Տպել
16.05.2019
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստն է գումարել
1 / 3

Մայիսի 16-ին Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փաստաթուղթը լրացնել նոր պարբերությամբ: Ըստ այդմ` աշխատողի տարիքը չի կարող օրինական արգելք կամ պատճառ հանդիսանալ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար, բացառությամբ այլ օրենքներով կարգավորվող դեպքերի:

Լրացման գաղափարն ընդհանուր առմամբ ընդունելի էր հարակից զեկուցողների՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանի, ինչպես նաեւ հանձնաժողովի անդամ Հերիքնազ Տիգրանյանի համար: Հարակից զեկուցողների առաջարկով, որն ընդունելի էր նախագծի հեղինակի համար, որոշվել էՀՀ ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու ներկայացնել փոփոխված ձեւակերպմամբ նախագիծ, այն է՝ աշխատանքի ընդունման հայտարարություն տալիս կամ այլ կերպ աշխատանքի հրավիրելիս չպետք է որպես պայմաններ ներկայացվեն մարդու արտաքին տեսքի, տարիքի կամ այլ՝ խտրականություն արտահայտող հատկանիշները:

Նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել, սակայն բացասական եզրակացություն է ստացել «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող Սրբուհի Գրիգորյանի տեղեկացմամբ՝ փաթեթը նպատակ ունի պաշտպանելու կենսաթոշակառուների իրավունքները. այն առնչվում է Հայաստանի տարեց այն քաղաքացիներին, որոնք տարիքի, առողջության կամ երկրում չբնակվելու պատճառներով պայմանավորված՝ չեն կարողանում տարեկան մեկ անգամ այցելել կենսաթոշակը փոխանցող բանկ: Խմբակցությունն առաջարկում է հանել բանկ պարտադիր ներկայանալու պահանջը՝ 15 տարով եւ փոխանցել կենսաթոշակը, քանի որ այն քաղաքացու սեփականությունն է, ինչպես նշվում է ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածում:

Նախագծի վերաբերյալ ՀՀ Կառավարության կարծիքը բացասական էր. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանն առաջարկել է այն հանել շրջանառությունից, քանի որ դրա ընդունումն այսօր նպատակահարմար չէ: Ըստ նրա՝ պատճառներից գլխավորը պետական բյուջեի վրա ֆինանսական մեծ բեռի ավելացումն է, ինչը կարող է էապես խաթարել համակարգի ֆինանսական կայունությունը: Բացի այդ՝ հնարավոր չէ վարչական ռեսուրսներով վերահսկել աշխարհասփյուռ ՀՀ քաղաքացիների՝ ողջ լինելու հանգամանքը:

Նախագծի վերաբերյալ դրական չէր նաեւ հարակից մյուս զեկուցողի՝ Արփինե Դավոյանի դիրքորոշումը: Նրա կարծիքով՝ փոփոխությունների ընդունմամբ` ոլորտում կավելանան չարաշահումներն ու հնարավոր չի լինի 15 տարի արդյունավետ վերահսկողություն իրականացնել:

Առաջարկ է եղել իջեցնել 15 տարվա շեմը, որը նույնպես չի ընդունել հանձնաժողովը, թեեւ այն ընդունելի էր հեղինակի համար:

Հաջորդիվ հանձնաժողովը քննարկել է հանրության շրջանում վերջերս մեծ մտահոգություններ առաջացրած Գարդասիլ-4 պատվաստանյութի արդյունավետության հարցը:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը պարզաբանել է, որ նման քննարկում կազմակերպելու եւ հակադիր տեսակետներ ունեցող մասնագետների հրավիրելու հանգամանքը պայմանավորված է ստացված նամակներով եւ քաղաքացիների մտահոգություններով: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարության պատասխանատու ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, բժիշկներ, որոնց կարծիքները պատվաստանյութի արդյունավետության եւ ազդեցության վերաբերյալ խիստ իրարամերժ էին եւ հակասական:

Քննարկման արդյունքում, ինչպես նշել են հանձնաժողովի որոշ անդամներ, առկա մտահոգությունները չեն կարող փարատվել, քանի որ կարիք կա, որպեսզի հանրությունը խնդրահարույց պատվաստանյութի, դրա ազդեցության եւ նպատակների վերաբերյալ ստանա ճշգրիտ եւ հավաստի տեղեկատվություն:

«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Գրիգորյանը, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը, բժիշկ Մարինա Խաչատրյանը եւ այլոք մի շարք տվյալներ են ներկայացրել պատվաստանյութի բացասական ազդեցությունների՝ չբերության, արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացության աճի, այլ ազդեցությունների վերաբերյալ՝ գրանցված մի շարք երկրներում: Նշվել է նաեւ, որ մեր երկրում պատվաստումները կատարվում են՝ պացիենտների առողջական վիճակը չհետազոտելով, ինչը սահմանված կարգի խախտում է:

Հակառակ տեսակետն ունեին եւ պատվաստանյութի դրական ազդեցության մասին տվյալներ են ներկայացրել բժիշկ Վահե Տեր-Մինասյանը, Երեւանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչ Արման Բադալյանը, ՀՀ առողջապահության նախարարության պատասխանատու ներկայացուցիչները, որոնցից մասնավորապես Վահե Տեր-Մինասյանի պնդմամբ՝ պատվաստանյութի շուրջառկա աղմուկը հետեւանք է մի խումբ մարդկանց գործունեության, ովքեր քննարկումը մասնագիտականից տեղափոխել են քաղաքական հարթություն՝ օգտագործելով պսեւդոգիտնականների եւ կազմակերպությունների հոդվածներ եւ կարծիքներ:

Ինչպես նշվել է քնննարկման ընթացքում, 2017 թվականից ի վեր Հայաստանում Գարդասիլ-4 պատվաստանյութով պատվաստվել է 5547 երեխա, այժմ օրական պատվաստվում է 80-90-ը: Պատվաստման ենթակա են 9-26 տարեկան քաղաքացիները: Պատվաստանյութը պապիլոմա վիրուսի դեմ է, որը, հայտնվելով մարդու օրգանիզմում, կարող է առաջացնել 6 տեսակի քաղցկեղ, որոնցից ամենաշատ տարածումն ունի արգանդի վզիկի քաղցկեղը:

Հանձնաժողովը լսել է նաեւ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանին, ով տեղեկացրել է, որ շաբաթներ առաջ Աբովյան քաղաքի դպրոցներից մեկից հնչած ահազանգը, թե երեխաներին պարտադրաբար եւ առանց ծնողներին տեղեկացնելու՝ պատվաստում են, չի համապատասխանում իրականությանը:

Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին շահագրգիռ քննարկման համար:

Հաջորդիվ հանձնաժողովը որոշում է ընդունել համատեղ նիստ անցկացնել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ՝ քննարկելու ՀՀ Հաշվեքննիչ պալատի ոլորտային ընթացիկ եզրակացությունները:


16.05.2019
Հարկային բարեփոխումների քննարկմանը մասնակցել են ԵՊՀ ուսանողները
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Հայկ Գեւորգյանն ու Գեւորգ Պապոյանը մայիսի 16-ին հանդիպել են ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի ուսանողների հետ: Քննարկման թեման մեր երկրի հարկային բարեփոխումներն էին: Առաջիկա հերթական նիստերում քննարկվելու են ՀՀ հարկային ...

16.05.2019
Դեղերի շրջանառությանն առնչվող խնդիրները քննարկվել են ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մայիսի 16-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում՝ «Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառության հետ կապված խնդիրները» թեմայով: Քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության, «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի ան...

16.05.2019
Նաիրա Զոհրաբյանն ընդունել է «Հյուման Ռայթս Ուոչ» կազմակերպության ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մայիսի 16-ին ընդունել է «Հյուման Ռայթ Ուոչ» կազմակերպության  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով բաժանմունքի փոխտնօրեն Ջեյն Բյուքենընին եւ Եվրոպայի ու Կենտրոնական Ասի...

16.05.2019
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները մայիսի 16-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար զոհված հայորդիների...

16.05.2019
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի ելույթը Վրաստանում ընթացող ՍԾՏՀ ԽՎ-ի տնտեսական, առեւտրային, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերով հանձնաժողովի 52-րդ նիստում
Հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, թու՛յլ տվեք, ՍԾՏՀ ԽՎ-ի տնտեսական, առեւտրային, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերով հանձնաժողովի անունից ողջունել այս դահլիճում գտնվող բոլոր մասնակիցներին եւ հյուրերին, վստահություն հայտնել, որ այսօրվա աշխատանքը կնպաստի մեր տարածաշրջանում համագործակցությա...

16.05.2019
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...