Տպել
07.04.2019
Արարատ Միրզոյանը Կատարում հանդիպել է Կիպրոսի խորհրդարանի ղեկավարի հետ
1 / 3

Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 7-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ:

Ազգային ժողովի նախագահն ընդգծել է երկու բարեկամ ժողովուրդների միջեւ ստեղծված ամուր կապերը, որոնք պայմանավորված են պատմամշակութային, հոգեւոր եւ արժեհամակարգային ընդհանրություններով: Արարատ Միրզոյանը նշել է, որ Կիպրոսն առաջին երկիրն էր Եվրոպայում եւ երկրորդն աշխարհում, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ դատապարտել այս ոճրագործությունը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն էլ իր հերթին միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարն իր խոսքում կարեւորել է եղբայրական Կիպրոսի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ սեղմ ժամկետներում վավերացման խնդիրը:

Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը, ողջունելով իր պաշտոնակցին, նշել է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նախորդ շաբաթ արդեն իսկ ուղարկվել է օրենսդիր մարմին եւ հավաստիացրել, որ այն կվավերացվի սեղմ ժամկետներում: Դեմետրիս Սիլուրիսը հրավիրել է Արարատ Միրզոյանին պաշտոնական այցով հյուրընկալվել Կիպրոսում. Ազգային ժողովի նախագահը սիրով ընդունել է հրավերը:

Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են նաեւ Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության եռակողմ ձեւաչափ ստեղծելու առաջարկը եւ պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրելու նախաձեռնության կյանքի կոչման ուղղությամբ: