Տպել
10.05.2019
Խորհրդարան են այցելել ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
1 / 9

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 10-ին խորհրդարան են այցելել Երեւանի պետական հումանիտար քոլեջի ուսանողները եւ դասախոսները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին: Ուսանողների հետ հանդիպել եւ «Բաց դաս» է անցկացրել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով մայրաքաղաքի բարելավմանն ուղղված հարցին` պատգամավորը նշել է, որ Երեւան քաղաքում առկա են մի շարք խնդիրներ՝ մասնավորապես աղբահանության, տրանսպորտի, վերելակների հետ կապված:

Էդմոն Մարուքյանը ուսանողներին հորդորել է լավ սովորել, զբաղվել ինքնակրթությամբ, դառնալ պահանջարկ վայելող մասնագետ:

Պատգամավորը նշել է, որ իրենք` որպես ընդիմադիր խմբակցություն, շարունակելու են պայքարել հանուն բարեկեցիկ Հայաստանի:

Նույն օրը ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել նաեւ Ռուս-հայկական համալսարանի ուսանողներ` «Sputnik Արմենիա» լրատվական գործակալության եւ ռադիոյի «Sputnik Pro» նախագծի մասնակիցները: Ուսանողներին հանդիպել է ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը:

Ներկայացնելով խորհրդարանի կառուցվածքն ու գործունեությունը` պատգամավորը կարեւորել է կանանց ներգրավվածությունը 7-րդ գումարման Ազգային ժողովում:

Հյուրերն այցելել են Ազգային ժողովի թանգարան: