Տպել
03.04.2019
ԱԺ նախագահն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տարածաշրջանային տնօրենին
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 3-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթեֆան Նիքսին:

Օրենսդիր մարմնի ղեկավարը, արժեւորելով կառույցի գործունեությունը, բարձր է գնահատել նրա դերակատարությունը ժողովրդավարական գործընթացներին աջակցության ուղղությամբ: Արարատ Միրզոյանը Միջազգային հանրապետական ինստիտուտի հետ հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել` ընդգծելով համատեղ իրականացվելիք ծրագրերի համար նոր օրակարգի ձեւավորման անհրաժեշտությունը:

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է համապետական վերջին արտահերթ ընտրություններից հետո որդեգրած բարեփոխումների քաղաքականությունը, խորհրդարանական կառավարման անցած Հայաստանի օրենսդիր մարմնի գործառույթների առանձնահատկությունները, այն քայլերը, որոնք ուղղված են Ազգային ժողովի, պատգամավորների եւ աշխատակազմի կարողությունների հզորացմանն ու աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Սթեֆան Նիքսը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանի նախագահ ընտրվելու եւ Հայաստանում կայացած ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ: Նրա հավաստմամբ` Միջազգային հանրապետական ինստիտուտը պատրաստակամ է աջակցելու մեր երկրում ժողովրդավարական գործընթացների խորացմանը, Ազգային ժողովի կարողությունների զարգացմանը, ինչպես նաեւ խորհրդարան-հասարակություն կապի սերտացմանը միտված ծրագրերին:

Զրուցակիցներն ընդգծել են խորհրդարանական միջազգային փորձի ուսումնասիրության, վերապատրաստման դասընթացների անցկացման, ճանաչողական այցերի կազմակերպման կարեւորությունը, անդրադարձ է եղել խորհրդարանի գործունեության թափանցիկությանը միտված քայլերին: