ֆինանսների փոխնախարարը, անդրադառնալով այս եւ ներկայացված այլ առաջարկություններին, մատնանշել է դրանց դրական եւ բացասական կողմերը՝ հույս հայտնելով, որ քննարկումների արդյունքում կհստակեցվեն դրույքաչափերը, կբարեփոխվի ոլորտը:

Բանախոսներին ուղղվել են բազմաթիվ հարցեր, որոնք առնչվել են շրջանառության, ԱԱՀ, եկամտային եւ մյուս հարկատեսակներին, հարկային վարչարարությանն ու այլ խնդիրների:

Քննարկումները կլինեն շարունակական:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...