Տպել
29.04.2019
Հայ խորհրդարանականները հանդիպել են Չեխիայի Պատգամավորների պալատի պատվիրակության հետ
1 / 6

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ներկայացուցիչները հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանը նշել է, որ երկու երկրների կողմից ժողովրդավարությունը որպես բացարձակ արժեք ընդունելու եւ կարեւորելու սկզբունքն իրապես նոր հարթության վրա է դնում հայ-չեխական հարաբերությունները: Պատգամավորը կարեւորել է խորհրդարանների բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունը՝ ի նպաստ երկու երկրների հարաբերությունների զարգացման:

Գայանե Աբրահամյանը երախտագիտություն է հայտնել Չեխիային միջազգային տարբեր կառույցներում Հայաստանի համար կարեւոր հարցերում աջակցության համար: Նա մասնավորապես բարձր է գնահատել 2017թ. Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը եւ մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունումը` հույս հայտնելով, որ խորհրդարանի Վերին պալատը եւս կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ԵՄ երկրների կողմից վավերացման գործընթացի մասին՝ խմբի ղեկավարն արժեւորել է այն քայլերը, որոնք Չեխիայի խորհրդարանն իրականացրել է այդ ուղղությամբ:

Անդրադառնալով մեր երկրի դատական համակարգում սպասվող փոփոխություններին՝ Գայանե Աբրահամյանն այս հարցում արժեւորել է Չեխիայի տասնամյակների փորձի ուսումնասիրումը:

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդան նույնպես կարեւորել է հայ-չեխական խորհրդարանական համագործակցության խորացումը, խոսել Չեխիայում հայ համայնքի ակտիվ գործունեությունից:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին՝ Մարեկ Բենդան հույս է հայտնել, որ խնդիրը մոտ ապագայում կլուծվի խաղաղ ճանապարհով:

ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամ Արման Եղոյանը, խոսելով Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացման երկխոսության մասին, կարեւոր է համարել այս հարցում ԵՄ յուրաքանչյուր անդամ պետության դիրքորոշումը: Պատգամավորը հույս է հայտնել, որ Չեխիան դրական եւ կառուցողական դիրքորոշում կունենա: Արման Եղոյանը հրավիրել է չեխ խորհրդարանականներին՝ մասնակցելու այս տարվա օգոստոսի 6-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունենալիք համահայկական խաղերի բացմանը:


29.04.2019
Տեղեկատվություն
Ապրիլի 30-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 314 սրահում կկայանա Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի եւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հանդիպումը: ...

29.04.2019
Կարեւորվել է հայ-չեխական միջխորհրդարանական կապերի զարգացումը. հանդիպում հանձնաժողովում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանն ու հանձնաժողովի անդամներն ապրիլի 29-ին հանդիպել են Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով չեխ խորհ...

29.04.2019
Նիստ է հրավիրել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը
Ապրիլի 29-ին նիստ է գումարել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը՝ Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ: «2018 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում...

29.04.2019
Արարատ Միրզոյանը չեխ գործընկերներին ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 29-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում` օրենսդիր մարմնի ղեկավարը վստահություն է հայտ...

29.04.2019
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...