National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.5.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.05.2019
Մեկնարկել է ՀՀ ԱԺ հերթական նիստերի աշխատանքը
1 / 9

ՀՀ Ազգային ժողովը մայիսի 7-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը, քննարկել գլխադասային հանձնաժողովների բացասական եզրակացությունն ստացած երկու օրենսդրական նախաձեռնությունները ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու վերաբերյալ հարցը:

Քննարկման արդյունքում նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվել Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, իսկ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն արժանացել է պատգամավորների հավանությանը եւ ընդգրկվել նստաշրջանի օրակարգում:

Այնուհետեւ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որն առաջին ընթերցումից հետո փոփոխության չէր ենթարկվել:

Փաթեթի հեղինակ Հովհաննես Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո արդեն նկատելի են դրական ազդակները. շատ ընկերություններ հանել են սովորողների կողմից ինքնուրույն կատարման ենթակա աշխատանքների՝ ռեֆերատների, կուրսայինների, դիպլոմայինների, ատենախոսությունների գովազդը:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Սոֆյա Հովսեփյանը, Կառավարության դրական կարծիքը՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը: Ըստ նրա՝ օրինագծերը կարեւոր, սակայն ոչ բավարար միջոցառումներ են խնդիրը կարգավորելու համար: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ Կառավարությունը մշակում է օրենսդրական եւ ենթաօրենսդրական նախաձեռնություններ, որոնք ուղղված են լինելու խնդրի ամբողջական լուծմանը:

Այնուհետեւ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Հրաչյա Հակոբյանի հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորն առաջարկում է, որպեսզի տոտալիզատորների եւ ինտերնետ շահումով խաղերի գովազդը հեռուստատեսությամբ թույլատրվի իրականացնել ժամը 22-00-ից մինչեւ առավոտյան 7-00-ը՝ ոչ ավելի, քան 3 րոպե: Ըստ այդմ՝ գովազդը հեռուստատեսությամբ չի կարող մեկ ժամվա ընթացքում երկու անգամից ավելի լինել, եւ այդ ընթացքում ընդհանուր տեւողությունը չի կարող 60 վայրկյանից ավելի լինել: Ռադիոընկերություններով գովազդն առաջարկվում է իրականացնել առավոտյան 08:00-ից մինչեւ երեկոյան 22-00: Առաջարկվում է ամբողջությամբ վերացնել արտաքին գովազդը, իսկ կայքերում թույլատրել 20 տոկոսի չափով եւ այլն: Նշվել է, որ հեռուստատեսությամբ եւ ռադիոյով տոտալիզատորների ու ինտերնետ շահումով խաղերի գովազդը չի կարող իրականացվել մանկապատանեկան հաղորդումներին նախորդող եւ հաջորդող մեկ ժամվա ընթացքում:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ծովինար Վարդանյանը:

Կառավարության դրական կարծիքն ու նաեւ առաջարկները ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը: Մասնավորապես, Կառավարությունն առաջարկել է հեռուստատեսային գովազդը հեռարձակել գիշերային ժամերին՝ 24:00-ից առավոտյան 06:00-ն: Եզրափակիչ ելույթում հեղինակն այս առաջարկն ընդունելի չի համարել:

Օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ընդհանուր առմամբ դրական դիրքորոշումներն ու առաջարկներն են ներկայացրել պատգամավորներ Գեւորգ Պապոյանը, Գուրգեն Բաղդասարյանը, Աննա Կոստանյանը, Բաբկեն Թունյանը եւ Ալեն Սիմոնյանը: Պատգամավորները կարեւորել են նշված դաշտի կանոնակարգումը, որն ինչ-որ չափով հնարավոր կլինի իրականացնել նախաձեռնության ընդունմամբ:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծի փաթեթին:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարվելու մասին» եւ կից օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: Նախարարը նշել է, որ առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են որոշ փոփոխություններ: Այսպես՝ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը վերանվանվել է Բարձր տեխնոլոգիական նախարարության, լրացվել են նաեւ այս կառույցի գործառույթները: Որոշ փոփոխություններ են կատարվել Կառավարության նիստերը դռնբաց կամ դռնփակ անցկացնելու վերաբերյալ դրույթում: Սահմանվել են ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը զբաղեցնելու չափորոշիչները: Ըստ այդմ՝ հանձնակատարի հայեցողական պաշտոնը կարող է զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, 25 տարին լրացած, հայերենին տիրապետող եւ երկու օտար լեզվի տիրապետող անձը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վահագն Հովակիմյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա առաջարկում է ԱԱԾ-ն դարձնել նախարարություն՝ խորհրդարանական վերահսկողության ներքո: Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը դեմ է ներկայացված կառուցվածքին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը բարձրաձայնել է Միքայել Մելքումյանը: Նա նշել է, որ Կառավարության՝ առաջարկվող նոր կառուցվածքը չի նպաստելու հեղափոխությունից հետո երկրի առջեւ դրված ծրագրերի իրականացմանը: Միքայել Մելքումյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու:

«Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա անդրադարձել է գործընկերների ելույթներին՝ վստահեցնելով, որ փոխվելու է գործող «սուպերվարչապետի» ինստիտուտը: Խմբակցությունն առաջարկել է օրենսդրական փոփոխություններ իրականացնել եւ ուժային կառույցների ղեկավարներին հաշվետու դարձնել Ազգային ժողովին: Սակայն, ըստ ԱԺ փոխնախագահի, ընդդիմությունն այդ առաջարկը մերժել է եւ հարցը կարգավորելու նպատակով հանդես չի եկել նոր նախաձեռնությամբ: «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու:

Եզրափակիչ ելույթներում Վահագն Հովակիմյանը եւ Արտակ Զեյնալյանն անդրադարձել են պատգամավորների հարցադրումներին, տվել պարզաբանումներ:

ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակն առաջարկում է Հայաստանի տարածքում տոհմային անասնաբուծությամբ զբաղվող տնտեսությունների կողմից Հայաստանում աճեցված տոհմային անասունների իրացումն ազատել ԱԱՀ-ից: Վարազդատ Կարապետյանի կարծիքով՝ նախաձեռնության ընդունման արդյունքում տնտեսությունները հետաքրքված կլինեն տոհմային անասուններ արտադրել եւ իրացնել Հայաստանի տարածքում:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արգիշտի Մեխակյանը: Նրա խոսքով՝ օրինագծի ընդունումը կնպաստի տոհմային անասնաբուծության եւ տոհմային փոքր ու միջին տնտեսությունների զարգացմանը, ինչպես նաեւ կապահովի տոհմաբուծության զարգացման ծրագրի շարունակականությունն ու արդյունավետությունը:

Կառավարության տեսակետը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գառնիկ Պետրոսյանը: Նա նշել է, որ գործադիրն առաջարկում է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը սահմանել միայն Հայաստանում աճեցված տոհմային կենդանի խոշոր եղջերավոր անասունների օտարման գործարքների մասով, եթե դրանք օտարվում են անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Մանե Թանդիլյանի խոսքով՝ օրենքի պահանջները տարածվում են 100.000-10.000.000 դրամի չափով սպառողական վարկերի վրա. այդ սահմանաչափից դուրս վարկերի դեպքում քաղաքացիներն ունենում են խնդիր` հնարավոր չարաշահումների հետ կապված: Նախաձեռնությամբ առաջարկվում է փոխել օրենքում գործող սահմանաչափը՝ այն տարածել մինչեւ տասնհինգ միլիոն դրամը գերազանցող կրեդիտավորման պայմանագրերի վրա:

Կառավարության եզրակացությունը ներկայացնելով՝ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել է, որ գործադիրը սկզբունքորեն դեմ չէ նախագծին: Այդուհանդերձ նա խոսել է որոշ ռիսկերի մասին: Օրենքը, ԿԲ նախագահի տեղակալի համոզմամբ, պետք է պաշտպանի միայն ֆիզիկական անձ սպառողների այն խմբերին, ովքեր չունեն բավարար մակարդակի ռեսուրսներ՝ գնահատելու իրենց ֆինանսական ռիսկերը:

Հարցուպատասխանի ձեւաչափում եւ ելույթներում օրենսդիրներն անդրադարձել են վերջին տարիներին գյուղատնտեսական, արդյունաբերական ու սպառողական վարկավորման աճի տեմպերին, ռիսկայնության չափելիությանը, վարկերի տույժ-տուգանքների զիջման դեպքերին, վերավարկավորման հնարավորություններին եւ այլ խնդիրների: Նախագիծը կարեւորվել է վարկավորմանը, կապիտալի ու բանկերի դերին, տնտեսության կողմից բանկերի ֆինանսավորմանը, փոքր վարկային կազմակերպությունների կողմից 150-200 տոկոսով վարկերի տրամադրմանն առնչվող խնդիրները բարձրաձայնելու համատեքստում: Անդրադարձ է կատարվել նաեւ նորաստեղծ բիզնեսի վարկավորման պայմաններին:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը բարձրաձայնել է Միքայել Մելքումյանը: Նա անդրադարձել է տնտեսություն-վարկեր փոխհարաբերություններին, բիզնեսի կայացման եւ զարգացման միտումներին, խոսել այդ հարցում վարկավորման գործընթացի ունեցած դերակատարության մասին:

Եզրափակիչ ելույթում Մանե Թանդիլյանն անդրադարձել է հնչած տեսակետներին:

Առաջին ընթերցմամբ Ներսես Երիցյանը քննարկման է ներկայացրել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Փորձ է արվում կարգավորել փոքր եւ միջին գյուղացիական տնտեսություններին վարկավորման գործընթացը, ինչպես նաեւ առավել խոցելի հատվածի համար ստեղծել նպաստավոր պայմաններ: Առաջարկվում է օրենքը տարածել նաեւ մինչեւ 5.000.000 դրամ գումարի չափով եւ դրան համարժեք արտարժույթով տրամադրված գյուղատնտեսական նշանակության, ինչպես նաեւ գերփոքր, փոքր ու միջին առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին տրամադրված վարկերի վրա, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Նախագիծը նաեւ անդրադառնում է սպառողների հետ հաղորդակցման կանոններին: Առաջարկվում է, որ վարկավորողի կողմից սպառողներին տրամադրվող տեղեկատվությունը վարկավորողի տարածքում նրանց հանձնելը լինի միայն այլընտրանքային տարբերակ: Եթե նույնիսկ տեղեկատվություն ստացողն ընտրի վարկավորողի տարածքում ստանալու տարբերակը, ապա վարկավորողները պարտավոր են լինելու պարտադիր ներկայացնել տեղեկատվությունը փոստով, էլեկտրոնային կապի միջոցով կամ էլեկտրոնային այլ միջոցով ուղարկել վարկ ստացողին:

Երկու նախաձեռնությունների վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Նախագծով նախատեսվում է «օրենսդրությամբ» բառը փոխարինել «ՀՀ կառավարության կողմից» բառերով, որով առաջարկվում է կառավարության որոշմամբ կանոնակարգել հարկային գաղտնիք պարունակող տեղեկությունների ու դրանք օգտագործող իրավասություն ունեցող անձանց տնօրինման կարգը:

Հարցի քննարկումը կշարունակվի խորհրդարանի մայիսի 8-ի նիստում:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:


07.05.2019
Քննարկվել են հայ-իսպանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը, հանձնաժողովի անդամ Արման Բաբաջանյանը, ՀՀ ԱԺ Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Սոս Ավետիսյանը մայիսի 7-ին հանդիպել են Իսպանիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ֆերնանդո Վ...

07.05.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումին մասնակցելու համար 2019 թվականի մայիսի 6-7-ը ներառյալ Ստեփանակերտ (Արցախի Հանրապետություն) են գործուղվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Գոռ Գեւորգյանը, Տաթեւիկ Հայրապետյանը եւ Գեւորգ Գորգիսյանը (մայիսի 6-9-ը ներառյալ): ...

07.05.2019
Խորհրդարանի հյուրն էին Սեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի աշակերտները
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 7-ին խորհրդարան են այցելել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան համար 1 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին, այցելել թանգարան: Նրանց հետ հանդիպել ե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am