National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
19.04.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
19.04.2019
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 5

ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 19-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նախորդ օրը քննարկված օրինագծերը, որից հետո շարունակել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Ելույթ են ունեցել պատգամավորները: Արման Աբովյանը կարեւորել է ամիսներ առաջ ցեմենտի գնի իջեցումը՝ այն իրական քայլ համարելով տնտեսական հեղափոխության իրականացման համար: Պատգամավորն անհրաժեշտ է համարել կատարել այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որպեսզի պաշտպանվեն տեղական արտադրողներն ու աշխատատեղերը:

Գեւորգ Պապոյանը արժեւորել է նախագծի ընդունումը, քանի որ այն վերաբերում է Հայաստանի տնտեսության ապագա զարգացմանը: Նրա կարծիքով՝ պետք է պաշտպանվեն եւ ցեմենտ արտադրող ընկերությունների աշխատակիցների, եւ մյուս քաղաքացիների շահերը: Միքայել Մելքումյանը նշել է, որ քննարկումներ չեն եղել ցեմենտ արտադրող խոշոր ընկերությունների հետ: Նրա խոսքով՝ «Արարատ ցեմենտ» եւ «Հրազդան ցեմենտ» գործարաններում աշխատում են շուրջ 2500 քաղաքացիներ, եւ պետք է հաշվի առնվեն նրանց շահերը: Փոփոխություններ կատարելով՝ չպետք է փոշիացվեն խոշոր ընկերությունները, ընդգծել է նա:

Արկադի Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի զարգացման իր տեսլականը, անդրադարձել քննարկվող ճյուղի մրցունակության ու զարգացման ուղղություններին:

Արթուր Գրիգորյանի կարծիքով՝ նախագծի ընդունման պարագայում տուժելու են կլինկեր /ցեմենտի հումք/ արտադրող գործարանների աշխատակիցները՝ դառնալով գործազուրկ:

Սերգեյ Բագրատյանը կարեւորել է տեղական արտադրողի շահերի պաշտպանությունը, մտահոգություն հայտնել գործազրկության հեռանկարի կապակցությամբ:

Ծովինար Վարդանյանը կարեւորել է տնտեսության այս ճյուղում մրցակցության ապահովումն ու ընկերությունների զարգացումը՝ արժեւորելով նախագծի ընդունումը: Պատգամավորը որոշ գործընկերների հորդորել է վեր կանգնել կողմնակալ շահերից:

Մանե Թանդիլյանը թեեւ չափազանց կարեւոր է համարել քննարկվող նախագիծը՝ այն համարելով էժան եւ որակյալ արտադրանք ունենալու հնարավորություն, սակայն նշել է, որ այն լի է հակասություններով եւ բարեփոխման կարիք ունի: Նա նշել է, որ պետք է մանրամասն ուսումնասիրել ճյուղային խնդիրները, ապա գտնել լուծումներ:

Արտյոմ Ծառուկյանը տեղեկացրել է, որ Իրանում գործում է 70 նման գործարան, որոնցում աշխատում է շուրջ 20 հազար մարդ: Այսպիսի հաջողության գաղտնիքը նաեւ պետության կողմից տեղական արտադրողին պաշտպանելն է, կարծում է պատգամավորը: Նա մտահոգիչ է համարել սպասվող գործազրկության հեռանկարը:

Շաքե Իսայանի կարծիքով՝ նախագծի ընդունումը բացասաբար է ազդելու տեղական արտադրողների վրա, եւ փակվելու են բազմաթիվ աշխատատեղեր:

Սոս Ավետիսյանն էլ նշել է, որ վերջին տասնվեց տարում «Արարատ ցեմենտը» հետընթաց է ապրել, չեն կատարվել ներդրումներ, անհրաժեշտ չափով չեն պաշտպանվել աշխատողների շահերը: Ըստ նրա՝ կան նաեւ բնապահպանական խնդիրներ: Նրա խոսքով՝ պետք է գտնել լուծումներ, որպեսզի պաշտպանվեն աշխատակիցների շահերը:

Վահե Էնֆիաջյանը հարց է բարձրացրել, թե «Արարատ ցեմենտի» փակվելու դեպքում որտեղ են աշխատելու 1400 աշխատակիցները, որոնք մշտապես որակյալ արտադրանք են տվել: ՀՀ ԱԺ փոխնախագահը խնդրի կարգավորման հարցում արժեքավոր է համարել տնտեսագետների տեսակետների բարձրաձայնումը, որպեսզի տեղի ունենա բովանդակային եւ ամբողջական քննարկում:

Սոֆիա Հովսեփյանը, խոսելով ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի մասին, առանձնացրել է մսամթերք արտահանելուն ու գյուղմթերք ներկրելուն վերաբերող դրույթը եւ խորհրդարանականների ուշադրությունը հրավիրել ոլորտում առկա մի շարք խնդիրների վրա: Չժխտելով, որ ցեմենտի արտադրությունը տնտեսության զարգացմանն է օգնելու՝ պատգամավորը հորդորել է՝ չդարձնել այն ազգային արժեք:

Հայկ Գեւորգյանը անդրադարձել է «Արարատ ցեմենտ» գործարանի` տարիներ առաջ տեղի ունեցած գնման գործընթացներին, գործունեության ընթացքում պետական բյուջե հարկերի վճարմանը: Տեղական արտադրողին պաշտպանելը կարեւորելով՝ պատգամավորն առաջարկել է գործարանում աուդիտի անցկացումը եւ ցեմենտի իրական ինքնարժեքը հաշվարկելը՝ որոշելու համար տուրքի չափը:

Հայկ Կոնջորյանը հավաստիացրել է, որ որեւէ մեկին գործազուրկ դարձնելու միտում չկա: Պատգամավորը կարեւորել է տեղական արտադրողի, աշխատողների ու սպառողների շահերի իրավունքների պաշտպանությունը, փորձել պարզել, թե արդյո՞ք օրենքի ընդունումը դաշտում կբերի մրցակցության ապահովման եւ նոր աշխատատեղերի ստեղծման:

Բաբկեն Թունյանի գնահատմամբ՝ նպատակը պետք է լինի հայկական ցեմենտի մրցունակության բարձրացումը եւ խնդրին արմատական լուծումներ են անհրաժեշտ: Պատգամավորը նշել է, որ առաջիկայում իր գլխավորած հանձնաժողովին կից ենթահանձնաժողով կստեղծվի, որտեղ ոլորտի մասնագետներ եւ ցեմենտի արտադրողներ կներգրավվեն, փորձ կարվի այդ քննարկումների ընթացքում ընտրել խնդրի լուծման արդյունավետ տարբերակ:

Արթուր Դալլաքյանը նշել է, որ 2000 աշխատատեղի կրճատման մասին է խոսվում՝ հորդորելով գործընկերներին ճիշտ որոշում կայացնել:

Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ իրենք հանդիպել են բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում` «Արարատ ցեմենտ»-ի ներկայացուցիչների հետ: Նա վստահեցրել է, որ կառավարությունն իր քայլերով տեղական արտադրողին եւ աշխատակիցներին մշտապես փորձել է աջակցել: Պատգամավորը խոսել է նախկինում տեղական արտադրողի՝ ստվերում գործելու հնարավորության մասին:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը բարձրաձայնելով՝ Էդմոն Մարուքյանը կարծիք է հայտնել, որ ցեմենտի թանկացումը շղթայական ազդեցություն է ունենալու շինարարության թանկացման հարցում: Նա խոսել է նաեւ փոքր արտադրողների շահերի պաշտպանությունից: Խմբակցության ղեկավարի համոզմամբ՝ փաթեթը պետք է հետ կանչել եւ մերժել, հրավիրել լսումներ փորձագետների մասնակցությամբ եւ օպտիմալ լուծում գտնել: «Մեզ համար առաջնայինը քաղաքացու շահն է»,-ընդգծել է Էդմոն Մարուքյանը նշելով, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու:

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով որոշ պատգամավորների հայտարարություններին, խոսել է «Արարատ ցեմենտ» գործարանի գնման գործընթացների վերաբերյալ, առաջարկել հատուկ հանձնաժողով ստեղծել՝ ուսումնասիրելու վերջին տարիներին գործարանի կողմից ցեմենտի իրացման ծավալները: Խմբակցության ղեկավարն անդրադարձել է նաեւ օրենսդրական փաթեթով առաջարկվող լուծումներով պայմանավորված որոշ հարցերի, ինչպես նաեւ խոսել գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների մասին:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացրել է Բաբկեն Թունյանը, ով կարեւորել է թե՛ ներկրվող, թե՛ արտահանվող եւ թե՛ արտադրվող ցեմենտի որակի ստուգումը, տեղական արտադրության մրցունակության որոշումը: «Կողմերն ունեն իրենց շահերը, մեր խնդիրն է բոլորի շահերը հավասարակշռել»,-արձանագրել է պատգամավորը: Նա կոչ է արել գործընկերներին այս փուլում կողմ քվեարկել առաջարկվող փոփոխություններին:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը եւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը եզրափակիչ ելույթներում անդրադարձել են պատգամավորների հնչեցրած որոշ խնդրահարույց ելույթներին՝ առաջինից երկրորդ ընթերցում համագործակցելու եւ լրամշակելու պատրաստակամություն հայտնելով:

Քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ՝ 78 կողմ եւ 42 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը տեղեկացրել է, որ առաջարկվում է հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2019 թ. փոխարեն սահմանել 2021 թվականը, ինչը հնարավորություն կտա անխափան շարունակել ՀՀ քաղաքացիների անձնագրավորման գործընթացը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել ոստիկանության կողմից կոնկրետ պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգերը: Հիմնական զեկուցողը նշել է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա պատշաճ իրականացնել պետության կողմից քրեական դատավարության մասնակիցների եւ այլ անձանց պաշտպանությունը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը: Նա նշել է, որ նախաձեռնությամբ ակնկալվում է լրացնել առկա օրենսդրական բացը:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են նաեւ Կառավարության հեղինակած «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ եւս 12 օրինագծերից բաղկացած փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի՝ նախագծերի ընդունմամբ կապահովվի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջի կատարումը՝ մի շարք օրենքներում կամրագրվի համապատասխան մարմինների՝ ենթաօրենսդրական ակտեր արձակելու լիազորությունը: Առաջարկվում է կատարել խմբագրական եւ տեխնիկական բնույթի փոփոխություններ:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը: Նա հորդորել է կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի նշանակման հարցը: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պաշտոնում առաջարկել է Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը:

Թեկնածուն շնորհակալություն է հայտնել գործադիրի ղեկավարին նման պատասխանատու պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու եւ ցուցաբերած վստահության համար: Գեղամ Գեւորգյանը նախ ներկայացրել է իր կենսագրական տվյալները, ապա տնտեսական մրցակցության լիազոր մարմնի առանցքային դերի ու առաքելության վերաբերյալ իր պատկերացումները: Թեկնածուն անհրաժեշտ է համարել վարույթների ժամանակ ուժեղացնել մրցակցային մարմինների եւ տնտեսվարողների հարաբերությունների թափանցիկությունը: Գեղամ Գեւորգյանի կարծիքով՝ հանձնաժողովը պետք է ձգտի, որպեսզի իր վարած քաղաքականությունը եւ իրավակիրառ գործունեությունը լինի պարզ ու կանխատեսելի՝ անկախ համակարգերից: Տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն արդյունավետորեն կարգավորելու նպատակով բանախոսը կարեւորել է գործող օրենսդրության կատարելագործումը՝ այն համահունչ դարձնելով հասարակական հարաբերությունների փոփոխություններին:

Թեկնածուին ուղղված հարցերը վերաբերել են կառույցի նկատմամբ վստահության բարձրացմանն ու թափանցիկ գործելու կարեւորությանը, թռչնամսի շուկայում առկա անբարեխիղճ մրցակցությանը, կեղծ սնանկության դեմ պայքարի միջոցներին եւ այլն:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն

Սերգեյ Բագրատյանը կարեւորել է կառույցի գործառույթները, նշել ոլորտի խնդիրներն ու մրցակցության պակասը: Ըստ նրա՝ նոր տնտեսվարողների համար չափազանց դժվար է մուտք գործել առեւտրային դաշտ, պետք է նաեւ հզորացնել կառույցը:

Էդմոն Մարուքյանն անդրադարձել է թեկնածուի ներկայացրած փաստաթղթերին եւ դրանցում նշված որոշ տվյալներ համարել խնդրահարույց:

Գեւորգ Պապոյանն իր ելույթում ներկայացրել է Կառավարության մոտ մեկ տարվա ձեռքբերումներն ու տնտեսության որոշակի առաջընթացը:

Միքայել Մելքումյանը մտահոգիչ է համարել հակամենաշնորհային օրենքի բացակայությունը, ինչը բացասաբար է անդրադառնում տնտեսության զարգացման վրա:

Վիկտոր Ենգիբարյանը դրական է գնահատել Գեղամ Գեւորգյանի առաջադրումը, կարեւորել արդյունավետ մրցակցության ապահովումը, ինչի համար պատասխանատու է ՏՄՊՊ հանձնաժողովը:

Վաղարշակ Հակոբյանն ի պատասխան հնչեցված հարցի՝ պարզաբանել է, որ թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ, եւ ընտրվելու դեպքում կաշկանդված չի լինելու իր գործունեության մեջ: Նա գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել Գեղամ Գեւորգյանի թեկնածությանը:

Արման Բաբաջանյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանում այսօր էլ առկա են մենաշնորհներ, եւ մրցակցությունը երբեմն անիրական է: Պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է Գեղամ Գեւորգյանը պայքարելու «թղթային» մրցակցության դեմ: Նա եւս խնդրահարույց է համարել թեկնածուի՝ անհրաժեշտ ստաժի վերաբերյալ ներկայացված տեղեկությունը: Արման Բաբաջանյանն ասել է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դրական կարծիքը թեկնածուի վերաբերյալ ներկայացրել է Աննա Կարապետյանը: Նա տեղեկացրել է, որ Գեղամ Գեւորգյանն այսօր առավոտյան ներկայացրել է լրացուցիչ փաստաթղթեր, որոնք հավաստում են ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ համապատասխան ստաժի առկայությունը: Նա կոչ է արել կողմ քվեարկել Գեղամ Գեւորգյանի թեկնածությանը:

Եզրափակիչ ելույթում թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին՝ նշելով ոլորտում առկա արատավոր երեւույթների դեմ պայքարելու իր պատրաստակամությունը:

ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահի գաղտնի քվեարկությունը տեղի կունենա ՀՀ ԱԺ ապրիլի 22-ի նիստում:


19.04.2019
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 19-ին այցելել է Սանկտ Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցի, այնուհետեւ շրջայց կատարել հայկական կիրակնօրյա դպրոցում եւ ջերմ հանդիպում ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ: Արարատ Մ...

19.04.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ 49-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 19-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ 49-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին: ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակությունները քննարկել եւ հաստատել են նստաշրջանի օրակարգում ընդգրկված մի շարք մոդելային օրենքների եւ օրենսգրքերի նախագծեր: Ա...

19.04.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում ունեցել է երկկողմ հանդիպումներ
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 49-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ մեկնած Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով միջխորհրդարանական վ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS